▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի և Անժելա Սարգսյանի հետ հանդիպման մասին

Դիտեք նաև՝

Aysor.am-ը գրում է, որ զրուցել է  Կարեն Արայանի հետ, ում շատերը հիշում ու ճանաչում են 2011 թվականին դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց դեպքով: Երիտասարդն արդեն 8 ամիս է՝ ազատության մեջ է և պատրաստվում է իր՝ թվով 2-րդ ցուցահանդեսին:

Կարեն, որքանով տեղեկացված եմ՝ պատրաստվում եք ցուցահանդեսի:

Անկեղծ ասած՝ այս տարի էի նախատեսել, սակայն զբաղվածությունս շատ էր, մի պահ էլ երկրից բացակայեցի ու չհասցրեցի: Կարծում եմ, ամենաուշը ապրիլի 30-ին կլինի: Այս նկարները նկարել եմ դեռ կալանքի շրջանից, իմ հաշվարկով՝ 30 նկարներ կլինեն:

Ի՞նչ թեմայի մեջ է լինելու ցուցահանդեսը:

Այնպես ստացվեց, որ իմ առաջին ցուցահանդեսը կանանց թեմայով էր: Այս մեկն ավելի շատ «հակառեժիմային» թեմա ունի… Խոսքս քաղաքականության մասին չէ, այլ զուտ իմ տեսանկյունից անդրադարձել եմ այն ամենին, ինչ ապրել եմ: Սա ավելի շատ հոգու ազատության մասին է: Կտավին եմ հանձնել այն, ինչ ես եմ տեսնում, զգում, նկատում: Այս լեզվով արտահայտում եմ իմ մեջ կուտակվածը: Ցուցահանդեսի համար նախատեսված նկարներից ոչ մեկը չեմ հրապարակել, որպեսզի և՛ միտքը չգողացվի, և՛ հետաքրքրությունը չկորի:

Դուք նաև նկարել եք հայ հայտնիների դիմանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված նման նախասիրությունը:

Այո, բայց այդ դիմանկարները զուտ իմ հետաքրքրության համար եմ նկարել և ոչ թե ցուցահանդեսների: Ճիշտ է, մեծ սիրով եմ նկարել իմ բոլոր նկարները, բայց նպատակն այլ էր. ժամանակս էի լցնում ու այդ նկարները սիրով նվիրում հասցեատերերին:

Նշեցիք, որ ցուցահանդեսը «հակառեժիմային» թեմա ունի, բայց, ամեն դեպքում, ի՞նչ խորագիր կունենա:

Դեռ հստակ չեմ մտածել խորագրի մասին, բայց այն ևս ազատության հետ կկապեմ: Գուցեև կրի «Ազատ եղեք» խորագի՞րը: Չգիտեմ:

Կարեն, երեք ու կես տարի անազատության մեջ եք անցկացրել, այո՞:

Գիտեք, ես անազատության մեջ երբեք չեմ եղել:

Իսկ այդ երեք ու կես տարի՞ն:

Դա ընդամենը տարածքազրկում էր: Չկա մեկն, ով կարող է ինձ ազատազրկել. իհարկե, կարող են տարածքազրկել, ժամանակազրկել, առողջազրկել, բայց ոչ ազատությունից զրկել: Դա իմն է, իմ մեջ է: Ազատություն ասելով չեմ հասկանում, թե ինչ է՝ 10 քայլ ավել ազատ տարածք ունեմ, նշանակում է ազատ եմ: Ո՛չ, դա ազատություն չի: Ազատությունն այն է, որ նույնիսկ այդ ձեռնաշղթաների մեջ քո ազատությունը չի սահմանափակվում, անխոցելի է… Այնպես որ, այդ ազատազրկում բառը ինձ չեմ վերագրում, չեմ համարում, որ ազատազրկված կյանքում եմ եղել:

Ամեն դեպքում՝ սահմանափակ տարածքում եք եղել. ըստ հանցագործությունների ծանրության, արդյոք տարբերակված մոտեցում կա կալանավորների նկատմամբ:

Գիտեք, մարդ կա իր ուսերին 3 հատ սպանություն ունի, մարդ էլ կա՝ վթարի արդյունքում է հայտնվել այնտեղ, բայց երկուսի նկատմամբ էլ հավասար վերաբերմունք կա: Վաղաժամկետ ազատվելու ժամանակ բոլորին պարտադիր նույն հարցն են տալիս՝ «Ուղղվե՞լ ես»: Ո՞վ կարող է ինձ ասել, այդ վթարի ենթարկվածի ինչը՞ պետք է ուղղվի: Եվ հետո, մարդը ձևավորվում է մինչև 15 տարեկան, որոշ դեպքերում՝ 20, ու այդպես էլ ամբողջ կյանքում մնում է… Մարդկանց հաճախ սարքում են «գիժ», հետո էլ ասում՝ դատենք: Դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչդ քեզ դասից հանում է, գուցեև վրադ ձեռք բարձրացնում՝ ասելով, որ դասդ չես սերտել, սա քեզ պատիժ, որ մյուս անգամ սովորես: Բայց դրանից ավելի ես ջղայնանում չէ՞, նորից չես սովորում ու ատում ես և՛ առարկան, և՛ դասավանդողին: Իսկ երբ նույնիսկ չսիրածդ առարկայի դասատուն քեզ ուղղակի սաստում է, ասում՝ «ամոթ քեզ», ամեն ինչ անում ես, որ լավ սովորես, հաջորդ անգամ ամոթով չմնաս: Նույնն է նաև այս դեպքում. ամեն ինչ փոխադարձ պետք է լինի, որպեսզի մարդը այս երկիրն ընկալի ոչ թե որպես պետություն, այլ՝ հայրենիք: Էլի իմ հողն ու ջուրն է, իմ ժողովուրդը, մանկությունս այստեղ է անցել, բայց արդեն վերաբերմունքդ փոխվում է, հիասթափվում ես, քեզ դավաճանված ես զգում:

Ձեր խոսքերից կարելի՞ եզրակացնել, որ մտածում եք Հայաստանից հեռանալու մասին:

Ճիշտն ասած՝ ունեմ նպատակ այստեղից գնալու, որովհետև այստեղ չեմ տեսնում ապագա, հույս, որ կարող ես ինչ-որ մի բան անել ու գնահատվել, «շառի» մեջ չընկնել: Կարծես անընդհատ լարված լինես, չես կարողանում թուլանաս ու կենտրոնանաս, կենկրետ քո գործով զբաղվես: Գնալ ցանկանալուս միակ պատճառը դա է, թե չէ ես ոչ մեկից պակաս չեմ սիրում իմ հայրենիքը, իմ Երևանը:   

Կարեն, գաղտնիք չէ, թե ինչ պատճառով էիք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Հետաքրքիր է, կանանց նկատմամբ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է այս ողջ պատմությունից հետո:

Մի կինը չի կարող փոխել տղամարդու կարծիքն ու վերաբերմունքը մնացած բոլոր կանանց նկատմամբ: Այն, ինչ փոխվում է, առընչվում է միայն այդ մեկ հոգուն, բայց նրանով ոչինչ չի որոշվում. ինչպես միշտ՝ ինձ համար կինը մնում է կին:

Զգուշավոր չե՞ք դարձել կանանց հետ շփման մեջ:

Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա մի քիչ ավելի ամրապնդվել է: Չես ցանկանում հավատալ, որ կարող է նորից նման բան կրկնվել…

Գիտեմ, որ խուսափում եք այս թեմայի շուրջ խոսելուց, բայց փորձենք չշրջանցել. ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ եք Ձեր՝ անազատության մեջ հայտնվելու պատճառ դարձած անձին:

(Մտածում է) չէ…

Խուսափե՞լ եք հանդիպումից:

Ուղղակի այնպես է ստացվել, որ չենք հանդիպել, ցանկություն էլ չեմ ունեցել հանդիպելու…

Պարզաբանելու հարցեր չունեի՞ք:

Այդ պարզաբանման նպատակը, իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ կփոխվի, ո՞վ դրանից իրեն ավելի լավ կզգա, ի՞նչ կորուստ կվերականգնվի. ո՛չ մի:

Գիտեմ, որ բանտում գտնվելու ընթացքում ամուսնացել եք, ընտանիք եք կազմել:

Արդեն՝ ոչ, ինչպես ամուսնացանք, այդպես էլ ամուսնալուծվեցինք: Բայց պատճառները կարևոր չեն, չեմ մանրամասնի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին