BlogNews.am-ը գրում է. Շուտով կմեկնարկի «Голос» նախագիծը, որին մասնակցում են նաև Աննա Խաչատրյանն ու ԱրամMP3-ը: BlogNews.am-ն Աննայի հետ զրույցել է նախամրցութային տրամադրության, քննադատությունների և Արամի հետ մրցակցության մասին:
-Դուք տևական ժամանակ պասիվ գործունեություն էիք ծավալում: Տևական դադարից հետո եղավ Ձեր նոր տեսահոլովակի՝ «Բաղմանչիի» պրեմիերան, որն անսպասելի էր Ձեր տեսակի համար, պարզվեց նաև, որ որոշել եք մասնակցել «Голос» նախագծին, ինչո՞վ էր պայմանավորված պասիվությունից հետո այսպես ներկայանալը:
-Կարծում եմ՝ լռությունս այդքան էլ երկար չէր, որովհետև հոկտեմբերին տեսահոլովակ էի ունեցել: Ինչ վերաբերում է պասիվությանս, որ կա վերջին շրջանում՝ պիտի նշեմ, որ ոչ թե իմ գործունեությունն է պասիվ, այլ հեռուստատեսութունն է այսօր այլ բանով լցված: Դրա պատասխանատու ես չեմ: Ես արդեն սովորել եմ այդ ամենին և չեմ հիասթափվում: Եթե այդ տեսակ բաներից հիասթփափվելու լինեի, տարիներ առաջ կփոխեի մասնագիտությունս:
-Ինչո՞ւ որոշեցիք մասնակել «Голос»-ին:
-Պիտի խոստովանեմ, որ ձանձրացել եմ Հայաստանում և ուզում եմ երաժշտական ինչ-որ իրադարձություն, որի մասնակիցը կլինեմ: Փնտրտուքից հետո հասկացա, որ ամենահարմարը «Голос»–ն է և որոշեցի մասնակցել, քանի որ վաղուց չեմ մասնակցել մրցույթների:
-Հնարավո՞ր է Դուք էլ որոշեք արտագաղթել և արտերկրում հաստատվել՝ հաշվի առնելով, որ ձանձրացել եք Հայաստանում:
-Ես հոգնել եմ Հայաստանի ընդհանուր դժգոհ, ճնշող իրավիճակից, սակայն ոչ Հայաստանից: Ես խելագարի պես սիրում եմ Հայաստանը և չեմ պատկերացնում, որ հնարավոր է՝ երկար ժամանակ այլ երկրում ապրեմ, սակայն չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ կլինեմ Հայաստանից դուրս: Տա Աստված «Голос»–ում մասնակցությունս երկար լինի, բնականաբար, այդ ընթացքում պետք է լինեմ Ռուսաստանում:
-Դուք գնում եք հաղթելո՞ւ, թե՞ մասնակցելու: Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս մրցույթում:
-Անկեղծ ասած՝ վերջին երկու «Голос»-ները դիտելիս մտածում էի՝ երանի այս երգիչներին, որ երգում են այս նվագախմբի հետ: Միայն այդ նվագախմբի հետ երգելու, այդ հաճույքը վայելելու համար արժե անցնել այդ ճանապարհը:
-Աննա, այն պահից, երբ հայտնի դարձավ, որ մասնակցելու եք «Голос»–ին, մի շարք քննադատություններ հնչեցին Ձեր հասցեին: Շատերը կարծում են, որ կայացած երգչուհին չպետք է մասնակցության հայտ ներկայացներ նմանատիպ մրցույթի: Բացասական կարծիքների ալիքը ազդե՞լ է Ձեր տրամադրվածության և ոգևորության վրա:
-Անկեղծ ասած՝ ինձ համար անսպասելի չէին այդ քննադատությունները, քանի որ դա բնորոշ է մեր ազգին: Կարծում եմ՝ դա նորմալ է և չեմ ֆիքսվում եմ քննադատությունների վրա: «Голос»-ում պատահական, միջակ մարդիկ չեն կարող հայտնցվել, քանի որ դաժան մրցակցություն է, այնտեղ հազվադեպ են լինում չկայացած, այլ մասնագիտության տեր մարդիկ, այն էլ՝ եթե չափազանց տաղանդավոր են:
-Արամ MP3-ն ևս ներկայանալու է մրցույթին: Նրան՝ որպես մրցակից դիտարկո՞ւմ եք, ինչպիսի՞ մրցակից եք համարում Արամին:
-Ես Արամին չեմ դիտարկում որպես մրցակից այն պարզ պատճառով, որ կան շատ այլ մարդիկ, ում հետ կարելի է մրցակցել: Այդ առումով Արամի հետ կապված մի քիչ այլ զգացմունքներ ու էմոցիաներ ունեմ: Շատ եմ ցանկանում, որ Արամի մոտ ամեն բան ստացվի, թե՛ ինձ, թե՛ իրեն, հավասարաչափ հնարավորություն ընձեռնվի: Որպես երգիչներ՝ կարծում եմ շատ դժվար կլինի մեր մրցակցությունը, քանի որ շատ տարբեր ենք՝ թե՛ տվյալներո, թե՛ ոճով:
Եթե հանկարծակի այնպես ստացվի, որ կույր լսումների փուլում նույն մարզչի խմբում հայտնվենք, հնարավոր է ինչ-որ մրցակցություն լինի, բայց այդ մասին դեռ շատ վաղ է մտածել:
-Ռուսական շուկա դուրս գալու, այնտեղ գործունեություն ծավալելու ցանկություն ունե՞ք:
-Եթե ասեմ ոչ, անկեղծ չեմ լինի, սակայն նման ծրագրեր չունեմ, որովհետև եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան ծրագրերիդ մասին: Իմ դեպքում միշտ այդպես է, այնպես որ, ամեն բան թողել եմ Աստծո կամքին:
-Առաջիկայում ստեղծագործական նորություններ սպասվո՞ւմ են:
-Ես հիմա զբաղված եմ այս նախագծով և առաջիկայում չեմ նախատեսում այլ նորություններ հանձնել հանդիսատեսի դատին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Վստահ էի ուժերիս վրա. Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ը՝ ռուսական «Голос» նախագծի բեմում