▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Ժակը պատրաստվում է հեղինակային իրավունքներ պահանջել Հանրայինից

Life.panorama.am-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կհեռարձակվի «Բենեֆիս» երաժշտական նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Ինչպես շատերը կհիշեն՝ տարիներ առաջ «Բենեֆիս» անվանմամբ կրկին Հանրայինի եթերում գործում էր նախագիծ, որը վարում էին ռադիո եւ հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակը: Թերեւս հենց այս հանգամանքն էր Լուսինե Բադալյանին ստիպել հանդես գալ հայտարարությամբ.

«Իրականում ուրախ եմ, որ էս հրաշալի նախագիծը վերակենդանանում է, բայց ի գիտություն ՝ կուզենայի հիշեցնել, որ սա Ժակի մտահղացումն էր՝ հեղինակային նախագիծը, որը ժամանակին հրաշալի իրականացրեց Հրաչ Քեշիշյանը: Մենք մինչև վերջերս բազմիցս դիմել ենք Հանրայինին՝ այն վերականգնելու համար, միշտ մերժվել ենք, ու հասկանալի է, որ ինձ կարող է թեթև ցավ պատճառել ՝ մեզ մերժելուց հետո իմանալ, որ այն այնուամենայնիվ արվում է՝ առանց նույնիսկ անունը փոխելու»:

Թեմայի շրջանակում կայքը կապ հաստատեց Ժակի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք հաղորդավարը պատրաստվում է հեղինակային իրավունքներ պահանջել Հանրային հեռուստաընկերությունից, որին պատասխանելիս՝ Ժակը սկսեց նախապատմությունից.

«2008-09 թթ-ներին «Բենեֆիս» նախագիծը ստեղծվեց իմ գաղափարով ու մտահղացմամբ եւ որոշակի հղկումներ ստանալով պրոդյուսեր եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից՝ այն հեռարձակվեց Հանրայինով: «Բենեֆիս» անունն էլ նախագիծը ստացավ մեր թիմի կողմից եւ մոտավորապես 11 համերգներ ունեցավ: Ընդ որում` այն ժամանակ նախագիծն իր ձեւաչափով առաջինն էր: Ինչ վերաբերվում է իրավունքների պաշտպանմանը, իհարկե, հաղորդումը պատկանում է Հանրային հեռուստաընկերությանը, ու հեղինակային իրավունքների մասին խոսելը գուցե այնքան էլ տեղին չէ: Այո, գաղափարն իմն էր, բայց իրագործել ենք Հանրայինի հետ միասին: Իհարկե, որոշակի նոստալգիկ ապրումներ ունեցա, դրան զուգահեռ ցանկություն կար հաղորդման շարունակությունն իրագործելու, որը այս տարիներին տարբեր պատճառներով հետաձգվեց, արդյունքում հիմա կարող եմ խոսել միայն բարոյական իրավունքների մասին, պաշտոնական որեւէ գրանցում այդ տարիներին չի եղել: Մի փոքր հուզականություն է առաջանում, երբ ժամանակին քո կողմից ծնունդ տված հաղորդումն ապրում է առանց քեզ, բայց որեւէ խնդիր չկա, ժամանակը շարունակում է առաջ շարժվել, ինքս էլ շատ ուրախ կլինեմ, որ նախագիծն իրականանա եւ յուրաքանչյուր հաջող եթերի մեջ կտեսնեմ նաեւ մեր մի մասնկը,- նշեց Ժակը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին