Երեկ երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրին իրենց համատեղ աշխատանքը: «Նրանց բաժին սերը» կարծես ոչ միայն չսիրվեց, այլև բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ:
Asekose.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, ով, խոսելով վերոնշյալ համագործակցության մասին, նշեց, որ չնայած նրան,որ Լիլիթն ու Արմանն իր ընկերներն են, այնուամենայնիվ, չի կարող չարտահայտվել ու չկիսվել իր իրական տպավորություններով:
«Այն, ինչ մենք տեսանք, շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ բան է, եթե միայն ձայնն իջեցնենեք: Իսկ այն ինչ լսեցինք, ինձ համար տհաճ մի բան էր»,- նշեց Արթուրն ու ավելացրեց,- «Ե՛վ Լիլիթը, և՛ Արմանը տաղանդավոր երգիչներ են, ովքեր սխալ ընտրություն են արել: Իրենց կարծիքով՝ դա կոմերցիոն երաժշտություն է, ինչը կարող է աղմուկ բարձրացնել միայն դրական առումով: Սակայն եղավ հակառակ պատկերը: Շատերն էլ կան, ովքեր չեն հասկանա մեր քննադատությունը, կընդունեն դա որպես չարախոսություն: Իսկ լավ հասկանալու համար պետք է հիշենք, թե մենք որտեղից ենք եկել, պետք է լավ իմանանք մեր անցյալն ու դրա հիման վրա պահենք ներկան: Մենք չենք մեծացել այդ կլկլոցների մեջ, ինչու պետք է այսօր կլկլոցով հանդես գանք: Այդ արաբա-պարսկական կլկլոցները մեզ վայել չեն»:
Արթուր Իսպիրյանը խոստովանեց, որ ցավով է այս ամենն ասում, քանի որ և՛ Լիլիթը, և՛ Արմանն իր ընկերներն են, որոնց հետ ունի շատ լավ հարաբերություններ:
«Թեև նրանք իմ ընկերներն են, բայց այս դեպքում նրանք արժանի են քննադատության: Արմանն ինձ համար լեգենդ համարվող Ռուբեն Մաթևոսյանի աշակերտն է: Էլ ինչ կարող եմ ես ասել: Այն ինչ նրանք արեցին, չի կարող արժանանալ գովեստի խոսքերի: Բավականին մեծ գումար էր ծախսվել տեսահոլովակի վրա, ինչը չգնահատվեց, քանի որ կլկլոցը չէր թողնում ուրիշ բան նկատել»:
Արթուր Իսպիրյանը նշեց, որ բավական երկար ժամանակ, ինչ չի կարողանում այս խնդրի լուծումը գտնել.
«Ես պարզապես չեմ կարողանում պայքարի ձևը գտնել: Երևի թե առաջինը հեռուստաընկերությունները պետք է չհեռարձակեն ու չպրոպագանդեն կլկլոցը: Չգիտեմ, թե երբ դուրս կգանք այս փնթի վիճակից: Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակենք մերը ստեղծել, իսկ իրենք`երևի իրենցը»:
Ա. Հարությունյան