Blognews.am-ը գրում է. Պարային ռիթմեր, ռետրո տրամադրություն և Հայաստանի ամենահայտնի մարդիկ. այսպիսին է լինելու Արամ MP3-ի նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա այսօր՝ ժամը 19։00-ին։
Տեսահոլովակում նկարահանվել են Վաչեն, Արմուշը, Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Լուիզա Ներսիսյանը, Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, dj Սերժոն, Ռաֆայել Երանոսյանը, Սոնա Շահգելդյանը, Նուռը, Սերգեյ Դանիելյանը, Հրանտ Երիցկինյանը, dj Դեյլը, dj Ժակը, dj Smoke-ը, Արմեն Գալյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Դանիելյանը, Արման Սարգսյանը, Էրիկ Կարապետյանը, Արտյոմ Մարկոսյանը։
«You my sunshine» կոչվող երգի երաժշտությունը գրել է «Sunside» խումբը, խոսքերը՝ Լիլի Վարդանյանը, տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, մոնտաժն արել է Արամայիս Հայրապետյանը, իսկ ահա ռեժիսորը եղել են բոլորը: Արամը կայքի հետ զրույցում նկատել է, որ տեսահոլովակում նկարահանված յուրաքանչյուր ոք պրոֆեսիոնալ է և ինքն է որոշել՝ ինչ անել։
«Տեսահոլովակը երգին շատ համահունչ է. թեթև, ուրախ, պոզիտիվ տրամադրություն է հաղորդում։ Երգն էլ է շատ ուրախ, իր մեջ ունի դիսկո էլեմենտներ, և միտք առաջացավ ստեղծել նման տեսահոլովակ. ներգրավել մարդկանց, ովքեր դրական էմոցիաներ են առաջացնում լսարանի մոտ։ Տեսահոլովակում խաղացած ամեն արտիստ յուրովի է ներկայանում՝ իր ոճով, իր ձևով։ Բոլորին շատ շնորհակալ եմ. իրենց միջոցով տեսահոլովակը թևեր է առել»,- ասել է նա ու հավելել, որ այլ հայտնիներ էլ կարող էին նկարահանվել տեսահոլովակում, սակայն հարգելի պատճառներով չի ստացվել։ Գարիկը ևս չի խաղացել տեսահոլովակում։ Արամը նշել է, որ դա ամենացավոտ կետն է, սակայն զբաղվածության պատճառով ոչ մի կերպ չի ստացվել, որ նա գա։
Անդրադառնալով հարցին, որ այս տարբերակը կոմերցիոն տեսանկյունից էլ էր շահավետ, երգիչն արձագանքել է` ասելով, որ նման բան կա, սակայն ինքը դրա վրա շեշտ չի դրել.
«Ինձ թվում է՝ երգին համապատասխանում են այս արտիստները։ Երգն ինքն էր ստիպում, որ նման բան նկարահանեինք»։
Արամի փոխանցմամբ՝ տաղավարում փորձել են ստանալ ռետրո վիճակը, որը ժամանակին ֆիլմերում շատ էր օգտագործվում.
«Մեքենան կանգնած է, կադրը հետևում շարժվում է։ Միտումնավոր որակը գցել ենք, որպեսզի հիշեցնի հին ժամանակները։ Երգի տեմպն ու ռիթմիկան շատ է համապատասխանում այդ վիդեկադրերին։ Երգն էլ է պարունակում ռետրո էլեմենտեր, սակայն իր մեջ նոր շունչ էլ ունի. 21-րդ դարի երգ է»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում