▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանավորվեցինք, որ համերգը կազմակերպելիս նրանք ոչ մի տեղ չեն հայտարարի իմ անունը. Սուրեն Թադևոսյան

Aysor.am-ը գրում է, որ զրուցել է  ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ, ով պատմել է Իսպանիայում իր բուժման ընթացքի, առաջիկա գործունեության, նպատակների և, իհարկե, ընկերության մասին:

 -Սուրեն, ամռանը տեղեկացանք, որ առողջական խնդիրներ ունեք և մեկնել եք բուժվելու: Հիմա որտե՞ղ եք, ինչպե՞ս եք:

-Ճիշտն ասած՝ խնդիրները սկսվել են դեռևս ձմռանը. Երևանում՝ մոտ երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո, երբ վիճակս վերջնական վատացավ՝ տեղափոխեցին Իսպանիայի Վալենսիա քաղաք: Բուժումս այստեղ շարունակեցի, վիրահատություն տարա: Այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում, բժիշկների հսկողության տակ եմ:

-Փաստորեն, դո՞ւրս եք գրվել հիվանդանոցից:

-Այո, երեք ամիս այստեղ հիվանդանոցում անցկացնելուց հետո սեպտեմբեր ամսին դուրս գրվեցի: Իհարկե,արդեն տանից շարունակում եմ բուժումս, նաև վերականգնողական ընթացքի մեջ եմ, ինչպես նշեցի: Գրեթե ամեն օր հիվանդանոց եմ այցելում: Իհարկե, դեռ շա՜տ երկար ճանապարհ կա անցնելու, բայց հիմա ես անհամեմատ լավ եմ: Երևանում իմ մտերիմները տեսել են, թե ինչ վիճակում տեղափոխվեցի Իսպանիա…

-Հավատացեք, որ Ձեր առողջությամբ շատերն են հետաքրքրված. որքան հասկացա՝ առաջընթաց կա Ձեր առողջականում, բայց, ամեն դեպքում, ո՞րն է հիմնական խնդիրը:

-Գիտեք, ես այս ամենը մանրամասն պատմեցի, որովհետև ինձ էլ են շատ գրում ու հարցնում առողջականիս մասին: Անչափ շնորհակալ եմ բոլորին, բայց հավատացեք, կան բաներ, որոնց մասին ցանկալի չի պատմել, բոլոր հետաքրքրվողներին բացատրել, տեղեկացնել: Ըստ իս՝ իմ ախտորոշումը իմ և իմ բժիշկների խնդիրն է: Բոլորն էլ որոշակի անձնական խնդիրներ ունեն: Անիմաստ եմ համարում մարդկանց ծանրաբեռնել նաև իմ պրոբլեմներով:

-Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները համերգային ծրագրով հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հայտարարելով, որ համերգից եկած ողջ հասույթը տրամադրվելու է իրենց ընկերոջ՝ Ձեր բուժմանը: Տեղյա՞կ էիք նրանց մտահղացման մասին:

-Այո, տեղյակ էի: Կցանկանամ որոշ բաներ պարզաբանել…

-Խնդրեմ:

-Դեռ իմ՝ Երևանում գտնվելու ժամանակ ընկերներիցս և գործընկերներիցս ոմանք օգնության տարբերակներ էին առաջարկում, որոնք բոլորն էլ ի վերջո հանգում էին գումար հավաքելուն: Սակայն ես այդ գաղափարին միշտ կատեգորիկ դեմ եմ եղել և շարունակում եմ նույն մտքին մնալ. այլ բան է, երբ քեզ անձամբ ճանաչող մարդն է ուզում օգնել և դա ի սրտե է անում, և բոլորովին այլ բան է, երբ դու հանրությունից օգնություն ես խնդրում և գումար հավաքում: Կարծում եմ, բոլորն էլ սեփական խնդիրներ ունեն: Ես կցանկանայի, որ իմ անունը ասոցացվեր իմ կատարած աշխատանքների հետ, այլ ոչ թե որպես ինչ-որ մեկը, ում համար փող են հավաքել…Երբ Խաչիկ Եղոյանից այս համերգի առաջարկը լսեցի, երկար ժամանակ չէի համաձայնվում: Հետո իմ երգիչ ընկերները նմանատիպ առաջարկներ արեցինն… Ի վերջո, պայմանավորվեցինք, որ համերգը կազմակերպելիս նրանք ոչ մի տեղ չեն հայտարարի իմ անունը: ՉԷի ցանկանա, որ լինեին մարդիկ, ովքեր համերգին կգային ուղղակի ինձ հարգելով՝ օգնելու նպատակով:

-Կարող եմ վստահեցնել, որ Ձեր ընկերները պահել են խոստումը:

-Այո, «Yeghoyan» փրոդաքշնը հիանալի համերգ կազմակերպեց: Բազմաթիվ արձագանքներ եմ ստանում, որ հանդիսատեսը շատ գոհ է եղել համերգից: Իսկ դա ամենակարևորն է: Իմ կարծիքով, մենք երկու լավ գործ ենք արել. մարդկանց համար հետաքրքիր երեկո ենք կազմակերպել, նաև իրական օգնություն ենք ստացել երկար ու անվերջ թվացող բուժման համար:

-Սուրեն, գիտեմ, որ Դուք էլ միշտ Ձեր ընկերների կողքին եք եղել: Սպասո՞ւմ էիք, որ նրանք էլ Ձեր կողքին կկանգնեն: Մեր ժամանակներում հավատո՞ւմ եք ընկեր հասկացողությանը:

-Չգիտեմ՝ որքանով է ինձ մոտ ստացվել, բայց ես աշխատել եմ միշտ բոլորին օգտակար լինել: Հիվանդանոցում անցկացրած այս ամիսներն ինձ շատ բան սովորեցրեցին… Շատ չմանրանամ, բայց հավատացնում եմ Ձեզ՝ ես հիմա ավելի շատ կաշխատեմ բոլորին օգտակար լինել: Հաճախ նույնիսկ ժամանակին և տեղին ասված ընդամենը մի խոսքը չափազանց կարևոր ու ճակատագրական է դառնում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ասեմ. ընկերներիս հավատարմության վրա ես երբեք չեմ կասկածել: Ու դա փոխադարձ է…

-Համերգից ստացված այս հասույթը որքանո՞վ կարող է Ձեզ օգտակար լինել:

-Ասեմ այսպես. սա որոշ չափով կնպաստի այս պահին առկա գլխավոր խնդիրներից մեկի լուծմանը… Համերգի կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցները մանրամասներին տեղյակ են, կարծում եմ՝ չկա կարիք այդ մասին պատմել նաև ընթերցողին:

-Սուրեն, այդտեղ՝ Իսպանիայում, ովքե՞ր են Ձեր կողքին, ովքե՞ր են հաճախ այցելում:

-Այս բոլոր դժվարություններն իմ հետ հավասար իր ուսերին տարել ու շարունակում է տանել կինս՝ Աննան: Գիտեք, այստեղի ապրելու ռիթմը բոլորովին այլ է, ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որ ժամանակ չեն գտնում ինձ այցելել: Սակայն շատ մտերիմներ ունեմ, ովքեր ամեն դեպքում կողքիս են ու ես շատ շնորհակալ եմ իրենց: Ի դեպ, շատ բազմազգ են նրանք՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, իսպանացիներ…

-Վստահ եմ, որ անգամ այժմ մտածում եք գործունեության մասին. ի՞նչ ծրագրեր ունեք:

-Իսկապես, ամբողջ օրն իմ մտքում դա է (ժպտում է): Պլաններ շատ կան. Նախ, ավարտում եմ երկրորդ գիրքս, ու եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ մինչև գարուն լույս կտեսնի: Նաև, ունեմ մի քանի կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմի մտահղացում, որոնց սցենարների վրա արդեն իսկ սկսել եմ աշխատել: Տա Աստված, 2016 թվականին կարողանամ իրագործել նպատակներս:

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին