Asekose.am-ի թղթակիցը զրուցել է հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանի հետ` իրեն ուղղված վիրավորական գրառման վերաբերյալ: Նշենք, որ հրապարակման հեղինակը ոչ միայն անձնական վիրավորանքներ է հղել հումորիստին, այլև կասկածի տակ է դրել նրա նոր նախագծի` «Արի պայմանվորվենք»-ի իրական, ոչ խաղարկային լինելը:
Արմենի խոսքերով` ինքն արդեն 22 տարի այս ոլորտում աշխատելով երբևէ չի արձագանքել ստեղծագործական գործունեությանը վերաբերող քննադատությանը, սակայն նմանատիպ անձնական բնույթի գրառումներին չի կարող չպատասխանել.
«Երբ ասել են հաղորդումը վատն է կամ լավն է, նորմալ եմ վերաբերել, սակայն երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա, որ ինչ-որ մի ոչնչություն և ճիճու ինձ անձնապես վիրավորի: Ինքն ուղղակի այնքան «անասուն» է, որ չի հասկանում, որ ես ունեմ 3 երեխա, իսկ իմ աղջիկը 12 տարեկան է և կարող է կարդալ նմանատիպ գրառումները: Եթե ես դրա հեղինակին իր իսկ ծնողների մոտ ապտակեմ, վստահ եմ իրեն լավ չի զգա դրանից»:
Հումորիստ-դերասանն անդրադարձավ նաև խնդիրը դատական ատյաններում լուծելուն.
«Ես դրա ժամանակն ուղղակի չունեմ, սակայն կուզեի դիմել այդ քայլին: Կարծում եմ դրանից հետո այն մարդիկ, ովքեր նստում են իրենց տանը և համակարգչի առաջ իրենց թույլ են տալիս նման բաներ գրել, պատժվելուց հետո կհասկանան, որ նման բաներ ուղղակի չի կարելի անել: Ինքս սահմանափակվել եմ նրա անձնական էջին նամակ գրելով, սակայն հեղինակը դեռևս չի պատասխանել: Եթե տղամարդկություն ունենա կգտնի ինձ: Մենք Հայաստանում ենք ապրում, թասիբ և պատիվ ունենք, թող նման բան գրելու փոխարեն, զանգեր և հեռախոսով ասեր դա: Բայց չի անի, որովհետև վախում է, որովհետև գիտի, որ իր ասածի համար կպատժվի: Պետք չէ խոսքեր շռայլել, որոնց համար չես կարող պատասխան տալ: Եվ ի վերջո, նման գրառումներով չի կարելի հեռուստադիտողին շփոթեցնել, որովհետև մարդիկ կարող են դրանց հավատալ»:
Ըստ Արմենի` իրեն այս պարագայում ոչ միայն գրառման հեղինակն է զայրացնում, այլև այն կայքերը, որոնք, ընտրելով «Բլեֆի Մենչը իր կարճ խելքով մեզ բոլորիս էշի տեղ է դրել» վերնագիրը, ևս հրապարակել են այդ գրառումը.
«Եթե հեղինակը ոչ մի բան չի հասկանում, գոնե կայքերը չեն գիտակցո՞ւմ, թե ինչ են տեղադրում: Չի կարելի ուրիշի հաշվին գումար աշխատել: Ամեն իրականությանը չհամապատասխանող լուրը հանրությանը ներկայացնելը սխալ է: Վերնագրերին պետք է ուշադրություն դարձնել»:
Հոմորիստ-դերասանի կարծիքով այս տեսակ գրառումը դժվար թե որևէ մեկի պատվերով լիներ.
«Ես չեմ ուզում մտածել, որ սա կարող է պատվիրված լինել: Չգիտեմ ինքն է որոշել կամ գուցե իրեն ասել են նմանատիպ մի բան գրել, որպեսզի կարողանան լայք հավաքել կամ դիտումներ ունենալ, չգիտեմ… Ողղակի կասեմ, որ մարազմ է, որ այդ տարիքի տղան հեռուստատեսության մասին նման բան է գրում»:
Իսկ վերջում զայրացած հումորիստն իր միտքը սահմանափակեց Մարկ Սաղաթելյանին հիշատակելով.
«Լուսահոգի Մարկ Սաղաթելյանն իր կենդանության օրոք հաճախ էր քննադատվում: Միայն կասեմ, որ նրա մահից հետո միանգամից սկսեցին գրել` «գնաց, հեռացավ» և նմանատիպ այլ բաներ: Ստացվում է` գնա մեռի արի սիրե՞մ: Չեմ կարողանում հասկանալ, երբ մարդը ողջ է, պետք է վատ բաներ գրե՞լ և հակառա՞կը»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան