Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երիտասարդ դերասան Լևս Դավթյանը:
-Լևս, երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չեք երևում, ինչով եք հիմա զբաղված:
-Այո, հեռուստատեսային գործունեություն առայժմ չեմ ծավալում, բայց սպասելիքներ կան, այսինքն՝ նոր եթերաշրջանում գուցե կրկին հեռուստադիտողը ինձ տեսնի: Այս պահին զբաղվում եմ մեր երիտասարդ թատերախմբով. վերջերս նոր պրեմիերա ունեցանք՝ «Գիշատիչների խնջույքը», նորից վերականգնեցինք արդեն 7 տարեկան ներկայացումը՝ «40 օր համբառնալուց առաջ»: Նաև ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ պատրասրվում ենք նոր մոնոներկայացման, որը, հավանաբար, սեպտեմբերին կներկայացնենք: Այսինքն՝ թատրոնում շարունակում եմ ակտիվորեն գործել:
-Տպավորություն է ստեղծվում, որ երիտասարդ դերասանների շրջանում նորաձև է դարձել մոնոներկայացմամբ հանդես գալը, մինչդեռ, եթե հայացք գցենք անցյալին, կնկատենք, որ վաստակաշատ շատ դերասաններ իրենց կարիերայի ընթացքում շատ հազվադեպ և շատ ուշ են դիմել այդ պատասխանատու քայլին:
-Ես առաջին անգամ եմ լսում, որ շատացել են երիտասարդ դերասանները, ովքեր մոնոներկայացում են բեմադրում: Կոնկրետ ես անում եմ դրամատիկ ներկայացում, իսկ շատերի մոնոներկայացումները այսօր ավելի կոմիկ բնույթ ունեն: Ես համաձայն չեմ, որ պետք է դերասանը տարիքով մեծանա, որ մոնոներկայացում անի, եթե օրինակ դեր կա, որտեղ ես հենց 25 տարեկանում պետք է ներկայանամ, ունեմ այդ ռեսուրսները և վստահում եմ իմ ռեժիսորին, ես ինչու այդ ամենը պետք է անեմ 40 տարեկանում: Պետք է նկատեմ, որ իմ նախատեսվելիք մոնոներկայացումով ես կոմերցիոն շահ չեմ հետապնդում, ես դա անում եմ ավելի շատ ինքս ինձ համար ինչ-որ աստիճանի հասնելու համար, որպեսզի թե ինքս ինձ, թե հանդիսատեսիս ապացուցեմ իմ կարողությունները:
-Հեռուստադիտողը սովոր է Ձեզ տեսնել ավելի կոմիկ ժանրում, բայց թատրոնում դուք հիմնականում կերտում եք դրամատիկ դերեր, հանդիսատեսի ընկալման մեջ շփոթմունք առաջացնելու վախ չկա՞:
-Ես հենց սկզբից սկսել եմ թատրոնից, իհարկե, որոշակի նեղ շրջանակներում, բայց հիմա հետաքրքիր հակասություն կա, այդքան երկար նկարահանվելով հումորային նախագծերում, միևնույն է, մեծ մասամբ, ինձ հիշում են «Ես եմ» գեղարվեստական ֆիլմից: Ինձ այնքան էլ չվնասեց հումորային կերպարներս, ես հասկացա, որ, երբ մի արժեքավոր գործ ես ստեղծում, մինչ այդ քո կատարած զբաղմունքները շուտ են մոռացվում:
-Կար ժամանակ, երբ լուրեր էին տարածված, թե հեռուստասերիալներում հրաժարվում եք խաղալ, հիմա առաջարկների դեպքում կմերժեք և չեք նկարահանվի՞:
-Եթե լինեն առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ինձ, չեմ մերժի: Ես քասթինգների չեմ մասնակցում, վերջերս էլ այս որոշմանս մեջ կրկին հաստատվեցի, երբ հրավեր ստացա քասթինգի մասնակցելու, գնացի և տեսա հանձնաժողովի կազմում նստած էին մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեին, որոնց համար երևի իրենց կյանքի բաղձալի երազանքներից է եղել այդ աթոռներին նստելը, տալիս էին հարցեր, որոնց պատասխանները իրենք չգիտեին: Մեր շուկան փոքր է, դերասաններին բոլորն էլ ճանաչում են, եթե որևէ ռեժիսոր հարմար գտնի ինձ տեսնել իր աշխատանքում, առանց քասթինգի մասնակցելու էլ կհրավիրի:
-Այսօր կա միտում, որի արդյուքնում մշտապես էկրաններին են միևնույն դերասանները, ռեժիսորներն էլ դերասան փնտրելիս առաջինը հեռուստաէկրաններին են հետևում, արդյունքում ստվերում են մնում այն դերասանները, ովքեր այդ շրջանում զբաղված չեն որևէ հեռուստատեսային նախագծով:
-Չգիտեմ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեր շուկան փոքր է, իրար ճանաչում են բոլորը: Համաձայն եմ այդ կարծիքի հետ, որ առաջինը նկատում ես այն դերասաններին, ովքեր այդ ընթացքում աչքի առաջ են, բայց միաժամանակ, մի շատ հաճելի միտում եմ նկատել, որ գեղարվեստական ֆիլմերի համար ռեժիսորները գալիս են թատրոն, ներկայացում են դիտում, որ այնտեղից դերասան ընտրեն իրենց աշխատանքի համար: Ձեր նշած միտումը հիմնականում գործում է պրոդյուսերիների մոտ, ովքեր հայկական չգրված օրենքներից ելնելով, ավելի հարմար են գտնում ընտրել մի դերասանի, ով այդ շրջանում «ռեյտինգով» է, քան փնտրի թեկուզև Թատերական ինստիտուտից դերասանների, որոնք արդեն չեն «վառվել» էկրաններից և գուցե ավելի լավ կատարեն իրենց գործը: Բայց չէ, այսօր պրոդյուսերները 20.000 դոլար տալիս են կիսապրոֆեսիոնալ դերասանի, ով ուղղակի ռեյտինգ ունի, և նրա կողքին մանր-մունր դերասաններ են հավաքում, ովքեր էլի իրենց մեղքով օրավճարը 20.000 դրամով համաձայնվում են նկարահանվել, արդյունքում, այդ բալանսը, իրենք իրենց չհարգելով չեն պահում: Դե դերասանն էլ ինչ անի, մտածում է, ավելի լավ է 20.000 դրամով նկարվի, քան առհասարակ չաշխատի:
-Դուք ունեք Ձեր գումարային հստակ պահանջը:
-Իհարկե, նայած ինչի համար: Օրինակ մի քանի օր առաջ գովազդում նկարահանվելու առաջարկ ստացա, որը մերժեցի հենց ցածր գումարի համար: Ես ինձ չեմ համարում աստղաբաշխական վարձատրություն պահանջող դերասան, ուղղակ որոշ չափով իմ գինը գիտեմ: Ինձ համար շատ կարևոր է, թե ով է նկարում ֆիլմը, ինչի մասին է և շատ այլ մանրամասներ, իսկ սերիալում կոնկրետ թվեր կան և ամեն դերասան էլ իր թիվը գիտի:
-Նկատել եմ, որ թատրոնի բեմերում էլ են հայտնվել «չդերասանները», դա Ձեզ խանգարո՞ւմ է:
-«Չդերասանները» թատրոնի բեմում հայտնվում են հիմնականում կոմերցիոն նախագծերի շրջանակում, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսը թատրոն գալուց առաջ պետք է լավ ուսումնասիրի և հասկանա, թե փող տալով, տոմս առնելով ում է գալիս տեսնելու: Նման միտումը լինում է շատ հազվադեպ, երբ տիրաժն է պահանջում, բայց դա չի նշանակում, որ նրանք դերասան համարվեցին և այսուհետ էլի դերեր են խաղալու: Իսկ սերիալներում այդ մարդկանց հայտնվելն էլի ազգային մենթալիտետի հետևանքն է՝ մեկը մեկի սիրուհին ա, մեկը մեկի քավոր սանիկն ա, մեկն էլ ուղղակի անվճար նկարվում, ուղղակի սիրուն մարմին ունի, գալիս է ու գեղագիտական ճաշակնա փչացնում, մեր ներվերնա ուտում:
-Լևս, դուք այն դերասաններից եք, ում անձնական կյանքը անընդհատ քննարկվել ու քննարկվում է, դա ինչի՞ հետևանք է:
-Կարծում եմ, նման տեղեկությունները ուղիղ հետևանքն են նրա, որ ունեմ շատ մտերիմ ընկերուհիներ, որոնց հետ հաճախ ենք հանդիպում, լուսանկարվում, բայց մարդիկ կան նրանց շրջանում, ում հետ շատ երկար տարիների անկեղծ ընկերություն ունեմ: Նման խոսակցությունների առիթ կարող է լինել նաև այն, որ հաճախակի եմ սիրահարվում:
-Լևս կնամո՞լ եք, թե կնամեծար:
-Միանշանակ, կնամոլ չեմ, իհարկե, կնամեծար եմ: Մտքումս մի աղջկա տեսակ կա, որ իրեն եմ ման գալիս, հաճախ եմ հրապուրվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում