life.panorama.am-ը գրում է. Այսօր առավոտյան հաղորդավար, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր բարկությունը հայտնելով երեկ երեկոյան Վիենայում «Եվրատեսիլ 2015» միջազգային երգի մրցույթի բացման արարողության ժամանակ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Եսայի Ալթունյանի կողմից Հայաստանի դրոշով տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրսթի ուսերին գցելու վերաբերյալ:
Հաղորդավարի գրառման վերաբերյալ համացանցում ակտիվ քննարկումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, չուշացան նաև դերասանի կարծիքի վերաբերյալ խիստ քննադատությունները: Սոցցանցի եվրոպական արժեքների կողմնակից օգատերերը, կարծես, վիրտուալ «պատերազմ» հայտարարեցին դերասանին՝ մեղադրելով նրան անհանդուրժողականության մեջ:
Life.panorama.am-ը քննադատությունների վերաբերյալ լսեց Արտյոմ Մարկոսյանի տեսակետը: «Ես առհասարակ չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր իրենց ամեն բողոք, կամ մտահոգություն, կամ առհասարկ հոգեվիճակ արտահայտում են ֆեյսբուքի միջոցով: Ես խիստ հազվադեպ եմ գրառումներ կատարում իմ անձնական ֆեսյբուքյան էջում, և սա այդ հազվադեպ դեպքերից մեկն է: Պարզապես ինձ իսկապես բարկացրեց երեկվա այդ միջադեպը, որի մասին, չկարողանալով զսպել ինձ, որոշեցի արտահայտվել և ասել ամենը, ինչ մտածում եմ: Սա չի նշանակում, որ մեր հայկական դրոշի անարգման այլ միջադեպերը ինձ չեն մտահոգել, սա չի նշանակում, որ մեր երկրում այլ խնդիրներ չկան, որոնց մասին, ես կարող էի այսքան ժամանակ արտահայտվել իմ ֆեյսբուքյան էջում, պարզապես ևս մեկ անգամ եմ կրկնում, որ առկա խնդիրների մասին ես մշտապես արտահայտել եմ իմ կարծիքը, շատերը այդ մասին գիտեն, պարզապես դրա մասին չեմ գրել իմ սոցիալական էջում: Ես ունեմ իմ տեսակետը, և այսօրվա իմ գրառումը բացառապես իմ անձնական կարծիքն է, իսկ առհասարակ մեր երկրի ներսում և երկրից դուրս կատարվող յուրաքանչյուր անարդարություն ես որպես քրիստոնյա, որպես հայ և ՀՀ քաղաքացի երբեք չեմ ընդունել սխալն ու անընդունելին, և ինքս էլ դատապարտում եմ յուրաքանչյուր ոտնձգություն, որի արդյունքում անարգվում է հայի արժանապատվությունն ու իրավունքները, այս հարցում թող բոլորը համոզված լինեն»,-ասաց դերասանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում