▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է պատասխան տալու 33-ամյա Ատոմի մահվան համար

Ամիսներ առաջ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունը ծանուցում էր բոտուլիզմից մահացության հերթական դեպքի մասին: 
«Դեկտեմբերի 27-ին`ժամը 23.00-ի սահմաններում, Կապանի հիվանդանոցում մահացել է 33-ամյա Ատոմ Սամվելի Մարկոսյանը: Նախնական տեղեկություններով` նրա թունավորման և մահվան պատճառը պահածոյացված սմբուկն ու խավիարն են եղել»: 
Առաջին հայացքից սովորական ու հերթական թվացող այս դեպքը ամենևեին էլ սովորականներից չէ: Իրականում` կնճռոտ ու չբացահայտված հարցերը շատ են:
Այսօր էլ` ամիսներ անց, հաղորդագրությունից զատ`դեպքի մասին այլ մանրամասներ համացանցում անհնար է գտնել: Սակայն ASEKOSE.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: 
Հարազատների պնդմամբ` 33-ամյա Ատոմ Մարկոսյանը մահացել է` «Այգի» ընկերության պահածոներից: Դիահերձումից հետո դատաբժշկական փորձաքննության ադյունքները հաստատել են, որ թունավորումը եղել է լոլիկից, սմբուկից և բիբարից, սակայն Ատոմի մայրը` տիկին Գրետան, համոզված է, որ այն պահածոների տարաները, որոնք թունավորման պատճառ են հանդիսացել, անհայտ հանգամանքներում փոխվել են, փորձաքննության են ներկայացվել բոլորովին այլ տարաներ: Արդյունքում` թեև դատական պրոցեսն այսօր էլ շարունակվում է, սակայն մեղադրանք չեն կարող ներկայացնել «Այգի» ընկերության դեմ, քանի որ փոխված տարաները մաքուր են եղել` ըստ փորձաքննության արդյուքների: 
Ընտանիքն այսօր կանգնած է փակուղու առաջ: Մի կողմից տղային կորցնելու ցավալի փաստը, մյուս կողմից անելանելիությունը:
«Փաստը մնում է փաստ, որ երեխաս այսօր չկա: Ես իմ 33 տարեկան տղային կորցրել եմ: Նրա ընտանիքը քայաքայվել է, 4 տարեկան երեխան որբ է մնացել: Մենք արդեն 60 տարեկան ենք, ամուսինս հաշմանադամ է: Մեր ընտանիքի միակ աշխատողը տղաս էր: Մնացել ենք անելանելի վիճակում: Ու հիմա ոչ ոք դրա համար պատասխան չի ուզում տալ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ատոմի մայրը: 
Ատոմը մահացել է դեկտեմբերի 27-ին: Դեկտեմբերի 18-ին նա դուրս է եկել Երևանից, մեկնել է Արցախ` աշխատանքի բերումով (առաքիչ էր): Տիկին Գրետայի խոսքով` Արցախում` Ասկերանի խանութներից մեկից գնել են «Այգի» ընկերության պահածո (օրը հայտնի չէ): Տարել են տուն, տաքացրել ու կերել: Այդ ընթացքում Ատոմը որևէ գանգատ ու բողոք չի ունեցել: Այս մասին վստահեցրել է վարորդը, ով ամբողջ ընթացքում նրա հետ է եղել: Դեկտեմբերի 27-ին դեպի Երևան հետդարձի ճանապարհին վատ է զգացել: Ուժեղ սրտխառնոց է ունեցել: Վարորդը վերջինիս անգիտակից վիճակում տեղափոխել է հիվանդանոց: 
«Բժիշկները հավաստիացնում են, որ անհրաժեշտ ամեն ինչ արել են, օգնություն են ցուցաբերել: Առավոտյան ժամը 11-ին տարել են հիվանդանոց: Երեկոյան ժամը 23:00-ին մահացել է: Ես այստեղից մինչև հասել եմ Կապան, տղայիս արդեն չեմ տեսել»,- ասում  է տիկին Գրետան:
Շարունակելով մեզ ծանոթացնել գործի մանրամասներին` տիկին Գրետան հավելում է.

«Քննիչները տարաները ուղարկել են Կապան: Բայց չգիտեմ ինչու`Կապանում դեկտեմբերի 29-ից մինչև փետրվարի 13-ը դրանք փորձաքննության չեն ուղարկվել: Հունվարի 28-ին քննիչը փոխվել է: Երկրորդ քննիչը փետրվարի 13-ի դրությամբ տարաներն ուղարկել է փորձաքննության, որի պատասխանը ստացել ենք միայն մայիսի 4-ին: Համոզված եմ` ուրիշ տարաներ էին` չգիտեմ ինչ պահածոյի: Բնականաբար ոչ բոլոր տարաների մեջ կարող էր բոտուլիզմի հարուցիչ լինել: Դրանք ուրիշ էին»:
Ստեղծված իրավիճակում ընտանիքը չի պատկերացնում իր անելիքը:Հարազատները տարակուսանքի մեջ են: 
«Ոչ ոք ոչինչ չի կարող ապացուցել: Ասում են` քանի որ պահածոյի տարաները մաքուր են եղել, չենք կարող բողոքել «Այգի» ընկերության դեմ»,- շարունակում է Ատոմի մայրը:
Վերջին անգամ նա քննիչի հետ խոսել է օրեր առաջ: Սակայն իր խոսքով` ոչ մի նորութուն չկա: 
«Ես հետաքրքրվել եմ, թե «Այգի» ընկերությունը գոնե գիտի դեպքի մասին: Քննիչն ասաց, որ տեղյակ են պահել, պահածոների տարաներ են վերցրել, ուղարկել փորձաքննության: Առ այօր որևէ արձագանք չի եղել: Մեզ ոչինչ չեն ասել այդ ընկերությունից»:
Ի դեպ`Ատոմի մայրը դիմել է «Կիսաբաց լուսամուտներ»-ին` խնդրելով մի հաղորդում նվիրել այս դեպքին, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով որ ընդամենը մեկ դեպք է եղել, ապա խորհուրդ են տվել դիմել «Սուր անկյուն» հաղորդաշարին: 
«Իսկ քանի՞ դեպք պիտի լիներ»,- տարակուսում է տիկին Գրետան, ապա ավելացնում.« Ես ամեն ինչ կորցրել եմ» :
Ու այպես`ընտանիքը  սպասում է: Անորոշության մեջ սպասում է:  Ատոմի փոքրիկն էլ է սպասում….. հայրիկին:
Փոքրիկը մտածում է` հայրը Ռուսաստանում է. 
«Ինքը ինձ սիրում էր, իսկ հիմա չի սիրում, չի գալիս»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին