Life.panorama.am-ը գրում է. «Մինչ այս չբացահայտված նուրբ, գայթակղիչ ու թվացյալ համարձակ». կայքի հետ զրույցում իր նոր ֆոտոշարքը նման կերպ նկարագրել է Մարիամ Ադամյանը: Երիտասարդ դերասանուհին պատմել է, որ շատ է ցանկացել մի օր հայտնվել լուսանկարիչ Արվին Քոչարյանի օբյեկտիվի առջև, բայց առաջարկը ստացել է հենց լուսանկարչից.
«Ես Արվինի աշխատանքները շատ եմ սիրում և գնահատում, ըստ իս, նա մեր երկրի բացառիկ լուսանկարիչներց մեկն է. շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա իր հետ համագործակցել: Իրականում առաջարկը ստացել եմ հենց Արվինից, իհարկե, մինչ այդ ես նրան գրել էի և հայտնել էի իմ հիացմունքն իր աշխատանքների վերաբերյալ, որից հետո էլ նրանից հրավեր ստացա»,- պատմել է դերասանուհին:
Լուսանկարներում իր կերպարների մասին խոսելիս՝ Մարիամը նշել է.
«Լուսանկարներում առանձնահատուկ ընդգծված կերպարային գծեր չեն եղել, դրանցում ես եմ՝ իմ «ես»-ով: Մենք որոշեցինք շեշտը դնել նրբության վրա, ավելին ասեմ, այս լուսանկարներից հետո սկսեցի ինձ ուրիշ աչքերով նայել, որովհետեւ իմ մեջ այդքան նրբություն չէի նկատել: Իսկապես շատ եմ հավանել նոր ֆոտոշարքս, ինչի համար եւս մեկ անգամ Արվինին ասում եմ շնորհակալություն»:
Որոշ իմաստով համարձակ լուսանկարների վերաբերյալ Մարիամ Ադամյանն իր կարծիքն ունի.
«Ես չեմ գտնում, որ լուսանկարներում ես շատ համարձակ եմ, նմանատիպ հագուստներով մարդիկ երեկույթների են գնում, ուղղակի Արվին Քոչարյանը ունի շատ հետաքրքիր աչք, ինչի արդյունքում նա կարողացավ ստանալ նուրբ, ինչ-որ իմաստով համարձակ եւ հետաքրքիր լուսանկարներ»,- նշել է նա:
Ի դեպ, Մարիամ Ադամյանը մեզ հետ զրույցում հետաքրքիր բացահայտում է արել.
«Իմ տեսքով ես եմ զբաղվել` դիմահարդարում, վարսահարդարում, ամենը ես եմ արել: Առհասարակ, մեծամասամբ ես ինքս եմ զբաղվում իմ արտաքին տեսքով, որովհետև սիրում եմ ինքս ինձ դիմահարդարել,- պատմել է դերասանուհին, իսկ այն նկատառմանը, թե արդյոք դիմահարդարման հատուկ դասընթացներ անցել է, պատասխանել է,- ոչ, դիմահարդարման արվեստը չեմ սովորել, պարզապես, երբ ինձ մասնագետները դիմահարդարել են, փորձել եմ հետևել նրանց հմտություններին, սովորել որոշ նրբություններ ու արդյունքում ստացվում է նաև ինքնուրույն գեղեցիկ դիմահարդարվել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում