▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ չէի մտածի, որ Արմանը կլինի այնպիսի հայր, ինչպիսին որ այսօր է. Նաիրա Շահիրյան


Ես անգամ չէի մտածի, որ Արմանը կլինի այնպիսի հայր, ինչպիսին ես այսօր եմ նրան տեսնում. Նաիրա Շահիրյանն՝ ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել  է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանի հետ, ով պատմել է ոչ միայն աշխատանքային պլաններից, այլև կիսվել է, թե ինչպիսի հայրիկ է իր որդին՝ հաղորդավար Արման Մարգարյանը:

Տիկին Շահիրյան, «Տնփեսա» սիթքոմից հետո Ձեզ չենք տեսնում հեռուստատեսային որեւէ նախագծում, ինչո՞ւ, դիտմա՞մբ եք դադար վերցրել:

Տվյալ պահին ոչ մի հետաքրքիր առաջարկ չեմ ստացել, բացի այդ, կարծում եմ, դերասանի համար երբեմն պետք են դադարները, որովհետեւ չեմ ցանկանա կրկնվել իմ հանդիսատեսի, հեռուստադիտողի համար: Ինձ էլ է ժամանակ պետք մտքերս իմի բերելու, հավաքվելու համար: Պետք  է հեռուստադիտողին չհոգնեցնել, հարկավոր է, որ նրանք կարոտեն դերասանին եւ նրա ներկայությունը իրենց փոքրիկ էկրաններին:

Իսկ թատրոնում ի՞նչ է նախատեսվում:

Այս պահին պատրաստվում ենք մի շատ կարեւոր գործի պրեմիերային, որը կկայանա գարնանը: Աշխատում ենք Նյու Սայմնի պիեսներից մեկի վրա, որը բեմադրում է Ժան Նշանյանը: Այստեղ ես մարմնավորում եմ երկու եղբայրների մորը, առհասարակ, այստեղ չորս հոգու՝ ընտանիքի շուրջ է զարգանում իրադարձությունները՝ ցույց տրվելով ընտանիքի փոխհարաբերությունները. թեթեւ իրավիճակային կոմեդիա է: Դերս շատ մոտ է իմ տեսակին, մոր դերը ինձ շատ հոգեհարազատ է:

Տիկին Շահիրյան, դուք նկարահանվեցիք առաջին սիթքոմում՝ «Տնփեսայում», որից հետո գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ձեռնամուխ են լինում սեփական սիթքոմը ստեղծելու: Հետաքրքիր է՝ ըստ Ձեզ, այսօրվա սիթքոմային բազմազանության մեջ որակը շահո՞ւմ է, թե տուժում:

Այն, ինչ որ շատ է, բերում է մրցակցության, իսկ եթե այդ մրցակցությունը առողջ սահմաններում է, պետք է որ տա լավ արդյունք: Երբ գիտես, որ կողքիդ մի խումբ է աշխատում նույն ժանրում, փորձում ես ավելի լավ աշխատել, որպեսզի նույն վարկանիշով առաջ լինես: Այն, որ հիմա շատ են սիթքոմները, խոսում է այն մասին, որ ժողովուրդը սիրում է այդ ժանրը, ունի նման թեթեւ, ժամանցային նախագծերի կարիքը: Ինչ վերաբերվում է մեր սիթքոմին, ապա կասեմ, որ այն միանշանակ ընդունվեց, քանի որ այստեղ կար Մկրտիչ Արզումանյանի հանգամանքը, ում սիրում է հանդիսատեսը, բացի այդ, մեզ մոտ բոլորը աշխատում էին միայն մի բանի համար՝ ստեղծել լավ աշխատանք:

Կարոտո՞ւմ եք այն շրջանը, երբ նկարահանվում էիք «Տնփեսայում»:

Գիտեք, երբ աշխատում ես մի նախագծում, սկսում ես համեմատել այն մթնոլորտը, որոնցում մինչ այդ ես աշխատել: Ես պետք է հատուկ շեշտեմ, որ դեռեւս նման համերաշխ, ընտանիքի նման ջերմ ու հետաքրքիր խմբի մեջ չեմ աշխատել: Երբ խմբում կա ճիշտ հարաբերություններ, աշխատանքի արդյունքը չի կարող վատը լինել: Այստեղ մենք իրար շատ էինք սիրում, մինչ այսօր անասելի կարոտում եմ թե նկարահանումները, թե մեր ողջ խմբին, պատահաբար հանդիպելիս էլ պետք է տեսնել, թե ինչքան կարոտած ենք իրար ողջունում: Կարծում եմ՝ հենց մեր հարաբերություններն էր «Տնփեսայի» այն հաղթաթուղթը, որից հետո մյուս հեռուստաընկերությունները որոշեցին, որ պետք է սիթքոմներ ունենան:

Տիկին Շահիրյան, ի՞նչ եք կարծում այսօրվա սիթքոմային բազմազանության մեջ երեխաների դաստիարակության տեսանկյունից թույլատրելիի սահման կա՞, Ձեր թոռնիկին թույլ տալի՞ս եք դիտել:

Իմ թոռնիկն ինքը չի սիրում դրանք նայել, որովհետեւ ինքն ունի իր տարիքային նախընտրությունները: Իհարկե, երբեմն նայում է հատկապես «Դոմինոն», ու ես էլ, որպես տատիկ կողքից հետեւելով, չեմ կարծում, որ դրանցում լուրջ կամ վատ բան կա, որ ես թույլ չտամ իմ 10-ամյա թոռնիկին դրանք նայել: Ավելին՝ կարծում եմ, երեխային պետք է ճիշտ ներկայացնել յուրաքանչյուր բան, նրան կարելի է թույլ տալ դիտել անգամ բաց տեսարաններ, բայց ճիշտ բացատրել, մեկնաբանել որպեսզի փոքր տարիքից նրա մոտ այդ առումով էլ ընկալումը ճիշտ ձեւավորվի: Պետք է ուղղություն ցույց տալ եւ նրա մոտ ճաշակ ձեւավորել:

Ձեռ թոռնիկը մեծանում է ոչ միայն արվեստագետների ընտանիքում, այլեւ բուն պրոցեսների մեջ, գիտեմ, որ նա Ձեզ եւ Արմանին հաճախ է ուղեկցում նկարահանման հրապարակներ: Գուցե ի դեմս Անրիի՝  նոր դերասա՞ն  է մեծանում ձեր ընտանիքում:

Չգիտեմ եւ դեռ չեմ էլ ուզում կանխատեսումներ անել եւ ոչ էլ նրան ուղղորդել: Նույն իմ երեխաներին ես չեմ ուղղորդել, իրենք անձամբ են եկել այդ որոշմանը: Թոռնիկիս էլ հաստատ չենք ուղղորդի, կթողնենք, որ ինքն ընտրի: Թոռնիկիս, իհարկե, այս ոլորտը հետաքրքիր է, ունի իր ճաշակը, հոր շնորհիվ ճիշտ երաժշտութուն է լսում, շատ գեղեցիկ նկարում է…տեսնենք, թե ինչ կդառանա հետագայում:

Տիկին Շահիրյան, մոր եւ տատիկի աչքերվ՝ ինչպիսի՞ հայր է Արման Մարգարյանը:

Տարիներ առաջ ես անգամ չէի մտածի, որ Արմանը կլինի այնպիսի հայր, ինչպիսին ես այսօր եմ նրան տեսնում: Նա իսկապես շատ լավ հայրիկ է, շատ հոգատար, ասես ապրում է Անրիի համար, յուրաքանչյուր հարցում առաջինը մտածում է որդու մասին, նա կարծես թե կողքին ոչինչ չնկատի, միայն Անրին: Ես հպարտանում եմ իմ տղայով, երբ տեսնում եմ, թե ինչպիսի հայրիկ է նա: Արմանը խիստ հայր է, բայց միաժամանակ շատ ազատություն է տալիս Անրիին, մի քիչ խենթ պապա է, ես իսկապես կյանքում չէի պատկերացնի, որ ինքը այսքան լավ պապա կլինի:

Առջեւում Ամանորն է, Ձմեռ պապին արդեն նամակ գրե՞լ եք:

Դեռ ոչ: Անկեղծ ասած, թոռնիկիս զարմացնելը մի փոքր դժվար է ինձ համար: Ամեն տարի տոնածառի տակ անվանական փոքրիկ նվերներ եմ դնում մեր տան անդամների համար, անցյալ տարի փոքրիկ Անրիի տոնական նվերը ժամացույց էր, որը նա կրում էր ողջ տարվա ընթացքում, այս տարի դեռ չգիետնք տատիկի միջոցով Ձեմեռ պապին ինչ կբերի:

Տիկին Շահիրյան, վստահ եմ, որ տատիկի կարգավիճակը Ձեզ դուր է գալիս, չե՞ք հորդորում որդիներին, որ Ձեզ կրկին թոռնիկներ պարգեւեն:

Իհարկե, շատ կցանկանայի, որ տղաներս ամուսնանան եւ ինձ էլ կրկին տատիկ դարձնեն, շատ կցանկանամ աղջիկ թոռնիկ ունենալ, քանի որ երազել եմ աղջիկ ունենալու մասին, բայց այդպես էլ չեմ ունեցել: Տղաներս դեռ չեն մտածում ամուսնանալու մասին: Անկեղծ մի բան ասեմ, ինձ այնքան էլ տատիկ չեմ զգում, Անրին կարծես թե իմ 3-րդ զավակը լինի:

Ամբողջական նյութը՝ սկզբնաբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին