Երեկ հայ կանանց՝ մարտի 8-ին ընդառաջ իսկական տոն էր պարգևել ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը:
«Ռուսաստանի ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի կատարած հատկապես երկու երգ շատ են սիրվել են Օպերայի և ազգային բալետի դատրոնի դահլիճում ներկա կանանց կողմից ու արժանացել նրանց երկար ծափահարություններին:
Asekose.am-ի տեղեկություններով՝ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ում հրավերով է Նիկոլայ Բասկովը ժամանել Հայաստան, համերգի նախաձեռնության գաղափարը ներկայացնելուց առաջ ռուս երգչին «խնդրանք-պայման» է ներկայացրել, որ անպայման պետք է սովորի երկու հայկական երգ ու վարժ հայերենով կատարի երևանյան բեմից:
Եվ այդ երգերը եղել են «Սիրո ամառ»-ն ու «Երևանի սիրուն աղջիկ»-ը, որոնց տեքստերը՝ հայերենով , սակայն ռուսատառ, անձամբ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանն է գրել և ուղղարկել Նիկոլայ Բասկովին ու նաև կատակով նշել՝ «Հարգելի Նիկոլայ, եթե կսովորես՝ կերգես Երևանում, չես սովորի՝ուրեմն չես երգի...»:
Նիկոլայ Բասկովը, ինչպես երևաց նրա երեկվա ելույթից, կարողացել էր վարժ սերտել հայկական ամենասիրված երկու երգերի տեքստերն ու իմաստը և այն բավականին հոգեթով ներկայացնել հայ կանանց համար կազմակերպված համերգին, որը սկսելուց առաջ ռուս հայտնի երգիչը, մասնավորապես, ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում: Միշտ երազել եմ մենահամերգով Երևան գալ: Թե չէ` կամ հարսանիքների, կամ ծննդյան օրերի եմ գալիս: Բայց վերջապես երազանքս իրականություն դարձավ շնորհիվ Հայաստանի հիասքանչ, գեղեցիկ առաջին տիկնոջ: Ես առաջին անգամ առաջին տիկնոջ հետ հանդիպել եմ «Նոր ալիք » մրցույթի ժամանակ: Արագ անցա նրա կողքով այդ խառնաշփոթի ժամանակ, հետո պպտվեցի ու տեսա, որ Հայաստանի առաջին տիկինն է և ինչպես ասում են «ընկա նրա ոտքերի առաջ»: Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ նման հիասքանչ, զգացմուքնային կանանց հետ հանդիպելու հնարավորություն ունեմ: Առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են տղամարդիկ կանգնած, իսկ կանայք` նստած: Տղամարդ արտիստի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել ձեր երջանիկ և հուզական աչքերը»:
Հիշեցնենք, որ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ՝ վերջին տարիներին ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ մարտի 8-ի առիթով կազմակերպված տոնական անակնկալին մասնակցում են Հայաստանի տարբեր` գիտակրթական, մշակույթի, առողջապահության, հասարակական-քաղաքական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած ու անկախ Հայաստանի զարգացման գործում ավանդ ունեցած կանայք:
Հեղինակ՝
Անահիտ Հարությունյան
Լիլիթ Նավասարդյան