Այս աշնանը մեկնարկող ռուսական «Голос» երաժշտական նախագծին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև հայկական շոու բիզնեսի երկու ներկայացուցիչներ՝ Աննա Խաչատրյանը և երգիչ Արամ MP3-ը, ովքեր արդեն իսկ հաղթահարել են մրցույթի նախընտրական փուլը: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Աննա Խաչատրյանը, ով, խոսելով նախագծին մասնակցելու իր որոշման մասին, ասաց.
«Ելնելով այն հանգամանքից, որ այստեղ ինձ շատ ձանձրալի էր, որոշում կայացրեցի մասնակցել «Голос»-ին: Ես, ընդհանրապես, սիրում եմ տարբեր մրցույթների մասնակցել և քանի որ վաղուց է, ինչ որևէ մրցույթում մասնակցություն չէի ունեցել, սա ինձ համար հիանալի հնարավորություն էր»,- նշեց Աննան:
Այն հարցին, թե արդյո՞ք իրեն հեշտ տրվեց հաղթահարել նախագծի նախընտրական փուլը, Աննան պատասխանեց.
«Պետք է ասեմ, որ շատ դժվար և դաժան ընտրություն էր գնում, մասնակիցները շատ էին, բոլորն էլ՝ պրոֆեսիոնալ: Եվ հաշվի առնելով այդ ամենը, ինչպես նաև լարված հոգեվիճակը, շատ դժվար է ըստ արժանվույն ներկայանալ: Չեմ կարող ասել, որ դա ինձ հեշտ տրվեց, բայց, համենայն դեպս, դժվարություններ էլ չեղան»,- ասաց Աննան:
Երգչուհին «Голос»-ի նախընտրական փուլին ներկայացրել է Քրիստինա Ագիլերայի և Նիկոլայ Նասկովի ստեղծագործություններից: Խոսելով ժյուրիի անդամներից, Աննան նկատեց, որ այս պահին անգամ չի էլ հիշում, թե իր դիմաց ովքեր են նստած եղել, քանի որ իր ուշադրությունն ամբողջովին սևեռված է եղել իր երգեցողության վրա.
«Այնտեղ հիմնական որոշում կայացնողը Յուրի Ակսյուտան է, ով հանդիսանում է նախագծի գլխավոր պրոդյուսերը: Հենց իրենից է կախված՝ դու կանցնես հաջորդ փուլ, թե՝ ոչ»,- տեղեկացրեց Աննան՝ հավելելով.
«Դու պետք է շատ հավասարակշռված և հավաքված լինես, որպեսզի կարողանաս քեզ ճիշտ ներկայացնես: Այս նախագծում պատահական մարդիկ չեն հայտնվում, բոլորն իրենց գործին գիտակ երգիչ, երգչուհիներ են»,- ավելացրեց Աննա Խաչատրյանը:
Թե ի՞նչ ակնկալիքներ է նա ունեցել նախագծին մասնակցելուց առաջ՝ երգչուհին անկեղծացավ և ասաց, որ վստահ էր իր ուժերի վրա, վստահ էր, որ լավ է ներկայանալու և գրեթե վստահ է եղել, որ անցնելու է կույր լսումների փուլ.
«Չնայած վստահությանս՝ ամեն դեպքում նմանատիպ վայրերում ոչ մի երաշխիք չես կարող ունենալ, թե ինչ կարող է լինել: Բայց, ի ուրախություն ինձ, ամեն ինչ լավ ընթացավ, և ես անցա»,- իր տպավորություններով կիսվեց Աննա Խաչատրյանը:
Անդրադառնալով կույր լսումների արդյունքներին՝ երգչուհին չցանկացավ որևէ կանխատեսում անել, այլ նշեց, որ այս պահին միայն մտածում է այն սպասվելիք զանգի մասին, որից հետո նա կմեկնի Մոսկվա և կսկսի նախապատրաստվել կույր լսումներին.
«Դեռ պետք է մեկնեմ՝ մասնակցելու փորձերին, պետք է երգ ընտրեմ և ասեմ, որ այդ ամենը մենակ ինձանից կախված չէ. միգուցե ես ընտրեմ մի երգ, իսկ ինձ կատարելու համար տրվի մեկ այլ ստեղծագործություն»,- նկատեց Աննան:
Ըստ երգչուհու խոսքերի՝ այս պահին մասնակիցներից դեռևս գաղտնի է պահվում, թե ովքեր են լինելու այս եթերաշրջանի մարզիչները: Աննան տեղեկացրեց, որ որոշ թեկնածուների անուններ նշվում են, սակայն հստակ որևէ բան չի տեղեկացվում:
Խոսելով նաև Արամ MP3-ի մասնակցություից՝ Աննան պատմեց, որ չնայած նրան, որ իրենք երկուսով տարբեր տասնյակներիի մեջ են եղել, բայց համենայն դեպս, հասցրել են շփվել և աջակցել միմյանց: Անդրադառնալով նախագծի շրջանակներում իրենց երկուսի միջև առաջ եկող հնարավոր մրցակցությանը, Աննան պարզաբանեց.
«Չեմ կարծում, որ իմ և Արամի միջև երբևէ կարող է մրցակցություն լինել: Նախ առաջինը նրա համար, որ ես աղջիկ եմ, ինքը՝ տղա, երկրորդն էլ՝ այնտեղ՝ Մոսկվայում, մենք այնքան հակառակորդներ ունենք, որ հաստատ իրար դեմ չենք մրցի»,- եզրափակեց Աննա Խաչատրյանը:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև Արամ MP3-ի հետ, ով, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեց:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան