▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ուժ ու ավյուն ենք ներդրել. Արփին՝ նոր տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Հանգստայան օրերը երգչուհի Արփի Շահնուբարյանի համար առանձնակի կարեւորությամբ նշանավորվեցին. Բալիկի ծնունդին հաջորդող տեւական դադարից հետո երգչուհին վերջապես ներկայացրեց իր նոր՝ «Թամզարա» տեսահոլովակը:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նախ նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ տեսահոլովակը պատրաստ էր, սակայն Արցախում կատարված դեպքերի պատճառով երգչուհին նպատակահարմար չի գտել ավելի շուտ ներկայացնել այն, ապա պատմեց «Թամզարայի» ստեղծման մանրամասների մասին.

«Այս երգն իմ «Գանձեր» ձայնասկավառակի առաջին երգն է ու դեռես այն ժամանակ այս երգի վրա շատ մանրամասն ենք աշխատել, քանի որ որպես առաջին երգ՝ պետք է տպավորիչ լիներ: Երգը մշակել է Գարեգին Առաքելյանը, ով ժողովրդի կողմից բազմիցս լսված այս երգը բոլորովին այլ կերպ է կառուցել: «Թամզարան» հնում համարվել է հարսանեկան կատակ երգ-պար, որոնք պարել են հայկական հարսանիքների ժամանակ: Հետեւելով ժամանակակից երիտասարդների ճաշակին՝ կարծում եմ, մեր օրերում էլ «Թամզարան» իր տեղը կունենա հայկական հարսանիքների ժամանակ»,- պատմեց Արփին ու խոսեց տեսահոլովակի մասին.

«Երգն ինքնին հարուստ էր ու տեսահոլովակը ավելորդ ծանրացնել պետք չէր: Երգը լսելուն պես ԴերՀովան, ով ռեժիսորն է հանդիսանում, ասաց, որ վայրկյան առ վայրկյան ամբողջովին պատկերացնում է, թե ինչպես է պետք այն էկրանավորել, ինչում իր մեծ աշխատանքն ունեցավ օպերատոր Սուրեն Թադեւոսյանը. ԴերՀովան որպես ռեժիսոր մեծ պատասխանատվությամբ է աշխատել ամեն դետալի վրա. նրան շատ եմ շնորհակալ այս հիանալի աշխատանքն  ինձ պարգեւելու համար։ Ուզում էինք, որպեսզի մոդեռնը միաձուլված լիներ ժամանակակիցի հետ, ինչը, ըստ իս, ստացվել է մեզ մոտ: Մեր համատեղ որոշումն էր, որ ողջ տեսահոլովակը նկարահանվի տաղավարում ու շեշտը դրվի կերպարների ու պարային կատարումների վրա: Ի դեպ՝ տեսահոլովակում եւս մեկ անգամ իրենց տաղանդը ցուցադրեցին Անդրանիկ Մանուկյանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը եւ Սոֆի Դեւոյանի սաները, նրանց գեղեցիկ ու խրոխտ պարի միջոցով երգի հնչյուններն ավելի տպավորիչ են դարձել»:

Տեսահոլովակում Արփիի ոճով ու կերպարներով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը.

«Ինչպես տեսահոլովակը, այնպես էլ իմ կերպարները պետք է հնի ու նորի միախառնում լինեին, ինչն էլ հրաշալի կերպով իրականացրեց Արամ Նիկոլյանը, ով նման զգեստների ստեղծման մեծ վարպետություն ունի: Կերպարներիս ամբողջականությունն ապահովելու համար հարկավոր էր նաեւ ճիշտ զարդերի ընտրություն, ինչում էլ իր մեծ աջակցությունը ցուցաբերեց զարդարվեստի մեծ վարպետ Լինա Գագիկյանը»,- հավելեց երգչուհին ու շեշտեց.

«Ես հավատում եմ էներգիայի մեծ ուժին ու այս դեպքում տեսահոլովակը դիտելիս, երբ մեծ էներգիա ես ստանում, դա արդյունքն է այն թիմի, որը սիրով աշխատեց այս տեսահոլովակիս համար: Իսկապես մենք մեծ ուժ ու ավյուն ենք ներդրել, որպեսզի ստանանք այն, ինչ այսօր արդեն հանդիսատեսի դատին է հանձնված»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին