▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Ամերիկյան կինոակադեմիան բողոք ներկայացրել «Երկրաշարժ» ֆիլմի դեմ

 

Ուրբաթ, հոկտեմբերի 7-ին, Ամերիկյան կինոակադեմիան բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա` Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի առաջադրման կապակցությամբ:

Բողոքը հիմնավորվում է այն փաստով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում ներառված են առավել մեծ թվով ռուսներ, քան հայեր, ինչը բավարար չէ «Օսկար» մրցանակի առաջադրման համար:

Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերակատարներ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոակադեմիան և ՀՀ մշակույթի նախարարությունը համաձայն չեն նշված բողոքի հետ: Մրցույթի հայտը կինոակադեմիա է ներկայացվել վերջիններիս աջակցությամբ՝ բոլոր կից փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերով (ռուսական կինոֆոնդի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ), ընդ որում կինոարտադրության ընթացքում պահպանվել է ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը:

Փաստաթղթերը ուղարկվել են երկուշաբթի օրվա առավոտյան, սակայն ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ում այդ օրը աշխատանքային չէր, հայտը անհրաժեշտ կերպով չի գրանցվել, և երեքշաբթի օրը մամուլին տրամադրված թեկնածու-ֆիլմերի ցուցակում հաշվի չի առնվել «Երկրաշարժ» ֆիլմի հետ կապված իրադրությունը:

«Ներկա պահին Ակադեմիան հաստատում է հայկական կողմից փաստաթղթերի ստացումը, և մենք թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հույս ունենք », - ասել է Ռուբեն Դիշդիշյանը: «Մեզ համար ցանկալի չի լինի կարծել, թե Ակադեմիայի այս որոշումը կարող է քաղաքական հիմքեր ունենալ: Բավական է միայն տեսնել ֆիլմի վերջնագրերը՝ համոզվելու, որ ֆիլմի ստեղծագործական թիմի 90 տոկոսը հայեր են՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից»:

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Ֆիլմ – աղետ՝ դրամա

105 րոպե

Ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան

Օպերատոր՝ Յուրի Կորոբեյնիկով

Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Դիշդիշյան

Պրոդյուսերներ՝ Արամ Մովսեսյան, Ղևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան

Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի, Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան

Կոմպոզիտոր՝ Հայկո

Դերերում՝ Կոնստանդին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Դանիիլ Իզոտով, Արտյոմ Բիստրով, Սաբինա Ախմեդովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Հրանտ Թոխատյան, Իրինա Բեզռուկովա, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Արմեն Մարգարյան, Արամ Նովոսարդյան, Արսեն Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Սարգիս Գրիգորյան, Հասմիկ Ալեքսանյան, Արևիկ Մարտիրոսյան, Միքայել Արամյան, Վրույր Հարությունյան, Սեբաստյան Սիսակ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազարից ավելի մարդու կյանք, ամբողջովին ավերելով մի քանի քաղաքներ:

Բնական աղետի ֆոնին զարգանում են ֆիլմի երկու հերոսների՝ 45-ամյա Կոնստանդին Բերեժնու և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի կյանքի պատմությունները: Տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարը խլել էր Ռոբերտի ծնողների կյանքը: Կոնստանդինը իր կյանքի 8 տարին անց է կացնում բանտում, իսկ նրա որդուն խնամում են բարեկամները: Անսովոր հանգամանքների բերումով Բերեժնին Լենինական է վերադառնում հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, դուստրը, որդին… և Ռոբերտը, ով ցանկանում է վրեժ լուծել ծնողների մահվան համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին