«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի «1944» երգով հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) այս տարվա ապրիլին բացառիկ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին:
Հիշեցնենք, որ նրա երգը պարունակում է հստակ ուղերձներ՝ ուղղված Ռուսաստանին: Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար:
Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին:
– «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալու եք «1944» երգով, որի մասին այսպես եք արտահայտվել. «Ինձ համար սա շատ անձնական երգ է, և ես շատ կցանկանայի, որ նրանում առկա հաղորդագրությունը լսեն, և որքան հնարավոր է՝ շատ մարդիկ՝ և´ մեր երկրում, և´ մեր երկրից դուրս»: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման:
– Երգի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ես շատ փոքր էի: Իմ տատիկի մայրը՝ Նազիլխանը, ով վերապրել էր գաղթը, շատ է պատմել այդ իրադարձությունների մասին: Երբ սովետական բանակը մտել է Մալորեչենսկոյե (դա իմ տատիկի ու ամբողջ ընտանիքի հայրենի գյուղն է), նրանց դիմավորել են՝ ինչպես հերոս-ազատագրողների, ընդունել են տներում, հաց ու ջուր տվել, երգել նրանց համար: Այդպես շարունակվել է 5 օր: Իսկ մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, բոլորին ասել են. «Հավաքվելու համար ունեք 15 րոպե…»: Հետո բոլորին ուղղակի կենդանիների նման լցրել են բեռնատար վագոնները, զմռսել ու տարել Միջին Ասիա:
Այս թեման ողջ կյանքում ինձ հանգիստ չի տվել: Ինձ թվում էր, թե այդ ողբերգության մասին մոռացել են, ոչ ոք չի հիշում 10 հազար ղրիմյան թաթարների մասին, որոնք մահացել են այդ գնացքներում և հետո արդեն՝ Միջին Ասիայում: Նրանց հոգիները հանգիստ չեն գտել: Մոտ կես տարի առաջ ես որոշեցի դրա մասին երգ գրել: Սկզբում այն անվանեցի «Душі», (ուկր.՝ հոգիներ), տեքստն ուկրաիներեն էր, կրկներգը՝ ղրիմաթաթարերեն: Իսկ հետո որոշեցի անգլերեն տարբերակը ստեղծել ու այն անվանեցի՝ «1944»:
– Լսե՞լ եք Հայաստանի մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի երգը, հավանե՞լ եք այն:
– Այո, լսել եմ, փայլուն երգ է: Ինքը՝ Իվետան, արժանավոր կատարող է: Նա բոլոր շանսերն ունի՝ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու:
– Ես գիտեմ, որ Ձեր մայրը հայ է: Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, եղե՞լ եք Հայաստանում:
– Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ:
Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է:
Պատանեկության տարիներիս կարևոր հանդիպումն ինձ համար ծանոթությունն էր Ղրիմում հարգանք վայելող հայազգի կոմպոզիտոր և գործիքավորող, արդեն հանգուցյալ, Գենադի Ասցատուրյանի հետ: Նա սովորեցրել է ինձ ջազի հիմունքները, ստիպել լսել բարդ երաժշտություն, ինձ համար գործիքավորումներ արել: Ես Ասցատուրյանների ընտանիքի անդամ էի դարձել, գնում էի հայկական երեկոների…
Նյութն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի կայքում