Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Աիդա Սարգսյանը պատմել է, որ արդեն պատրաստվում է մի քանի երգեր ձայնագրել, որոնք այս տարի ամենայն հավանականությամբ կունենան տեսահոլովակներ. «Տեսահոլովակների համար կոնկրետ ժամկետներ չեմ ուզում նշել, քանի որ փորձը ցույց է տվել, որ անգամ այն ծրագրերը, որոնք գրեթե կատարված են, երբ նախապես խոսում եմ դրանց մասին անմիջապես փլուզվում են, դրա համար միայն կասեմ, որ պլաններ ունեմ այս տարի նորովի ներկայանալ իմ հանդիսատեսին, իսկ թե երբ, չեմ կարող ասել»,- նշեց Աիդան ու պատմեց այսքան տարիների լռության պատճառի մասին. «Ես սիրում եմ որեւէ գործ անելիս անել հնարավորինս որակով ու ճաշակով, այս տարիների ընթացքում լռում էի, քանի որ չէի գտնում ինձ համար ճաշակով երգեր, որոնք կցանկանայի ներկայացնել իմ հանդիսատեսին: Հայկական երգարվեստի այսօրվա անհասկանալի շուկայում իսկապես դժվար է գտնել որակով երգեր, իսկ այն երգերը, որոնք արդեն շուտով կներկայացնեմ, կլինեն Աիդա Սարգսայնի ոճի ու այսօրվա ընդունված ոճերի հետաքրքիր միքս, որոնք կլինեն այսօրվա շնչով, բայց իմ «համեմունքներով»:
Երգչուհին նշեց նաեւ, որ միքսերի առումով հաջողված փորձ ունի ու հետեւաբար չի վախենում դրանցից. «Իմ «Լորկէ»-ն եւ «Շիրխանի»-ն, որոնք բավականին շատ սիրվեցին ու սիրված են մինչ օրս, դրանք եւս հին երգեր էին, որոնք ես միքսեցի այդ շրջանի ոճին ու արդյունքը ցույց տվեց, որ ինձ մոտ այն շատ լավ ստացվեց»:
Մեզ հետ զրույցում Աիդա Սարգսյանը նշեց, որ երկարատեւ լռության ընթացքում չի վախեցել իր հանդիսատեսի կողմից մոռացվելու մասին. «Ես թիթեռի կյանքով ապրող երգչուհիներից չեմ, իմ լռությունից առաջ ես թողել եմ աշխատանք, որոնք մինչ այսօր չեն մոռացվել: Իհարկե, ես հասկանում եմ, որ չպետք է դոփել տեղում, պետք է աշխատել ու քայլել ժամանակին համընթաց, բայց պետք է նկատեմ, որ ես չեմ ունեցել տեսահոլովակներ, բայց փոխարենը ակտիվ համերգային կյանքով եմ ապրել ու այդ առումով երկրպագուներիս չեմ մոռացել»,-նշեց նա:
Անդրադառնալով իր անձնական կյանքին՝ երգչուհին նշեց, որ իր ամուսնալուծության՝ հանրության շրջանում բավականին երկար քննարկվելուց հետո, այսօր արդեն ոչինչ չի ուզում խոսել այդ մասին. «Ես ժամանակին չեմ թաքցրել իմ անձնական կյանքն ու բազմիցս եմ ասել, որ շատ եմ սիրել ամուսնուս, իսկ հիմա մեր ամուսնալուծության բուռն քննարկումներից հետո այլեւս ոչ մի մեկնաբանություն անել չեմ ուզում»,- շեշտեց Աիդան:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում