▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի աշխատակիցը Հասմիկ Պապյանի՞ն է «արվեստագեղցի» անվանում

Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նոր երաժշտական նախագիծի շուրջ հանրային վրդովմունքը լայն թափ է ստանում։

Համացանցի օգտատերերը, այդ թվում հայտնի ու սիրված արվեստագետներ, հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում  Հ1-ի մատուցած անճաշակության դեմ: 

Օպերային աշխարհահռչակ երգչուհի  Հասմիկ Պապյանն, օրինակ, գրել էր. «Ոտքի՛ հայ ժողովուրդ! Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

Սրանից հետո համացանցում ստորագրահավաք էր սկսվել՝ հաղորդումը փակելու պահանջով , իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խնդիրքն  արդեն իսկ ուղարկված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին։

Եվ ահա` ոմն Արթուր Մանուկյան, որ , ինչպես հետո պարզվեց, Հանրային հեռուստաընկերության աշխատակից է, պատասխան գրառում է կատարել, իր խոսքով,  «բոլոր չուզողների համար»:

«Բոլոր սուտի արվեստագետների համար, ամբիացիաները և ձեր ճաշակը օգտագործեք ձեր ստեղծագործություններում, այ արվեստագեղեր»,-գրել է Արթուր Մանուկյանը, որ, աշխատելով Առաջին Ալիքում,  կարծես տարվա մեջ հաճախ է լինում ԱՄՆ-ում ու այս գրառումն էլ է այնտեղից արել: 

Թե ինչ է անում Արթուր Մանուկյանը ԱՄՆ-ում, ինձ դեռ չի հետաքրքրում, սակայն հիմա ինձ մի հարց է հուզում՝ Հասմիկ Պապյանին, Վահան Արծրունուն ու Ռուբեն Հախվերդյանին է նա «արվեստագեղցի» անվանում: 

Սա արդեն մտածելու լուրջ տեղիք  է տալիս  ու հերթական անգամ համոզում, որ եթե մեր երկրում ինչ-որ բան   այն չէ, դրա հիմնական պատճառը ցավալի փաստն է, որ շատերն իրենց տեղում չեն ու պատահական մարդիկ են, որ ոչ դաստիարակություն ունեն, ոչ էլ մշակույթ: 

Իսկ սույն երիտասարդին ու նրա ղեկավարին ստիված ենք հիշեցնել որ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով և վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան, հաղորդում ու դեռ` մեր սիրելի ու համախոհ  արվեստագետներին համարձակվում են  «արվեստագեղցի» անվանել: 

 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին