Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում իրենց ուժերն էին փորձելու Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք հաղթահարել էին նախընտրական փուլը:
Armlur.am-ը գրում է, որ պարզվում է, սակայն, իրադարձությունները ծավալվել են բոլորովին այլ, անսպասելի ուղղությամբ: Արամ MP3-ն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ թե՛ իրեն, թե՛ Աննային չեն կանչել մասնակցելու կույր լսումներին` չներկայացնելով որեւէ հստակ պատճառաբանություն. ««Գոլոս»-ից ինձ հաղորդագրություն էին ուղարկել, որտեղ հայցել էին իմ ներողամտությունը եւ հայտնել, որ չեն կարող կանչել մրցույթին:
Իսկ պատճառաբանությունը ոչ պրոֆեսիոնալ էր, խոսվում էր այս տարի նախագծին մեծ թվով հայերի ներգրավված լինելու մասին: Հետո ես կապ հաստատեցի նախագծի ադմինիստրատորի հետ, ով, պարզվեց, իրավասու չէր ինձ պատասխաններ տալու, եւ ասաց` կներեք, ես չգիտեմ պատճառների մասին, ասացի` շատ լավ: Այսինքն` ոչ մի կոնկրետ հիմնավորում չի եղել, ինչը զարմանալի էր: Նույն «ձեռագրով» մերժել են նաեւ Աննային»,-ասաց նա: Մեր այն հարցին, թե արդյոք նման անհիմն կերպով մերժումը մրցութային կարգի խախտում չէ, Արամը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե նրանք ունեն իրենց օրենքները, որոնց մասին չէին բարձրաձայնել, բայց դա, ճիշտն ասած, այնքան էլ կարեւոր չէ: Ես չխորացա պատճառների մեջ, իրենք էլ չմանրամասնեցին»:
Մենք նաեւ հարցրինք` գուցե «Գոլոս»-ի շրջանակում մրցակցությունն այնքան թեժ է եղել, որ ինքն ու Աննան ավտոմատ կերպով դուրս են մնացել, ինչին երգիչը հակադարձեց. «Չեմ կարծում, թե դա է մերժման պատճառը: Համենայն դեպս, ես իմ ելույթի օրն այնտեղ լուրջ մասնակիցների չտեսա, եւ բացի այդ՝ ժյուրիի անդամներն ինձ շատ ջերմ դիմավորեցին, ճանաչեցին, հիշեցին, անգամ տվեցին անունս եւ առաջարկեցին` իմ ցանկությամբ որեւէ երգ կատարեմ: Հավանեցին ելույթս. ակնհայտ էր, որ նրանք ոգեւորված էին իմ մասնակցությամբ: Խնդիրը, միանշանակ, իմ մեջ չէր»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում