▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիա Զախարյանը Անի Երանյանի ստվերում մնալու, լուրջ կերպարներ մարմնավորելու և կողքին սիրելի ունենալու մասին

Վերջերս նկարահանած ֆիլմերից մեկում իր կանոններով խաղացող դերասանուհի Լիա Զախարյանը հայտնվելով էկրաններին` կարողացավ գրավել հեռուստադիտողին անկեղծ լինելով և անձնական կյանքը փակ չպահելով:  Ֆիլմում և սերիալներում մարմնավորելով միայն ուրախ և թիթիզ աղջկա` այսօր նա իր ուժերը փորձում է արդեն թատրոնում և ավելի լուրջ կերպարներում, ինչպես նաև պատրաստվում է ստանալ պրոֆեսիոնալ կրթություն` ասելով, որ այդ ձևով կխուսափի ավելորդ բամբասանքներից: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ` «Խաղ իմ կանոններով» գեղ. ֆիլմի ընթացքում հանդիպած դժվարությունների, Անի Երանյանի ստվերում մնալու,  իր հետագա անելիքների, երկրպագու-դերասան անկեղծ կապի, և վերջապես, ներկայումս սիրելի ունենալու մասին:

Մի քանի սերիալներում նկարահանվելուց հետո ուժերդ փորձեցիր  «Խաղ իմ կանոններով» կատակերգական ֆիլմում:Մարմնավորելով գլխավոր դերակատարներից մեկին` ի՞նչ քաղեցիր քեզ համար որպես դերասանուհի, ում համար սա առաջին փորձն էր: 

Այո, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, սակայն իմ կերպարի ակտիվությունը ինձ հոգեհարազատ էր: Ես նման կերպարով առաջին անգամ չէ, որ  հանդես եմ գալիս, ինչն էլ բավական հեշտացրեց իմ աշխատանքը: Ֆիլմում իմ հերոսուհու ընտրության համար մի քանի քասթինգներ են անցկացվել. ընտրությունը մեծ էր և քանի որ բազմաթիվ հավակնորդներից ընտրվեցի ես, պետք էր ամեն կերպ արդարացնել և կարող եմ ասել, որ արդարացրեցի ֆիլմի ստեղծագործական անձնակազմի սպասումները: Աշխատել եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բացի դրանից ստացել եմ ֆիլմի սցենարիստի, ռեժիսորի և խաղընկերներիս աջակցությունը: Շատ բաներ եմ սովորել` կապված թե դերասանական խաղի, թե նկարահանման գործընթացի և թե ինչպես պետք է ինձ ճիշտ դրևսորեմ որպես դերասանուհի :

Արդյո՞ք նկարահանումների ընթացքում կանգնել ես դժվարությունների առջև, որովհետև եթե սերիալում դերասանը ինքնըստինքյան  ժամանակ ունենում է  իրեն ավելի լավ դրսևորելու, ապա գեղ. Ֆիլմում այդ հնարավորությունը չկա: 

Ունեցել եմ թեթևակի դժվարություններ, որոնք վերաբերել են սիրային տեսարաններին, քանզի ես առաջին անգամ պետք է մարմնավորեի սիրահարված թիթիզ աղջկա ու դա այն դեպքում, երբ ես չեմ տիրապետում իտալերեն լեզվին: Փորձում էի ձեռքերով, դեմքի միմիկաներով խաղալ խաղընկերոջս հետ: Այլ դժվարություններ չեմ ունեցել, քանի որ նախքան նկարահանումները մեզ մոտ նախապատրաստական փուլ է եղել: 

Ինչպես սերիալներում, այնպես էլ ֆիլմում քեզ բաժին հասավ երես առած, թիթիզ աղջկա կերպար, ով ամեն կերպ փորձում է ամուսնանալ իտալացի տղայի հետ: Կարծես թե ռեժիսորները և պրոդյուսերները  միայն այդ կերպարում են քեզ տեսնում (չմոռանանք նաև Yere1 հումորային նախագծի մասին): Ըստ քեզ` ինչո՞ւ: Գո՞ւցե այլ կերպար չեն վստահում, թե ուղղակի դա քեզ մոտ շատ լավ  է ստացվում, որովհետև ինչպես մեկ անգամ նշել ես, դու ինքդ բնավորության որոշ գծերով նման ես մարմնավորածդ կերպարներին:

Ոչ, չեմ կարծում, որ այստեղ չվստահելու հարցն է, քանի որ ռեժիսորները, ովքեր աշխատել են կամ աշխատում են ինձ հետ, արդեն ծանոթ են իմ կարողություններին և շնորհքին: Պարզապես, ինչպես դուք նշեցիք, ինձ մոտ հումորը, ակտիվությունը լավ է ստացվում և ես դեռ դա եմ հասցրել  մատուցել հանդիսատեսին և սիրվել նման կերպարով: Ներկայումս ավելի շատ կատակերգական ֆիլմեր են նկարահանվում և նման դերի պահանջարկը եղել  է, բայց եթե այլ կերպարի պահանջարկ լիներ և ես կրկին մասնակցեի անցկացվող քասթինգին, կարծում եմ` ինձ մոտ նույնպես կստացվեր ու ես կանցնեի քասթինգը: Բազմիցս ինձ փորձել եմ տարբեր կերպարներում, տարբեր հոգեվիճակներում և տրագետիկ կերպարներում և ուզում եմ նշել, որ նման դեպքերում էլ կարողանում եմ ինձ շատ լավ դրսևորել:

Նշել ես, որ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը  իր մեջ պարունակում է նաև դաստիարակչական տարրեր: Այս դեպքում, եթե փորձենք վերլուծել, ապա Անիի կերպարում ո՞րն է կրթող և դաստիարակող տարրը:

Անիի կերպարում որպես դաստիարակչական տարր հանդիսանում է խաբեությունը, նաև այն, որ ես մերժում եմ իտալացի ընկերոջս հետ գիշեր անցկացնել: Որպես հայ աղջիկ, անկախ նրանից` իմ հերոսուհին թիթիզ է, անգրագետ, կողակիցը հայ է, թե իտալացի, միևնույնն է, նա պահպանում է իր ավանդական արմատները և ասում, որ միայն ամուսնությունից հետո իրենք կլինեն միասին: Ինչպես նաև ինձ համար դաստիարակչական է համարվում այն, որ Անին իր ընկերոջը սկսեց սիրել անկեղծ ու  արդեն չէր պատրաստվում պարզապես ամուսնանալ Իտալիայից եկած տղայի հետ: 

Մարմնավորելով գլխավոր դերակատարներից մեկին` ֆիլմի պրեմիերայից հետո կարծես թե դու և Արթուր Սահակյանը ԱՆի Երանյան և Մովսես Երեմյան զույգի  շնորհիվ մղվեցիք երկրորդ պլան: Նույնիսկ հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ֆիլմի պրոդյուսերը չէր զլանում մի քանի անգամ նշել, որ գխավոր դերակատարները դուք չեք: Արդյո՞ք հոգու խորքում ստվերում մնալուց չեք նեղսրտել:

Նախ հումորային հաղորդման ժամանակ պրոդյուսերի խոսքերը եղել են ոչ թե պրեմիերայից հետո, այլ պրեմիերայից առաջ: Ֆիլմի ցուցադրումից հետո բոլորին պարզ դարձավ, որ չկա առաջին և երկրոդ պլան զույգերի մեջ, պարզապես բառերի սխալ ընտրության խնդիր կար, քանի որ նշվեց, որ ներկա չեն գլխավոր դերակատարները, այլ ընդամենը պետք է նշվեր, որ տվյալ հաղորդմանը ներկա չէին հերոսուհին և հերոսը: Այդ իսկ պատճառով միգուցե կարծիք ստեղծվի, որ մենք գլխավոր դերակատարներից չենք, այլ պարզապես էպիզոդիկ կերպարներ ենք: Ինչու վատ չզգացի, որովհետև նախ հասկացա, որ դա միտումնավոր չէր ասված, երկրորդն էլ գիտեի, որ ֆիլմը շուտով էկրաններին կլինի և բոլորն էլ կտեսնեն մեր գործողությունները և դերի կարևորությունը:

Եթե նախկինում քեզ սիրավեպ էին վերագրում երգահան Արման Անտոնյանի հետ, ապա «Խաղ իմ կանոններով» ֆիլմից հետո սկսեցին ասեկոսեներ պտտվել, որ  հանդիպում ես ֆիլմում սիրեցյալիդ մարմնավորող` Արթուր Սահակյանի հետ: Ի տարբերություն առաջին դեպքի` այս անգամ հերքել ես լուրերը: Չես կարծո՞ւմ, որ այդ խոսակցություններին նպաստել են նաև ֆիլմում առկա մի փոքր անկեղծ տեսարանները, իհարկե, սա նշում ենք հաշվի առնելով հայկական բնավորությունը:

