ВИА Гра խմբի նախկին անդամ, ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան Երևանում է: Նա մասնացելու է ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անցկացվող միջոցառումներին ու ֆոտոսեսիային, որը հովանավորում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից:
Վերա Բրեժնևան ՄԱԿ-ին օգնում է հաստատել ու արժևորել կանանց իրավունքները` ՄԻԱՎ-ի դեմ պայքարում:
Վաղը նախատեսված է Վերա Բրեժնևայի ասուլիսը, որի ընթացքում նա նաև խոսելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պետությունների կողմից արդյունավետ ու միասնական պայքար մղելու կարևորության մասին:
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը դեկտեմբերի 1-ն է:
Աշխարհում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդանալու 1-ին դեպքերը գրանցվել են 1981 թ., Հայաստանում՝ 1988թ.: Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ է 33 մլն մարդ: 1988 թ.-ից մինչ 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում փաստացի գրանցվել է ՄԻԱՎ-ի 1136 դեպք: Սակայն հիվանդության իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց հաշվարկային թիվը 2500 է, որոնց մեծ մասը տեղյակ չէ, որ հիվանդ է:
Ի դեպ, Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց զգալի մասը միգրանտներ են, որոնք աշխատել կամ ուսանել են Ռուսաստանում և ամենայն հավանականությամբ վարակվել այդ երկրում: Հայաստանում գրանցված, ՄԻԱՎ-ով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (53,5 %) թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք (98,4%) վարակվել են սեռական ճանապարհով՝ իրենց ամուսիններից: