Ապրիլի 7-ին` մայրության և գեղցկության տոնին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի է ունենալու ամերիկահայ երգիչ Կարեն Բոքսյանի մենահամերգը, որի միջոցով երգիչը փորձելու է իր անկեղծ շնորհավորանքը, սերն ու ջերմությունը փոխանցել բոլոր մայրերին և աղջիկներին: Համերգի ընթացքում հնչելու են Կարենի հին և նոր ստեղծագործությունները, որոնցից հայ հանդիսատեսին առավել հայտնի են «Мама», «Ара вай вай», «Корабли», «Душа» և այլ երգեր:
Այդ օրը Կարեն Բոքսյանը իր կատարումներով և երկար սպասված հանդիպումով փորձելու է իր կարոտն առնել հայ երկրպագուից, ով ըստ նրա` միշտ առանձնացել է իր համար:
Հիշեցնենք, որ Կարեն Բոքսյանը երկար տարիներ աշխատելով և ստեղծագործելով` հասցրել է թողարկել 4 ձայնասկավառակ, հաղթող ճանաչվել «Armenian Music Awards»-ում, ինչպես նաև ունենալ բազմաթիվ համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր ծայրերում:
Տեղեկացնենք, որ ապրիլի 13-ին երգիչը հյուրընկալվելու է Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդմանը, որտեղ կխոսի հայրենիքի հանդեպ իր սիրո և կարոտի, ԱՄՆ-ում ունեցած իր դժվարին կյանքի, իր նոր ստեղծագործությունների ստեղծման, հայերեն լեզվով երգեր ունենալու մտադրության, իրեն առավել ճանաչված դարձնելու միտումների և ներկա պահին իր կողքին գտնվող հայուհու մասին: