Այո, վերնագրում սխալ չկա... Սա հաղթանակ էր ....Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակչում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը, ազգային ժյուրիներին և հեռուստատադիտողների քվեարկության արդյունքում գրավեց 7-րդ տեղը:
Այս տարվա համաեվրոպական մրցույթում մեր մասնակիցը ոչ միայն իր գեղեցկությամբ գերեց բոլորին, այլ նաև իր խիզախությամբ:
Հիշեցնենք, որ առաջին կեսաեզրափակիչի ընթացքում, «Եվրատեսիլ-2016»-ի համերգասրահի կանաչ սրահում, Իվետա Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ծածանումից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել էր Հայաստանի հանրային հեռարձակողին` նշելով, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ:
Սրանից հետո կարծիքներ հնչեցին, որ երգչուհու լինելուց բացի` նախ և առաջ որպես հայրենասեր Իվետա Մուկուչյանը արդեն հաղթեց հենց իր առաջին ելույթով, թեկուզ նրա համար, որ «Եվրոնյուզով» գրեթե կես ժամը մեկ ցուցադրում էին Արցախի դրոշը:
Հեղինակ`
Ա. Գրիգորյան