Blognews.am-ը գրում է. Նոյեմբերի 19-ին կկայանա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Կարծիք կա, որ այս ֆիլմը «տղամարդկային» է, սակայն պետք չէ թերագնահատել կանանց դերակատարումն այս ֆիլմում։ Թեև նրանց դերակատարումները փոքր են, յուրաքանչյուրն ունի իր ասելիքն ու առանձնահատուկ տեղը։ Կայքն այս անգամ ներկայացրել է «Որոգայթի» կին հերոսներին.
Սոֆյա Պողոսյանը «Որոգայթում» ներկայացել է Հովոյի երիտասարդ տարիքի սիրո կերպարով։
«Դերս փոքր է, սակայն իր ուրույն տեղն ունի ֆիլմում։ Դրական, ուրախ աղջիկ է, ով սիրահարվախծ է Հովոյին, սակայն հետագայում ինչ-որ տեղ բացասական է դառնում, քանի որ երբ Հովոյին բանտ են նստեցնում, չի սպասում նրան, ամուսնանում է»,- ասել է Սոֆյան։ Դերասանուհու հիմնական խաղընկերը եղել է Սարգիս Գրիգորյանը։ Սոֆյան նշել է, որ Սարգսի հետ շատ հեշտ էր աշխատելը։
Դերասանուհին ֆիլմում սևահեր է, հատուկ այս կերպարի համար նա գունափոխել է մազերը։
Հասուն տարիքում Հովոյի կերպարի սերը դառնում է Ելենա Բորիսենկոյի կերտած հերոսուհին։
«Կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ շատ քիչ ժամանակահատվածում պետք է ներկայացնես՝ ինչու է Հովոն հենց քեզ սիրահարվում, ինչը գրավեց այդ ուժեղ տղամարդուն։ Կերպարս ուժեղ կին է, ով կորցրել է իր ամուսնուն։ Նա իր վախն ունի, սակայն ադ վախի մեջ ուժ էլ կա, որն էլ, երևի թե, գրավեց Հովոյին,- նշել է Ելենան և հավելել, որ ամենահետաքրքիր բանն է՝ անել մի բան, որը նախկինում չես արել։ -Թվում է՝ և՛ էմոցիոնալ դերեր ես խաղացել, և՛ ուժեղ, և՛ թույլ, սակայն երբ այդ ամենը միացնում ես, նոր բան ես ստանում»։
Անդրադառնալով ֆիլմում իր Հովոյի համբույրի տեսարանին՝ դերասանուհին ասել է, որ երբ հայ իրականության համար ոչ ստանդարտ տեսարան է լինում, իր համար կարևորն այն է, թե որ ռեժիսորի մոտ է դա անում, որպեսզի գռեհիկ չստացվի։
«Դա դերասանի մասնագիտության մի մասն է։ Պրոֆեսիոնալ արված աշխատանք էր, սիկ խոսակցությունները փորձում եմ շրջանցել։ Համբույրն իրական էր, սակայն երբ նայում ես, շատ թեթև է երևում։ Նույնիսկ ռեժիսորին ասում եմ՝ եթե այսքանը պետք է ցույց տայիք, էլ ինչո՞ւ էինք համբուրվում»,- ասել է Ելենան։
Մինչ Ելենայի հերոսուհուն հանդիպելը Հովոն արդեն ամուսնացած եղել էր։ Նրա առաջին կնոջը մարմնավորում է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Նա նույնպես նշեց, որ իր դերը մեծ չէ, սակայն կերպարը շատ հետաքրքիր էր. «Հովոյից բաժանվելուց հետո հորոսուհիս երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն իր մեջ մնացել է այդ հեռավոր սերը դեպի առաջին ամուսինը։ Որոշեցինք այդ նուրբ էլեմենտն ավելացրել»։
Մարջանը նշել է, որ իր համար առաջին հերթին կարևոր է սցենարը, աշխատանքի որակը, ոչ թե ֆիլմի ժանրը։
«Այստեղ շատ քիչ բան էր պահանջվում անել, բայց ինձ հետաքրքիր էր։ Մեծ, խորը դերեր ունեցել եմ իմ կյանքում, սակայն ինձ ավելի հետաքրքիր էր՝ այդ կարճ հատվածում կկարողանա՞մ ներկայացնել այդ էմոցիաներն այնպես, ինչպես պետք է լինի»,- ասել է նա ու հավելել, որ արդյունքը կարող է գնահատել ֆիլմը դիտելուց հետո։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում