▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր Հրապարակում Հայաստանի պատվիրակության ներկայացրած համարին հետևել են միլիոնավոր մարդիկ

Տեղեկացրել ենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել Спасская Башня - 2014 զինվորական երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցել են «Երևանյան թմբուկներ»  խումբն  ու  պարային  «Արմելադ» համույթը:

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը մանրամասներ  է ներկայացրել միջոցառումից, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սույն թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ «Սպասկայա Բաշնյա» զինվորական-երաժշտական միջազգային փառատոնը (Կարմիր հրապարակում):

Հեղինակավոր այս փառատոնին այս տարի մասնակցում էին Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Մեքսիկայի, Շվեցարիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ղազախստանի և ռուսական 13 պետական և ռազմական նվագախմբեր, երաժշտախմբեր: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ներկայացավ երկու խմբով («Մենք» հիմնադրամի ներքո գործող «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը՝ Սոֆի Դևոյանի ղեկավարած «Արմելադ» պարային համույթի հետ համատեղ): Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Պավել Սարգսյանը: Վերոնշյալ խմբերի անդամները թվով 35 էին, որոնց տարիքային շեմը տատանվում է 12-21-ի սահմաններում՝ բոլորը աղջիկներ:

Փառատոնի համերգային ծրագրում Հայսատանի պատվիրակությունը հանդես եկավ «Երևանյան թմբուկների» թմբկահարների կատարումներով և «Արմելադ» պարային համույթի պարային համարով (զինվորական Յարխուստա պար): Շուրջ վեց րոպե տևողությամբ համարում ներկայացվեցին նաև ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշները (այդ թվում Երևանի զինանշանը):

Կարմիր հրապարակում անցկացվող այս փառատոնի 9 օրերի ընթացքում Հայաստանի պատվիրակության ներկայացված համարին ականատես են եղել մոտ 60 հազար մարդիկ, որոնց թվին կարելի է ավելացնել նաև համացանցով և հեռուստատեսությամբ ականատես դարձած 100 միլիոնից ավել մարդկանց:

Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Սպասկայա Բաշնյա» փառատոնի բոլոր մասնակիցների մասնակցությամբ տոնական քայլերթ: Մոսկվայի Տվերսկայա փողոցով անցկացվող տոնական քայլերթում Հայաստանի պատվիրակությունը քայլերթով, որն ուղեկցվում էր թմբկահարների կատարումներով, ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշներով հանդես եկավ մոտ 65-70 հազար հանդիսատեսի առջև»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին