Life.panorama.am-ը զրուցել է Կարեն Բաբաջանյանի նոր՝ «Արամմա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մարիամ Ադամյանի հետ (ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել):
Կայքի հետ զրույցում դերասանուհին փորձել է զերծ մնալ ֆիլմի մասին մանրամասներ հայտնելուց, իր իսկ խոսքերով, որպեսզի պահպանի հետաքրքրությունը, թեպետ ոգևորությունը մեծ է եղել և, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հայտնել.
«Չգիտեմ հանդիսատեսը կզգա այն ամբողջ էմոցիաները, որ ես ապրել եմ նկարահանման հրապարակում, թե ոչ, բայց իսկապես ինձ համար իմ կյանքի ամենահիշարժան օրերից էր այն ընթացքը, երբ նկարահանվեցի «Արամմա» ֆիլմում: Ամեն օրը շատ հետաքրքիր էր անցնում, մենք օրեր շարունակ ապրում էինք Տավուշի մարզի՝ Իջևանի շրջանի Անապատ (Լաստիվեր) հանգստի գոտում, որտեղ իրականացվում էին նկարահանումները: Իսկապես դժվար է փոխանցել այն ամենը, ինչ վայրի ցեղի ներկայացուցիչների հոգեբանությամբ ապրել ենք այդ մի քանի օրը. ես շատ շնորհակալ եմ Կարեն Բաբաջանյանին մեզ այդպիսի հրաշք օրեր պարգևելու համար»:
Իր հերոսուհու մասին խոսելիս՝ Մարիամ Ադամյանը պատմել է.
«Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով ծնվել, մեծացել և վայրի ցեղերի հոգեբանությունն է ձեռք բերել: Իհարկե, թեմատիկայից ելնելով՝ իմ հերոսուհին տարբերվում է մեր օրերի նուրբ ու պուպուշ աղջիկներից, նա հրաշալի զբաղվում է որսորդությամբ, ունի բավականին հետաքրքիր բնավորություն. Կարծում եմ և հույս ունեմ, որ ինձ մոտ ստացվել է հերոսուհուն ճիշտ կերտել»:
Մարիամ Ադամյանը հատկապես շեշտել է, որ հիացած է խաղընկերներով.
«Պետք է նշեմ, որ շատ մեծ սիրով եմ այս ֆիլմում նկարահանվել, քանի որ հիանալի խաղընկերներ ունեի, մենք բոլորս միմյանց նկատմամբ տրամադրված էինք շատ ջերմորեն, ինչը լավ ֆիլմ նկարահանելու գլխավոր նախապայմաններից է՝ ըստ իս»,- նշել է նա:
Հարցին՝ ֆիլմի լեզուն հայերե՞նը կլինի, Մարիամը կրկին չբացելով փակագծերը, նկատել է.
«Ֆիլմը դիտելուց հետո բոլորը կհասկանան, թե ինչ լեզվով ենք խոսում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում