Ռուսական Առաջին ալիքի «Наедине со всеми» հաղորդման հյուրը կինոյի և թատրոնի հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանն է, ով անկեղծացել է իր ստեղծագործական գործունեության մասին: Ջիգարխանյանի խոսքով, եթե դերասան ես, ապա պետք է բեմում ապացուցես, որ լավագույնն ես, ամենագեղիցիկն ես, ամենաբարձրահասակն ես, նույնիսկ եթե այդպիսին չես: Ջիգարխանյանը նաև ասել է, որ Երևանում ապրած տարիներին իր վրա որպես դերասան մեծ ազդեցություն է գործել Վահրամ Փափազյանը:
Խոսելով իր բազմաթիվ դերերի մասին` դերասանը նշել է, որ իրեն միշտ հրավիրել են խաղալու, որովհետև հարմար, ճկուն, արտահայտիչ դերասան է, ով մինչ օրս չի հագեցել իր մասնագիտությունից:
Միաժամանակ Ջիգարխանյանը որպես դերասանական մասնագիտության թերություն նշել է այն, որ ներքին ապրումները մի կողմ դնելը բարդ է.
«Երբ խաղում էի Կարմիր գլխարկում, հիշում էի մահացած աղջկաս մասին»:
Դստեր մասին խոսելուց բացի` Ջիգարխանյանը պատմել է, որ մինչ օրս զգում է մոր պակասը: Միաժամանակ դերասանը խոստովանել է, որ երբ հայրը մահացել էր, ինքը ոչինչ չէր զգացել, քանի որ նա իրենց լքել էր, երբ ինքն ընդամենը մեկ ամսական էր:
Անկեղծանալով կյանքի մասին` Ջիգարխանյանը նաև ասել է, որ չի վախենում մահից, քանի որ հրաշալի կյանք է ունեցել, թեև կորցրել է դստերը, սակայն դա, այնուամենայնիվ, իր կյանքն է:
Զրույցի ավարտին Ջիգարխանյանն անկեղծացել է` խոսելով նաև իր սիրային ապրումների մասին: Ըստ նրա` գրեթե միշտ սիրահարված է եղել իր խաղընկերուհիներին: Դերասանի պնդմամբ այդ զգացմունքները թեև շարունակություն չեն ունեցել, բայց նա միշտ սիրել է և շարունակելու է սիրել: Իսկ հաղորդավարուհու այն հարցին, արդյո՞ք իրեն միայնակ չի զգում` հաշվի առնելով, որ երկրորդ կինն ապրում է այլ մայրցամաքում, Ջիգարխանյանն պատասխանել է, որ նախըտրում է այդ մասին չխոսել, որովհետև դա իր համար բարդ հարց է: