Երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ՝ հունիսի 11-ին, հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Բաղմանչի» տեսահոլովակը, որում իր հետ միասին իրենց մասնակցությունն են ունեցել մի շարք հայտնիներ` Ալլա Լևոնյանը, Ռուզան Ավետիքյանը, Սուրեն Առուստամյանը, Անահիտ Շահբազյանը և այլոք: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ՝ ճշտելու տեսահոլովակի ստեղծման գաղափարի, հանրությանը նոր ոճով ներկայանալու և իր հետագա անելիքների մասին:
Խոսելով երգի մասին՝ երգչուհին նկատեց, որ դրա բառերը վերցված են արդեն հայտնի «Մեկն իմ յարին նման չի» ժողովրդական երգից, իսկ երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է.
«Նախ ասեմ, որ այս երգը թեև ժողովրդական է, բայց ես այն չեմ ներկայացրել նորովի, ինչպես որ շատերն են գրում: Այս երգի բառերը վերցված են «Մեկն իմ յարին նման չի» հայտնի ստեղծագործությունից, քանի որ այն ժողովրդական է, իսկ ես ժողովրդի մի մասն եմ»,- ասաց Աննան` ավելացնելով. «Ես կարող եմ վերցնել ցանկացած երգի տեքստ և ինչպես ցանկանամ, ինչ ցանկանամ անեմ դրա հետ: Ես այդ աշխատանքը վերցրել և բոլորովին նոր երգ եմ դարձրել: Ես ոչ մի երգ չեմ փոխել, չեմ փչացրել, ինչպես որ արդեն գրում են մեկնաբանություններում: Երևի թե մարդիկ շատ «լավ» լսողություն ունեն, դրանից է, որ չեն կարողանում հասկանալ, որ դա բոլորովին այլ երգ է,- նշեց Աննա Խաչատրյանը:
Asekose.am-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, վերցնելով «Մեկն իմ յարին նման չի» երգի բառերը, նա գիտակցե՞լ է, որ քննադատություններ կլինեն, Աննան մեկնաբանեց.
«Իհարկե, գիտակցում էի, որ կգտնվեն մարդիկ, ովքեր առանց հասկանալու վատ մեկնաբանություններ կգրեն, բայց կարծում եմ, որ այդ վատ մեկնաբանություններից շատերը հենց մտածված են գրված, քանի որ ինչ-որ մի բան գրելու համար ժամանակ պետք է ծախսել: Եվ եթե մարդիկ չցանկանան այդ վատ էմոցիան թողնել, չցանկանան ինչ-որ մի բանով ինձ «կպնել», ապա նրանք դա չեն անի: Ես ուղղակի վստահ եմ դրանում»,- իր տեսակետը հայտնեց երգչուհին:
Խոսելով «Բաղմանչի» տեսահոլովակի մասին՝ երգչուհին պատմեց, որ այն նկարահանելիս ցանկություն է ունեցել ռեժիսորի հետ միասին, ով Նիկ Եգիբյանը, ստեղծել ուրախ, պարային, ամառային տեսահոլովակ:
«Մտադրություն ունեինք ինչ-որ հետաքրքիր բան ստանալ, որը որ կարծում եմ ստացանք ընկերներիս օգնությամբ»,- պատմեց Աննան:
Asekose.am-ի այն դիտարկմանը, թե ըստ համացանցային շատ օգտատերերի՝ «Բաղմանչի» տեսահոլովակն Աննա Խաչատրյանի ամենաստացված գործն է, միաժամանակ, որոշների կարծիքով` սա այն տեսահոլովակը չէր, որով որ նա պետք է տևական դադարից հետո հանրությանը ներկայանար, Աննա Խաչատրյանը նկատեց, որ «Բաղմանչի» տեսահոլովակն իր համար պարզապես ուրախ և պարային իր հերթական աշխատանքներից մեկն է:
«Մարդկանց խնդիրն է, եթե չեն հավանել, թող չլսեն: Ես խնդիր չունեմ բոլորին գոհացնելու: Այն մարդիկ, ովքեր որ դժգոհում են, նրանք անընդհատ են դժգոհում և դժգոհում են ոչ միայն իմ արածից, այլ, առհասարակ, նրանք դժգոհ են իրենցից, իրենց կյանքից, իրենց շրջապատից: Այսինքն՝ այս դեպքում իրենց գոհացնել, պարզապես հնարավոր չէ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ այս երգով նա այդքան էլ նորովի չի ներկայացել մարդկանց, որովհետև մոտավորապես նույն կերպ նա ներկայացել է նաև իր նախորդ տեսահոլովակում:
«Բազմիցս եմ ասել, որ ես ոճային առումով ունիվերսալ երգչուհի եմ ու ես ինչ ցանկանամ՝ դա էլ կերգեմ: Եթե ես վերցնում եմ մի բան և երգում եմ դա, ապա վստահ եմ լինում, որ շատ լավ եմ կատարելու այդ ստեղծագործությունը»,- վստահեցրեց Աննա Խաչատրյանը:
Զրույցի վերջում էլ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Բաղմանչի» տեսահոլովակն այս պահի դրությամբ իր միակ նորությունն է, Աննան ասաց.
«Այո, այս պահի դրությամբ սա իմ միակ նոր աշխատանքն է, բայց կարծում եմ, որ Նիկ Եգիբյանի հետ իմ համագործակցությունը դեռ կշարունակվի, քանի որ նրա հետ շատ եմ աշխատել: Նա իմ լավ ընկերն է, ում հետ ես միշտ կիսվում եմ իմ ստեղծագործական մտքերի, գաղափարների և այլ հարցերի շուրջ»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Աննա Խաչատրյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան