Չնայած այն բանին, որ Անի Երանյան և Մովսես Երեմյան զույգին իրական կյանքում միմյանց կապող օղակ այլևս չկա, դա չի խանգարում նրանց հանդես գալ նույն ֆիլմում, ավելին` մարմնավորել սիրահար զույգի:
Շուտով մեծ էկրաններին կհայտնվի «Խաղ իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմը, որը կատակերգական ժանրում է, օրիգինալ է և հագեցած է սցենարային հետաքրքիր լուծումներով:
Asekose.am-ի թղթակիցը ֆիլմի պրոդյուսերից՝ Սարգիս Սեպուհյանից, ում համար, ի դեպ, այս ֆիլմն առաջին լուրջ աշխատանքն է, փորձեց պարզել, թե ինչպե՞ս է ստեղծվել ֆիլմը նկարահանելու գաղափարը, ո՞րն է ֆիլմի նպատակը, ովքե՞ր են նկարահանվել ֆիլմում :
Պրոդյուսերի հավաստմամբ՝ հայաստանյան ֆիլմերի «շուկայում» զգալով կատակերգական ֆիլմերի պակասը, ցանկություն է ունեցել մարդկանց դժվար կյանքը մի փոքր հեշտացնել` ժպիտ պարգևելով նրանց:
«Որոշեցի ու արեցի»,-ասեց Սարգիսը և ավելացրեց, որ երբևէ Հայաստանում նման սցենարով ֆիլմ չի եղել: Նրա խոսքերով՝ այն տիպիկ հայկական չէ, այն ավելի շատ նման է արտասահմանյան կատակերգական ժանրի ֆիլմի, որը զուրկ է հայկական հոգեբանությունից. երիտասարդական, ուրախ և ազատ ֆիլմ է:
«Խաղ իմ կանոններով ֆիլմը» սիրո մասին է, որտեղ եղած գլխավոր վեց կերպարներից ամեն մեկն ունի իր ասելիքը, որտեղ եղած հումորի մեջ կա և սարկազմ, և, միևնույն ժամանակ, լրջություն, և ամենակարևորը, այն մեծ դաստիարակչական դպրոց է յուրաքանչյուրի համար:
Չցանկանալով բացել բոլոր գաղտնիքները՝ Սարգիս Սեպուհյանը նշեց միայն, որ ֆիլմում գլխավոր դերակատարը` Մովսես Երեմյանը, <<գրազ>> գալով, որ կարող է գրավել գլխավոր հերոսուհու՝ Եվայի սիրտը, ում մարմնավորել է դերասանուհի Անի Երանյանը, ընկնում է իր իսկ սարքած ծուղակի մեջ: Եվան էլ, իր հերթին իմանալով գրազի մասին, խաղում է հենց իր կանոններով և հենց այդ պատճառով էլ, ֆիլմը կոչվում է «Խաղ իմ կանոններով»:
Իսկ այն հարցին, թե ո՞րն է ֆիլմի գլխավոր նպատակը, Սարգիսը պատասխանեց.
«Մենք ցանկություն ունեինք ցույց տալու, որ ամեն լավ բան այս կյանքում պատահական է լինում, և որ ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ վայրկյանին իր հետ ինչ կլինի: Այդպես լինում է հենց մեր ֆիլմում մեր գլխավոր հերոսուհու հետ:
Իսկ թե արդյո՞ք Անի Երանյան և Մովսես Երեմյան զույգի ընտրությունը հատուկ արված PR քայլ էր, Սարգիսը պատասխանց.
«Հենց սկզբից ֆիլմի սցենարիստը՝ Անուշ Պետրոսյանը, սցենարը գրելիս գլխավոր հերոսուհու դերում պատկերացրել է Անի Երանյանին, որի կերպարը ակնհայտ տարբերվում է այն բոլոր կերպարներից, որոնց մինչ այսօր մարմնավորել է Անին: Հեռուստադիտողը երբեք Անիին նման կերպարում չի տեսել և չի էլ կարող պատկերացում ունենալ, որ Անին կգնար այնպիսի քայլերի, կնկարահանվեր այնպիսի տեսարաններում, որոնցում նկարահանվել է այս ֆիլմում: Ավարտելով ֆիմի նկարահանումները՝ մենք հասկացանք, որ ավելի լավ Եվա, ինչպիսին որ Անի Երանյանն էր, մենք գտնել չէինք կարող: Իսկ Անիի զուգընկերոջ դերում շատ թեկնածուներ են եղել, և նույնիսկ արդեն նրանցից ընտրվել էր մեր հայտնի դերասաններից մեկը, սակայն նրա զբաղվածության պատճառով, գործն այդպես էլ ավարտին չկարողացանք հասցնել: 10 օր տևած քասթինգից հետո, վերջապես ընտրվեց Մովսես Երեմյանը, ով նկարահանման հրապարակում շատ պատահական հայտնվեց՝ ընկերոջն այցելելու նպատակով»:
Արդյո՞ք զույգի անձնական հարաբերությունները երբևէ ազդել են նկարահանումների ընթացքի վրա, Սարգիսն ասաց, որ նրանք նույնիսկ մտավախություն են ունեցել, որ Անի Երանյանը, իմանալով Մովսես Երեմյանի՝ նույն ֆիլմում նկարահանվելու լուրը, պարզապես կհրաժարվի նկարահանվել ֆիլմում: Սակայն, ի զարմանս բոլորի, եղել է ճիշտ հակառակը:
«Անին պրոֆեսիոնալ է և նրա համար ընդհանրապես կարևոր չէր, թե ով կնկարահանվեր իր հետ, լիներ դա Մովսեսը, թե մեկ այլ դերասան»,- ավելացրեց Սարգիսը:
Այն բոլոր էժանագին խոսակցությունները, որոնք մամուլում տարածվեցին Անի Երանյան և Մովսես Երեմյան զույգի հետ կապված, զայրացրել և խանգարել է նրանց նկարահանումներին: Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնիսկ հայտարարել էր, որ դադարեցնում է ֆիլմի նկարահանումների աշխատանքը խուսափելու համար լրագրողների ներկայությունից:
«Խաղ իմ կանոններով» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 8-ին, որից հետո նախատեսվում է ֆիլմը ցուցադրել Հայաստանի մարզերում, իսկ դրանից հետո՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Իսկ թե արդյո՞ք որոշ ժամանակ անց նրանք կհետևեն գրեթե բոլոր ֆիլմերի օրինակներին, և այն կցուցադրեն նաև հեռուստատեսությամբ, Սարգիս Սեպուհյանը հստակ պատասխան տալ չկարողացավ:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան