Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Aysor.am-ը գրում է. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Լուսին Վարդանյանին հեռուստադիտողը էկրաններին հաճախ չի հանդիպում: Սակայն այս դեպքում պատճառը ոչ թե չպահանջվածությունն է, այլ դերասանուհու նախասիրությունը: Կայքը զրուցել է վերջինիս հետ ներկայիս գերզբաղվածության, սերիալային վերադարձի ու անձնական կյանքի մասին:
Լուսին, ժամանակին Ձեզ հանդիպեցինք Հանրային հեռուստաընկերության «Հանուն սիրո» սերիալում: Այնուհետև, կարծեք, թե լռություն պահպանեցիք այդ ոլորտում: Ինչո՞ւ:
Այո, այդ սերիալից հետո մերժում էի առաջարկները՝ փորձելով ընտրել ամենաորակյալը: Բայց այդպես էլ չեղավ այնպիսի նախագծի առաջարկ, որտեղ ինձ տեսնում էի: Իսկ հետո արդեն ամուսնացա, բալիկ ունեցա և ժամանակս տրամադրում էի ընտանիքիս:
Բայց թատրոն, կարծեք թե, շուտ վերադարձաք:
Ճիշտ եք նկատել, այո: Աղջիկս երկու ամսական էր, որ վերադարձա բեմական գործունեությանս, բայց խաղում էի միայն իմ ներկայացումները, որոնք ամսվա մեջ երկու-երեք անգամ էին լինում: Այժմ էլ նոր ներկայացում ենք պատրաստում, որը բեմադրում է Ժան Նշանյանը: Դերս, իր ժանրով և տեսակով, տարբերվում է մյուսներից: Գիտեք, արդեն շատ մեծ ցանկություն ունեի խաղալ դրամատիկ այնպիսի մի դեր, որով կկարողանամ որպես դերասան դրսևորել ամբողջ կարողություններս:
Երիտասարդներն այսօր իրենց ինչպե՞ս են զգում թատրոնում: Ֆինանսական բավարարվածությունը համահո՞ւնչ է հոգևոր բավականությանը:
Իմ թատրոնում ես ինձ գերազանց եմ զգում: Ինչո՞ւ իմ. որովհետև հենց այդպես եմ ընկալում: Չէի ցանկանա որևէ այլ թատրոնում աշխատել: Ինչ վերաբերում է ֆինանսի և հոգևորի հավասար բավարարությանը, ապա իհարկե համահունչ չէ, բայց այն, ինչ թատրոնն է տալիս, չի կարող չափվել որևէ ֆինանսական միավորով: Չեմ ժխտի, ցանկալի կլիներ թատրոնով շատ ավելին վաստակել, բայց միևնույն է, հանուն բարձր աշխատավարձի՝ երբևէ թատրոնը չեմ թողնի:
Լուսին, էկրանային հանգստի շրջանը շարունակվո՞ւմ է:
Վերջերս ռեժիսոր Քաջայր Հակոբյանից առաջարկ ստացա՝ նկարահանվել «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմում՝ գլխավոր դերում: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Շատ լավ անձնակազմ էր հավաքվել, նույնիսկ համաձայնել էին, որ փոքրիկիս ինձ հետ նկարահանման հրապարակ տանեմ՝ քաղաքից դուրս: Սակայն հետո որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան, ինչի պատճառով չստացվեց համագործակցությունը: Հուսով եմ՝ կփորձենք մյուս նախագծում միասին աշխատել: Այժմ առաջարկ ունեմ նկարահանվելու սերիալում: Նորից լավ կազմ է հավաքվել ու սիրով համաձայնել եմ:
Եթե չեմ սխալվում, խոսքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» սերիալի մասին է: Ձեր կերպարի մասին մի փոքր կբացե՞ք փակագծերը:
Այո, այդ սերիալի մասին է: Նախ ասեմ, որ խաղալու եմ Սոֆի Դևոյանի հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Նրա աղջկան եմ մարմնավորելու: Բարի, իր ուժերի, համոզմունքների վրա վստահ, հաջողակ ու դրական աղջիկ է իմ կերպարանավորած Կամիլան: Սակայն հայրը ավտովթարից մահանում է ու Կամիլան, ով անսահման էր սիրում հորը, վրեժխնդրությամբ է լցվում: Փորձում է գտնել պատճառն ու պատժել սպանողին:
Դուք գեղեցիկ արտաքինով, հետաքրքիր դերասանուհի եք, այն էլ ոչ ինքնուս՝ այլ Դրամատիկական թատրոնի: Ինձ թվում էր, Ձեզ պետք է հանդիպենք ամեն քայլափոխի՝ սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում:
Շնորհակալ եմ…Կարծում եմ՝ պետք չէ նույն դերասանին հանդիպել ամեն քայլափոխի, ավելի լավ է՝ ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում (ժպտում է): Ինչ վերաբերում է պահանջված դերասան լինելուն, իհարկե՝ հաճելի երևույթ է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում