Պատմությունս մի իրադարձության մասին է, որը տեղի ունեցավ Մ.Թ. 2013 թվականի իններորդ ամսում և լայն շրջանակների համար հայտնի չդարձավ. Հայաստանի պետական բալետը հրավեր ստացավ ելույթ ունենալու «Կատարա» մշակութային ավանում։ «Կատարա» մշակութային ավանը գտնվում է Դոհայում, վերջինս Քաթարի Էմիրության մայրաքաղաքն է։ Քաթար պետությունը գտնվում է Կատար թերակղզու վրա, այն էլ իր հերթին կազմում է Արաբական թերակղզու արևելյան մասը։ Այստեղ շոգ է, շատ շոգ է: Շոգ է ու տոթ, քանի որ կլիման չոր անապատային է, իսկ թերակղզին ողողում են Պարսից ծոցի տաք ջրերը։ Կյանքը Քաթարում առանց օդորակիչների դժվար է պատկերացնել։ Հյուրանոցում բացում ես սառը ջրի ծորակը և եռման ջուր է հոսում։ Փորձեցի դրսում լուսանկարել, օբյեկտիվս վայրկենապես պատվեց գոլորշիով։ Երեկոյան զբոսանքի ընթացքում 15 րոպե քայլելուց հետո ամբողջովին պատվում ես քրտինքով, օրվա ընթացքում կերածդ ուտելիքը, կարծես, սկսում է ստամոքսիտ մեջ փտել։Քաթարի էմիրությունը զբաղեցնում է մոտ 11400 կմ2 տարածք, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետության ⅓-ը: Նավթի և գազի ահռելի պաշարների շնորհիվ երկիրը շատ հարուստ է. Գազի պաշարներով Քաթարը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը. բենզինի մեկ լիտրի գինը 20 ամերիկյան սենթ է, երբ Հայաստանում այն յոթ անգամ թանկ է։ Ընդամենը երեք-չորս տասնամյակ առաջ այստեղ անապատ էր, բնակչությունը չէր գերազանցում հարյուր հազարը։ Այսօր Քաթարի բնակչությունը հասնում է երկու միլիոնի։ 1971թ.-ին Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո երկրի ողջ հարստությունը սկսվեց օգտագործվել էմիրության բարգավաճման նպատակներով։ Քաթարի իշխանությունները նավթի ու գազի առևտրից գոյացած անհամար գումարները ուղղում են ոչ միայն բարձրահարկ շենքերի, վիլլաների ու շքեղ հյուրանոցների կառուցման վրա, այլև շատ կարևորում են մշակութային զարգացումը։ Քաթարը նպատակ ունի դառնալու արևելքի և, գուցե նաև, ողջ աշխարհի մշակութային կենտրոն ու, հաշվի առնելով այն փաստը, որ փողն է ծնում ուժ, իսկ ուժը ծնում է իրավունք, այդ նպատակը դժվար հասանելի անվանել չի կարելի։ 2010թ.-ից գործում է «Կատարա» մշակութային ավանը, այն զբաղեցնում է ավելի քան 1.000.000 մ2 տարածք։ Այստեղ են գտնվում գերժամանակակից սարքավորումներով հարուստ կինոթատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ, ամֆիթատրոն, օպերային դահլիճ, բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ, ի դեպ ամենահայտնի ռեստորանը «Մամիկ» հայկական հացատունն է։ Տարվա ընթացքում աշխարհի լավագույն թատերական խմբերը, օպերային, ջազային ու էստրադային կատարողները ելույթ են ունենում այստեղ։
Ակնարկի շարունակությունն ու լուսանկարների շարքը` Նարեկ Բախտամյանի անձնական կայքում