Էմմին այս օրերին որդու` Դանիելի հետ Հայաստանում է: Այդ մասին երգչուհին հայտնել էր՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով մի լուսանկար, որում Նադեժդա Սարսգսյանը և փոքրիկ Դանիելը մասնակցում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին:
«Էմմին ավելի վաղ էր եկել: Պետք է հանգստանար, այդ պատճառով էլ փորձեցինք մի փոքր գաղտնի պահել նրա գալը, բայց չստացվեց»,-Asekose.am-ին ասաց երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:
Երջանիկ տատիկի խոսքով` ինքն այս պահին վայելում է դստեր և թոռան ներկայությունը.
«Այնպիսի զգացողություններ են, որ խոսքերով դժվար է բացատրելը: Ես ուղղակի երջանկությունով լի բուռն օրեր եմ անցկացնում: Թոռնիկս շատ դրական երեխա է, ամբողջ օրն ուրախացնում է մեզ: Արդեն նվագում և երգում է»:
Նադեժդա Սարգսյանի կարծիքով՝ փոքրիկ Դանիելը նման է Էմմիին.
«Նա հիշեցնում է Էմմիին` իր ինքնուրույնությամբ, լուրջ վերաբերմունքով: Այնպիսի հետաքրքիր բաներ եմ նկատում նրա մեջ. իր անկյունը ստեղծող երեխա է, ով ինքնուրույն կարող է զբաղվել իր խաղալիքներով: Հանգիստ երեխա է, նույնիսկ ինքնաթիռում չեն հավատացել, որ այդքան փոքր երեխան այդքան ժամ եղել է օդանավում` համարյա ձայն չհանելով»:
Իսկ այն հարցին՝ արդյո՞ք Էմմիի` Հայաստանում հաճախակի լինելը պայմանավորված է կարոտով, Նադեժդա Սարգսյանը պատասխանեց.
«Իրենք էլ չեն դիմանում կարոտին, բացի այդ էլ ինձ չի թույլատրվում երկար ժամանակ օդանավում լինել, այդ պատճառով նրանք են աշխատում գալ, որպեսզի երեխային տեսնեմ և ուրախանամ: Մինչ օգոստոսի սկիզբ, կարծում եմ՝ այստեղ կլինեն»:
Զրույցի վերջում երգչուհու հետ խոսեցինք նաև իր առողջական վիճակի մասին` հաշվի առնելով, որ վերջերս նա բուժման նպատակով Գերմանիայում էր.
«Ներկայումս կրկին բուժվում եմ, այս պահին էլ հիվանդանոցում եմ` քիմիոթերապիա եմ ընդունում: Միշտ էլ պետք է բուժվեմ, առհասարակ, բոլորս էլ պետք է բուժվենք: Ընդհանուր առմամբ, շնորհիվ Աստծո, լավ եմ ինձ զգում: Կուզեի, որ բոլոր հիվանդներն ինձ նման տրամադրված լինեն»,- իր խոսքը եզրափակեց Նադեժդա Սարգսյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Ամեն ինչ արեցի, որ նա համաձայնի. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի ամուսնության մասին