Բնականաբար, բամբասանքները, լուրերը տարածվում են նկարների միջոցով, իսկ սոցցանցերում հայտնվեցին բավական ջերմ, մտերմիկ լուսանկարներ, որոնք արված էին ֆիլմի ընթացքում սիրային անկեղծ տեսարանների  ժամանակ, ինչն էլ բուռն խոսակցությունների առիթ հանդիսացավ: Ես և խաղընկերս սիրային զույգ էինք մարմնավորում, ունեինք անկեղծ տեսարաններ և մտերիմ նկարներ, միայն այդքանը:

Իսկ արդյո՞ք նեկայումս Լիա Զախարյանի սիրտը զբաղված է:

Ոչ, ներկայումս Լիա Զախարյանի սիրտն ազատ է:

Քեզ փորձում ես միանգամից մի քանի բնագավառներում: մասնագիտությամբ լեզվաբան լինելով` ներկայումս թատրոնում խաղալու փորձեր ես անում: Առհասարակ, մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ հաճախ են քննադատվում, ի՞նչ ես կարծում, որքան էլ որ ստուդիաներից մեկում մասնավոր դասըթնացների ես հաճախում, միայն բնատուր տաղանդի վրա ապավինելով կկարողանաս թատրոնում լիարժեք հանդես գալ

Նախ ասեմ, որ միայն բնատուր տաղանդով չէ, որ առաջնորդվում եմ: Մեր ստուդիայում բավականին լավ խորացված և մասնագիտական դասընթացներ են անցկացվում, կարող եմ որպես օրինակ բերել թատրոնում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող դերասանների կողմից անցկացվող դասընթացները և, բացի դրանից, ես պատրաստվում եմ սովորել կինոյի և թատրոնի պետական համալսարանում՝ նախ առաջնային ինձ համար, և հետո նրա համար, որ մարդիկ չմտածեն` թերի կրթություն ունեմ: Շատ հաճախ եմ այցելում թատրոն, գտնվում նրա ներսում, ներքին միջավայրում, ինչպես նաև զբաղվել եմ մնջախաղով` սովորելով ու պարապելով մնջախաղի թատրոնում:

Դու այն հայտնիներից ես, ով չի խուսափում խոսել իր դժվար մանկության և անձնականի մասին: Անկեղծացել ես` պատմելով, որ ծնողներիդ` միմյանց կողքին չլինելու պատճառով չես ճանաչել քրոջդ, ում հետ ծանոթացել ես վերջերս, խոսել ես ծնողներիդ բաժանության մասին, քո ֆեյսբուքայն էջում ժամանակ առ ժամանակ գրառումներ ես անում, որոնցից մեկում հայտնել ես տատիկիդ մահվան մասին: Կարծես խնդիր չես տեսնում երկրպագուներիդ հետ կիսվելու հարցում, սա մտածված քա՞յլ է, թե՞ այդպես ստացվում է:

Իրականում սիրում եմ մտածված գործել, քայլ անելուց առաջ երկար բարակ մտածել, բայց ինչ վերաբերում է անկեղծությանս, մարդկանց հետ կիսվելուս և սեփական բացահայտմանս, ապա ասեմ, որ դա մտածված չէ: Ես պարզապես այդպիսինն եմ: Եթե գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են ինձ, իմ աշխատանքը, ովքեր անհանգստանում են ինձ համար ու ես վստահում եմ նրանց, ապա ինչ էլ պատահի ինձ հետ, ես նրանց հայտնում եմ, նրանց հետ կիսվում: Իկարկե, հարկ եղած ժամանակ ստանում եմ նաև այդ նույն մարդկանց աջակցությունը: Դա ինձ համար իսկապես հաճելի է և շատ ողջունելի: Շնորհակալ եմ, որ նրանք կան իմ կյանքում:

Եվ վերջում, բացի սերիալներում, ֆիլմերում նկարահանվելուց, թատրոնում խաղալուց  էլ ո՞ր ասպարեզում կարող ենք տեսնել Լիա Զախարյանին կամ հենց Լիա Զախարյանն ուրիշ ո՞ր ասպարեզում  է իրեն տեսնում:

Քանի որ ես երրորդ մասնագիտությամբ դիվանագետ եմ, հնարավոր է, որ ապագայում` ավելի հասուն տարիքում, տեսնեք դեսպանի պաշտոնում:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին