▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս գումար պետք է, բայց դա ինքնանպատակ չպետք է դարձնել. Վահագն Գալստյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը, ով «Տնփեսա» սիթքոմից հետո դեռեւս ոչ մի հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս:

Վահագն, «Տնփեսա»-ն վերջին հեռուստատեսային նախագիծն էր, որից հետո ասես էկրանային դադարի մեջ եք: Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, չէ որ մարդիկ կարոտում են Ձեր կոլորիտային կերպարները:

- Շատ ուրախ եմ, որ այդ կարոտը կա, բայց տխուր եմ, որ առաջարկում են բաներ, որոնցից  առավել որակով գործեր արդեն արել եմ: Այս շրջանում լավ առաջարկների բացակայության, ինչպես եւ իմ ցանկությունից ելնելով՝ մխրճվել եմ ավելի թատերական գործունեության մեջ:

Որքանով հիշում եմ, մեկ տարի առաջ հենց այս նպատակն էլ ունեիք՝ մի որոշ ժամանակ կենտրոնանալ թատերական գործունեության վրա:

- Թատրոն մուտք եմ գործել 1992թ-ին ու արդյունքում արդեն 24 տարի է թատրոնը դարձել է իմ հարազատ տունը: Դրամատիկական թատրոնում անցավ պատանեկությունս ու երիտասարդությունս, հիմա արդեն ասում են, թե կամաց-կամաց համալրում ենք Դրամատիկականի ավագ սերունդի շարքերը, ինչին չեմ կարողանում հավատալ ու հարմարվել: Այո, մի որոշ ժամանակ հեռտուստատեսային գործունեությանս ստիպված ավելի շատ էի ժամանակ տրամադրում, քանի որ նկարահնումների էությունն է այդպիսին, ու այդ ընթացքում իսկապես անասելի կարոտ էի զգում թատրոնային աշխատանքի նկատմամբ:

Այս պահին թատերական գործունեության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք եւ ինչե՞ր են արդեն իրականացվել:

- Անցյալ տարի Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ իրականացրինք «Փարիզյան դատավճիռ» ներկայացման պրեմիերան, որը մինչ այսօր խաղում ենք: Իսկ այս պահին զբաղված եմ Նարեկ Դուրյանի նոր ներկայացման մեջ: Սա շատ հետաքրքիր ու նմանը չունեցող կոմեդիա է, որի պրեմիերան մեր երկրում տիրող լարված իրավիճակների պատճառով ձգձգվում է, բայց հավանաբար ամռան առաջին ամսին տեղի կունենա: Այստեղ կերպարս շատ եմ հավանել, նա չարբախցի միլիցա Գնելն է, ով հայտնվել է սիրային խառնաշփոթում: Կերպարս կերտելու ընթացքում շատ մեծ հաճույք եմ ստանում, խաղում եմ Ռաֆայել Երանոսյանի, Նարեկ Դուրյանի եւ այլ հետաքրքիր դերասանների հետ: Այս ներկայացմանը բոլորս ոչ թե կհռհռանք, այլ խինդ ու ծիծաղ կունենանք:

Թատերական գործունեության մասով պետք է նշեմ նաեւ մեր նոր ներկայացման մասին. Դրամատիկական թատրոնի շրջանակներում ես ու Արտաշես Մխիթարյանը մի ներկայացման վրա ենք այս պահին աշխատում, որը կլինի տիպիկ մեր քաղաքի մասին: «Հիմարների ընթրիքը»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որը կատագերկություն է, բայց ես դրա մեջ շատ լուրջ ողբերգություն եմ տեսնում: Ռեժիսոր Արտաշես Մխիթարյանն ու մեր վարպետ Արմեն Խանդիկյանը այս ներկայացման ամեն վայրկյանի վրա շատ են աշխատում, իսկ ես այստեղ կներկայանամ բոլորովին ուրիշ կերպ: «Հիմարների ընթրիքը» Դրամատիկականի բեմում կներկայացնենք հավանաբար հունիսի վերջին:

Նշեցիք, որ աստիճանաբար ավագ սերունդի շարքերն եք համալրում, հետաքրքիր է՝ որպես ավագ սերունդ երիտասարդների նկատմամբ ի՞նչ կարծիք ունեք:

- Մեր թատրոնում շատ սահուն է կատարվում սերնդափոխությունները: Երբ ես եկա Դրամատիկական թատրոն, այստեղ աշխատում էին Լեւոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը եւ ինձ համար շատ այլ կարեւոր արվեստագետներ, ովքեր շատ լուրջ էին մոտենում մեզ ու հավատում էին մեր ուժերին: Այսօր էլ, Փառք Աստծո, նաեւ նրանց շնորհիվ մենք ամուր ենք  կանգնած մեր ոտքերի վրա եւ ունենք այնքան ներքին հավասարակշռություն, որ նույն կերպ վերաբերվենք նորեկներին: Այս հարցում իր շատ մեծ ներդրումն ունի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, մենք ունենք հստակ որոշում, եթե մեր թատրոնում լինեն լավ դերասաններ, դա մեր պատիվը կլինի:

Վահագն, վերադառնալով առաջարկներին, ուզում եմ հասկանալ հրավերները չե՞ն համապատասխանել որպես դերասան Ձեր ունեցած սանդղակին:

- Չէ, այնպես չէ, որ ես առանձնապես պահանջկոտ կամ բծախնդիր եմ ու միայն մեծ դերեր եմ ուզում խաղալ: Նույն նախորդ տարի աշնանը Ֆրանսիայից եկել էր ռեժիսոր Լեւոն Մկրտչյանը, ով այստեղ մի ֆիլմ էր նկարում ու ես ընդամենը երեք րոպեանոց տեսարանում նկարահանվեցի: Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել, միշտ էլ պարբերաբար եւ փոքրիկ, եւ մեծ դերեր եմ խաղացել ու հիմա էլ պատրաստ եմ: Ինձ համար կարեւոր է, թե ես ինչ եմ խաղում, այլ ոչ թե ինչ մասշտաբի: Եթե առաջարկ եմ ստանում հետեւյալ նախադասությամբ՝ թե բա մեջը փող չկա, բայց էս ենք ուզում անել, կամ ասում են՝ պետք է կերտես գաղութում նստած հանցագործի,  արդեն էլ չես ուզում լսես շարունակությունը:  Հասկանում եք՝ հա, էլի բոլորիս էլ գումար է պետք, բայց դա ինքնանպատակ չպետք է դարձնել, միշտ ասում եմ՝ ինչու չեք նկարում ասենք երկու փրկարարի կամ բժշկի մասին ֆիլմ, որոնց միջոցով կարելի է ցույց տալ մեր կյանքն ու առօրյան: Մենք անընդհատ գնացինք փողի հետեւից, որ էսօր էս վիճակում ենք, բայց ես այլեւս չեմ ուզում մասնակից լինել դրան. Ուզում եմ իմ արած գործից եւ ես գոհանամ, եւ ինձ դիտողը, որոնց շարքում երեխաներ էլ կան:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին