Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու «System of a Down» խմբի այս հարցին նվիրված շրջագայությանը: Հիշեցնենք, որ լեգենդար խումբը մեկնարկում է իր «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, որից հետո ապրիլի 23-ին կավարտի իր համերգային շրջագայությունը Երեւանում` Հանրապետության հրապարակում:
Տեղեկացնենք, որ այսօր «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն իր միկրոբլոգում գրել է.
«Լուրեր են պտտվում, որ Ջորջ Քլունին մեզ հետ Հայաստան է գալու. ճիշտ է»:
Նշենք, որ այս առնչությամբ Քլունին դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի տվել: