▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր երգ Քրիստինե Պեպելյանի կողմից` նվիրված իր կորցրած ընկերներին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր  Instagram-ում տեղադրել է նոր լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ դրանք արված են նկարահանման հրապարակից:

«Նոր տեսահոլովակ»,- լուսանկարները մակագրել է երգչուհին:

Aseksoe.am-ի թղթակիցր փորձեց կապվել երգչուհու հետ` պարզելու, թե որ երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակը, երբ հնարավորություն կլինի դիտելու այն, և, առհասարակ, նրա հետագա անելիքների մասին:

Asekose.am-ի հետ զրույցում Քրիստինեն նշեց, որ տեսահոլովակը նկարահանվել է նոր երգի հիման վրա, որը կոչվում է «Իմ ընկեր»:

«Երգը ընկերության մասին է, իսկ տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է իրենից ներկայացնում, ինչն ահռելի աշխատանքի արդյունք է» ,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստինե Պեպելյանը:

Նշենք, որ երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը: Նկարահանումները իրականացվել են Երևանում և Սևանում:

Այն հարցին, թե ինչո՞ւ երգչուհին որոշեց հենց այս երգը վերածել տեսահոլովակի, Քրիստինեն պատասխանեց.

«Ճիշտն ասած երգը նոր է, դեռ ոչ ոք չի լսել այն: Ինքս շատ սիրում եմ այս ստեղծագործությունը և միշտ ցանկություն եմ ունեցել ընկերության մասին որևէ երգ ունենալ: Կոնկրետ որևէ պատճառ չկա, ուղղակի որոշեցի, որ այս պահին ամենանպատակահարմար երգը հենց սա էր» :

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին ավելացրեց նաև, որ երգը մի փոքր տխուր թեմայով է, և որ այն նվիրում է իր բոլոր կորցրած ընկերներին:

«Այս երգով ուզում էի մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել իրենց ընկերության ու դրա արժեքի մասին: Երգը փոքր ինչ տխուր բովանդակությամբ է, և կցանկանայի այն նվիրել ոչ թե ընկերներիս, այլ իմ սիրելի ու թանկ կորցրած ընկերներին, որովհետև, կարծում եմ` ամեն մարդ իր կյանքում դժբախտաբար ունենում է պատմություն, երբ կորցնում է իր հարազատ ընկերոջը: Ինքս իմ ընկերներին եմ հիշել այս երգի ժամանակ և երգել եմ իրենց համար: Ուզում եմ, որ մարդիկ նույնպես այս երգը նվիրեն հեռացած ընկերներին, իսկ իրենց կողքին գտնվողներին` թանկ պահեն» ,- իր խոսքը եզրափակեց Քրիստինե Պեպելյանը:

Տեղեկացնենք, որ «Իմ ընկեր»  տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մայիս ամսվա վերջին:

Իսկ այն հարցին, թե հետագա ի՞նչ ծրագրեր ունի, Քրսիտինեն նշեց, որ պատրաստվում է իր մի քանի կիսատ թողած երգերը կյանքի կոչել, ինչպես նաև նշեց, որ մի քանի ամիս դեռ մտադիր չէ ներկայացնել նոր տեսահոլովակ և որ այժմ անհամբեր սպասում է «Իմ ընկեր» տեսահոլովակի պրեմիերային:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին