Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մայիսի 14-ին տեղի կունենա ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով առաջին դատական նիստը:
Սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ մեղադրանքի, նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը ղաղարեցնելու նպատակով:
Դա իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հիշյալ անձանց տվել է գումար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Իսկ ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խաչատուր Պողոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Իսկ Սամվել Հարությունյանն, ըստ մեղադրանքի, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Մեղադրանքը դատարանում կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:
Աղբյուրը` Փաստինֆո.am