Ֆարրելլ Ուիլյամսի «Happy» երգը կարծես թե դարձել է գրեթե բոլոր երկրների ժողովրդի այցեքարտը` ցույց տալու իրենց ուրախությունը: Հայաստանը ևս բացառություն չէ: Արդեն նկարահանվել է նմանատիպ երկու տեսահոլովակ, որոնց հաջորդել է ևս մեկը: Վերջին տեսահոլովակում իրենց մասնակցությունն են ցուցաբերել աշխարհահռչակ գեղանկարիչ Բրունո Բրունին, մոդել և հեռուստահաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, Ֆորշը և այլք:
Հիշեցնենք, որ ի տարբերություն Հայաստանի և հայերի` Իրանում այս գաղափարն այդքան էլ դրական արձագանք չի ունեցել: «Happy Tehran» տեսահոլովակից հետո տեղի ոստիկանները ձերբակալել են բոլոր այն երիտասարդներին, ովքեր նկարահանվել են դրանում` գռեհիկ տեսահոլովակ նկարահանելու համար:
Տեղեկանալով տեղի ունեցածի մասին` երգի հեղինակը` Ֆարրելլ Ուիլյամսը, ասել է, որ չափազանց տխրում է այն բանի համար, որ թեհրանցի երիտասարդներին ձերբակալել են ուրախություն տարածելու համար: