▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք ուզում, որ Ցեղասպանությունը մեզ համար դառնա տոմսեր վաճառելու և հեղինակություն ձեռք բերելու առիթ

«Այս տարի լրանում է The Beautified Project ռոք խմբի գործունեության 10-րդ տարին, ինչը համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Քանի որ մենք երեքս էլ հայրենադարձներ ենք և արդեն 8-10 տարի է,  ինչ ապրում ենք Հայաստանում, որոշեցինք 100-ամյակի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կքաջալերի և կխրախուսի սփյուռքի հայերին վերադառնալ և ապրել Հայաստանում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց The Beautified Project-ի մենակատար Անդրե Սիմոնյանը: Երաժիշտն ապա հավելեց, որ  իրենք հանդիսատեսի դատին են ներկայացնելու Ալեքսեյ Հեքիմյանի «Արագիլ» երգը.

«Կիլիկիա»-ի հաջողությունից հետո հաճախ հարցնում էին, թե երբ ենք նորից հայերեն երգ ներկայացնելու. 5 տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել, խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն էլ տվյալ երգի հետաքրքիր մշակում կատարեց` երգին ավելացնելով մեր ձեռագիրը»:

The Beautified Project խմբի երաժիշտները հանդիպման ժամանակ   տեղեկացրեցին, որ ապրիլի 26-ին Երևանում  տեղի է ունենալու իրենց համերգը և, միաժամանակ, «Արագիլ» սկավառակի շնորհանդեսը, որից հետո էլ տրվելու է  իրենց «Strumming Against Genocides» անվանումով եվրոպական շրջագայության մեկնարկը: Այս  առիթով Անդրե Սիմոնյանը հավելեց, որ  իրենք համերգներ են նախատեսում Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, ինչպես նաև Թիֆլիսում և Գյումրիում.

«Շրջագայությանն այդ անվանումն եք տվել, որովհետև մենք, առհասարակ, դեմ ենք բոլոր ցեղասպանություններին, որոնք այսօր էլ, ցավոք, դեռ տեղի են ունենում: Մենք հրավերներ ունեինք նաև Հոլանդիայից և Բելգիայից, սակայն հրավիրող կողմը հայկական համայնքն էր, իսկ այս շրջագայության նպատակը հայ արվեստը և Հայոց ցեղասպանության խնդիրն այլ ազգերին ներկայացնելն է: Ուղղակի պետք է շատ զգույշ մոտենալ Հայոց ցեղասպանության խնդրին, թեպետ և հեշտ է այն կոմերցիոն նպատակներով օգտագործել, հայտնի դառնալ և գումար վաստակել: Նույնիսկ մեր համերգները, որոնց ժամանակ հարգելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ավելի փոքր դահլիճներում են լինելու, քան նախկինում, որովհետև չենք ուզում, որ տվյալ թեման մեզ համար դառնա տոմսեր վաճառելու և հեղինակություն ձեռք բերելու առիթ: Իսկ ինչ վերաբերում է եվրոպական շրջագայությանը` նշենք, որ այնտեղ ներկայանալու ենք ակուստիկ տարբերակով, այսինքն` հնչելու են երկու ակուստիկ կիթառ, դաշնամուր, ինչպես նաև մեզ միանալու է թավջութակահար Ալեքս Միրզոյանը»:

Անդրադառնալով իրենց գործունեության տասնամյակին` Անդրե Սիմոնյանն ասաց, որ իրենք առաջին հերթին այս տասը տարիների ընթացքում ստեղծել են այն արվեստը, որը սիրում են հենց իրենք, իսկ մինչ այս եղած արձագանքներն իրենց միայն ուրախացրել են.

«Հուսով եմ, որ  առաջիկա  տասը տարիների ընթացքում էլ մենք անկեղծ կմնանք մեր և մեր ստեղծած երաժշտության հանդեպ, որովհետև շատ հեշտ է մոլորվել, երբ մի փոքր հեղինակություն ես ձեռք բերում»,-իր խոսքը եզրափակեց The Beautified Project-ի մենակատար Անդրե  Սիմոնյանը:  

Տեղեկացնենք նաև, որ The Beautified Project-ը ներկայացնելու է նաև «Արագիլ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի հիմքում օգտագործվել է ժեստերի լեզու ասվածը, քանի որ ըստ երաժիշտների` աշխարհը նախկինի պես շարունակում է խուլ և համր լինել Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Ստորև ներկայացնում ենք The Beautified Project խմբի «Կիլիկիա» երգի տեսահոլովակը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին