Մեր հայրենակից սիրված երգիչ Կարեն Բոքսյանը ծնվել է Թբիլիսիում: Երաժշտության նկատմամբ սերը վաղ մանկությունից է: Դեռ 3 տարեկանում Կարենը մանկական երգչախումբ է հաճախել, ապա նաև երաժշտական դպրոց: Իսկ 13 տարեկանում գրել է իր առաջին երգը, որը ներառված է առաջին ալբոմում: 1997-ին ավարտելով Մոսկվայի պետական երաժշտական ուսումնարանի հարվածային գործիքների բաժինը` ուսումը շարունակել է Կալիֆորնիայի Northridge ( CSUN ) համալսարանում: Երգիչը 4 ալբոմ է թողարկել, որոնք ձայնագրվել են ԱՄՆ-ում:
Armenian Music & Video Awards-ում նրա «Мама» երգի տեսահոլովակը լավագույնի կոչմանն է արժանացել: Կարեն Բոքսյանը մենահամերգներով և համերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Իսրաելում, Ուզբեկստանում... Իսկ նրա ամենահայտնի երգերը` «Ты в моей душе всегда одна», «Корабли», «Моя мечта», «Мама», «В этом городе» և «Ара вай вай», հիթեր են դարձել: Վրաստան, Հայաստան, ՌԴ, ապա ԱՄՆ... Թեև երգիչը շատ կարճ ժամանակ է բնակվել Հայաստանում, սակայն կապը հայրենիքի հետ սերտ է... Ի՞նչն է Կարեն Բոքսյանին բերում, իր իսկ խոսքով` ձգում դեպի Հայրենիք... այս և այլ հարցերի շուրջ է ASEKOSE.am-ի զրույցը նրա հետ:
-Ձեր առաջին երգը գրվել է 13 տարեկանում: Ինչի՞ մասին է այն: Հիշու՞մ եք երգի ստեղծման նախապատմությունը, առիթը…
-Այո, իրավացի եք. «Казалось им» երգի բառերն ինձ նվիրել է Լիաննա Նեստերենկոն: Եվ ավելին ասեմ` ավելի քան 10 տարի՝ իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակը հենց Լիաննան է: Առիթն օգտագործելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Վերադառնամ հարցին՝ երգի բառերն արդեն գրված էին, և մի գեղեցիկ օր որոշեցի ես ինքս երաժշտությունը գրել: Շատ անսպասելի ստացվեց: Իմ կարծիքով բոլոր հաջողություններն անսպասելի են լինում:
-Ե՞րբ է եղել Ձեր առաջին ելույթը մեծ բեմից և առհասարակ ի՞նչ է տալիս հանդիսատեսը Ձեզ:
-Առաջին ելույթս եղել է դեռ Մոսկվայում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Ես հանդես էի գալիս որպես հարվածային գործիքների կատարող: Անգամ հիշում եմ, թե համերգը որ դահլիճում էր՝ Մայակովսկու անվան թատրոնում: Այդ տարիքում իսկապես շատ կարևոր է այն ջերմությունը, որ տալիս է քեզ հանդիսատեսը, իսկ արդեն տարիների ընթացքում մենք՝ արտիստներս ենք փորձում հանդիսատեսին լավ տրամադրություն և դրական լիցքեր հաղորդել
-Դեպի հաջողություն տանող ճանապարհը երբեք հարթ չի լինում: Ի՞նչ դժվարությունների եք բախվել՝ հատկապես օտար միջավայրում: Կարո՞ղ եք առանձնացնել, թե որն է եղել ամենամեծ դժվարությունը:
-Այո, համամիտ եմ: Հանդիսատեսն ու ունկնդիրը երբեք չեն պատկերացնում, թե ինչպիսի դժվարություններով ենք մենք` արտիստներս անցնում մեր կյանքի ճանապարհը: Կյանքիս ամենադժվարին շրջանը ԱՄՆ մեկնելու տարին էր: Հաստատվելով ԱՄՆ-ում և լինելով ուսանող՝ ինչպես և շատերը, ես էլ իմ կյանքը սկսել եմ զրոյից: Չունենալով որևէ ծանոթ, բարեկամ ԱՄՆ-ում ` ես բացարձակապես միայնակ էի: Երբեք չեմ թաքցրել ու հիմա էլ կասեմ, որ միշտ հիշելու եմ , թե ինչերի միջով եմ ստիպված անցել, ինչ դժվարությունների եմ բախվել՝ սկսելով կյանքս մաքուր էջից:
Դժվարությունները կոփում ու դաստիարակում են մարդուն, և ես բացառություն չեմ: Նախ Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասում`աշխատել եմ որպես ավտոկայանատեղի հսկիչ: Ապա ծանոթներիս հրավերով սկսեցի երգել ռեստորանում` ստացածս գումարով կարողանալով հոգալ թե իմ կարիքները, թե օգնել հարազատներիս, ովքեր Հայստանում էին: Հարազատներս երկար տարիներ մտածել են, թե աշխատում եմ նվագախմբում` որպես հարվածային գործիքներ նվագող: Խենթ ժամանակներ էին...
-Բավական կարճ ժամանակ եք ապրել Հայաստանում: Ի՞նչ է տալիս հայ լինելու գիտակցումը: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում և ի՞նչն է կապում հայրենիքի հետ:
-Այո, Հայաստանում ապրել եմ մինչև 9 տարեկան դառնալս: Մենք ապրել ենք Գյումրիում` նախքան երկրաշարժը: Հրաշքով ենք փրկվել երկրաշարժից: Ու Հայաստանը հիշելիս՝ հիշում եմ Գյումրին… Գյումրին հիշելիս՝ երկրաշարժը: Երկրաշարժից հետո տեղափոխվել ենք Մոսկվա: Բայց Հայաստանում հաճախ եմ լինում՝ տարին մեկ կամ երկու անգամ՝ պարտադիր: Հայրենիքս հետ ինձ կապում է ամեն ինչ. նախնիներիս շիրիմները, հայրենի հողն ու ջուրը և իհարկե իմ ժողովուրդը, ում կարոտում եմ միշտ: Սիրում եմ զբոսնել Երևանում: Յուրահատուկ զգացողություններ ունեմ, ինչ-որ ձգողական ուժ կա.. Դժվար է բառերով փոխանցել զգացածս:
-Երկրպագուներին միշտ էլ ավելի շատ հետաքրքրում է սիրելի երգչի անձնական կյանքը, ո՞վ է Ձեր երգերի հերոսուհին:
-Ես սիրառատ տղամարդ եմ (ծիծաղում է) ու, բնական է, որ ժամանակ առ ժամանակ իմ կյանքում եղել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, և հենց նրանց օգնությամբ եմ ես ոգեշնչվել ու ստեղծագործել:
-Իսկ կարևորու՞մ եք, որ Ձեր ընտրյալը հայուհի լինի:
-Միանշանակ, այո: Այլ տարբերակ լինել չի կարող:
-Հետևու՞մ եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հատկապես շոու բիզնեսի նորություններին: Եթե այո, Ձեր գնահատականը:
- Բնականաբար, քանզի ես ինքս մի փոքրիկ մասնիկն եմ այդ ամենի: Բայց եթե անկեղծ լինեմ, պիտի նշեմ, որ Հայաստանում կա փոքր բիզնես և չկա շոու:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Այս պահին պատրաստվում եմ նոր տարվա երեկոյին: Գեղեցիկ համերգային երեկո է ծրագրված: Ինձ հետ միասին հանդես կգան նաև իմ ընկերները՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և բոլորս միասին կփորձենք յուրահատուկ ծրագրով հանդես գալ: Հուսով եմ հանդիսատեսը, ում համար ադ ամենը սիրով արվում է, կգնահատի: Նոր տարվա համերգից հետո նաև փետրվարի 14-ին` սիրաարների տոնի առթիվ ևս համերգային ծրագրով հանդես գալու պլաններ կան: Ապա կսկսեմ մտածել նոր երգի մասին, որը, հավանաբար, զուգերգ կլինի: Ծրագրերս շատ են: Մնում է ուժ և աշխատասիրություն` դրանք իրականացնելու համար: Քանի որ խոսեցինք ամանորից, թեև շուտ է, բայց կուզենայի առիթից օգտվելով շնորհավորել Հայաստանում ապրող բոլոր հայրենակիցներիս` նոր տարվա կապակցությամբ: Իսկ Ձեր ստեղծագործական թիմին միայն լավ և դրական լիցքեր գալիք տարվա ընթացքում:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան