Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է դերասանուհի Անժելա Սարգսյանը:
-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Նախկինում շատ էի սիրում, բայց հիմա` ոչ շատ, ոչ քիչ, ուղղակի տոն է: Յուրահատուկ վերաբերմունք չունեմ դրա նկատմամբ: Տոնում եմ միայն այն բանի համար, որ ձագուկս է ուրախանում: Եթե միայն ինձանով պայմանավորված լինի, ես կքնեմ այդ գիշեր (ծիծաղում է):
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
-Բուռն տարի է եղել ինձ համար: Նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, սկսվել են իմ մասնակցությամբ սերիալի նկարահանումները, դայվինգի վարպետ եմ դարձել, բարեգործական ֆոնդի միջոցով ենք շատ աշխատանքներ կատարել, ինչպես նաև Եվայի հետևից եմ վազվզել (ժպտում է): Դժվար, ինչպես նաև ձեռքբերումների տարի էր ինձ համար: Հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան բաներ եմ արել այս տարի:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Իմ կյանքի ամենահիշվող և ուրախ Նոր տարին եղել է 2005-2006 թվականների անցումը: Հենց 2006 թվ-ի հունվարի 6-ին ծնվել է իմ ձագուկը` Եվան, բայց մենք իրեն սպասում էինք դեկտեմբերի 25-ից: Նրա ծնունդն ինձ համար ամենամեծ նվերն էր:
-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:
-1992 թվ-ին Լաչինի ազատագրման ժամանակ զոհվել էր հորեղբայրս, 2003-ին մահացել էր տատիկս, ինձ համար կարևոր մարդիկ էին: Բնակաբար, այդ Նոր տարիները, երբ ընտանիքի տվյալ անդամներն արդեն չկային, տխուր էին անցել: Սակայն 2006 թվ-ից սկսած ես իրավունք չունեմ տխուր Նոր տարի անցկացնելու, որովհետև կա մեկը, ում համար պետք է ուրախ Ամանոր նախաձեռնեմ:
-2014-ի կորուստը:
-Կորուստներ չեմ ունեցել, նույնիսկ եթե եղել են, ապա դրանք ավելի շուտ ձեռքբերումներ կարող ենք համարել, որովհետև ամեն բան արվում է, որպեսզի մենք ավելի շատ բան սովորենք և հասկանանք կյանքից:
-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:
-Տարվա սկզբին ինձ, երևի, պակասում էր բուռն աշխատանքային, մասնագիտական կյանք, ինչը լրացվեց տարվա վերջում: Ինձ համար տարին սկսվեց չորությամբ, ավարտվեց առատությամբ:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:
-Դեռ չեմ որոշել, կարող է այն անցկացնեմ իմ տանը կամ էլ ծնողներիս հետ: Եվան պետք է որոշի. հնարավոր է, որ երկուսով դուրս գանք զբոսնելու:
-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:
-Ինչպես բոլոր հայերը զբաղվում եմ որկրամոլությամբ (ծիծաղում է): Ընկերներիս կողմից շատ հրավերներ ունեմ, սակայն ես և աղջիկս պետք է դեռ հասկանանք, թե որտեղ ենք նշելու Նոր տարին:
-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:
-Ձմեռ պապիկից դոլարի կուրսի իջեցում եմ ակնկալում, այդ ժամանակ երջանիկ կլինեմ (ծիծաղում է):
-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:
-Ակնկալում եմ բուռն աշխատանքային տարի, ինչը կլինի: Վստահ եմ, որ 2015-ն ինձ համար փոփոխությունների տարի է լինելու, բնականաբար, որպես մայր էլ ծանրաբեռնված եմ լինելու:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև՝ «Ֆիլմ դրախտում»…Անժելա Սարգսյանի էկրանային վերադարձը