Վարդան Նահապետյանն առաջին հայ մոդելն է, ով դեռ ամիսներ առաջ առաջարկ է ստացել նկարահանվել հեղինակավոր «Playboy» ամսագրի համար: Առաջարկը ստանալուց հետո Վարդանն անմիջապես հայտնվեց մամուլի և համացանցային օգտատերերի ուշադրության կենտրոնում, ովքեր քննադատաբար մոտեցան այդ ամենին: Asekose.am-ը զրուցել է մոդելի հետ՝ «Playboy» ամսագրում նկարահանվելու և դրա դիմաց մեկ միլիոն դոլար ստանալու, իր հասցեին հնչած քննադատությունների և այլ մանրամասների մասին:
«Առաջին հերթին նշեմ, որ այս առաջարկը շատ պատահական եմ ստացել: Անկեղծ ասած՝ մինչ այդ հետևում էի «Playboy»-ի Նիդերլանդների ներկայացուցչին և ըստ այդմ՝ իմ սոցիալական էջից հավանություններ էր գնում իրենց էջ: Եվ մի օր էլ նամակ եմ ստանում Նիդերլանդներում գտնվող իրենց խմբագրությունից, որում ասվում էր, որ նրանք մեկ միլիոն դոլարի դիմաց առաջարկում են ինձ նկարահանվել իրենց ամսագրի համար»,- պատմեց Վարդանը՝ նշելով, որ սկզբում թերահավատորեն է վերաբերել այդ առաջարկին:
«Սկզբում չէի հավատում, որ այդ առաջարկը լուրջ էր: Սակայն ստուգելով նրանց ֆեյսբուքյան էջի իրական լինելը և խորհրդակցելով մի քանի գործից գիտակ մարդկանց հետ՝ հասկացա, որ այն իսկապես «Playboy»-ի ներկայացուցիչների առաջարկն է»,- շարունակեց Վարդան Նահապետյանը:
Նշենք, որ Վարդանի մի քանի լուսանկար հրապարակվել է «Playboy»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որի միջոցով տեղեկացվել է նաև, որ Վարդանին մեկ միլիոն դոլար կամ BMW X6 մակնիշի մեքենա է խոստացվում, եթե վերջինս համաձայնվի մերկանալ որպես առաջին հայ տղամարդ:
«Ֆոտոշարքի խորագիրը պետք է լիներ այսպես՝ «Մերկացող առաջին հայ տղան»: Առաջարկը ստանալուց հետո անկեղծ պետք է ասեմ, որ չէի հասկանում՝ արդյոք դա ինձ համար հաջողություն կլինի, թե հակառակը: Բայց խորհրդակցելով մի քանի լուրջ մարդկանց հետ՝ հասկացա, որ ամեն դեպքում պետք չէ ընդունել առաջարկը, քանի որ այն լինելու էր շատ բաց ֆորմատով, ինչը հետագայում ինձ կկանգնեցնի լուրջ խնդիրների առջև»,-ասաց Վարդան Նահապետյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ քանի որ ներկայումս մտադրություն ունի իր գործունեությունը շարունակել նաև շոու բիզնեսի ոլորտում, ապա «Playboy»-ում նկարահանվելու հանգամանքը գուցե խոչընդոտ հանդիսանար դրա համար:
«Այս պահին ես արդեն պաշտոնապես մերժել եմ ամսագրում նկարահանվելու առաջարկը, սակայն նրանց կողմից որևէ պատասխան դեռ չեմ ստացել»,- տեղեկացրեց մոդելը:
Asekose.am-ի հետ զրույցում Վարդանն անդրադարձավ նաև իր մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնք որ, ինչպես ինքն է նշում, չեն համապատասխանում իրականությանը.
«Չեմ ցանկանում ընդլայնվել այս թեմայի շուրջ, ուղղակի կասեմ, որ ինձ վերաբերվող նյութերում կա ընտանիքիս վերաբերյալ տեղեկություն, որն ուղղակի աբսուրդ է: Սրա վերաբերյալ ես ընդհանրապես ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չեմ տվել: Բացի դրանից, իմ անձի վերաբերյալ էլ են առեղծվածներ գրվում, մի խոսքով՝ էժան հոդվածներ»,- մանրամասնեց մոդելը:
Այն դիտարկմանը, որ գուցե «Playboy»-ի առաջարկի ընդունումն իր համար միջազգային հարթակներում հայտնվելու հնարավորություն կընձեռներ, Վարդան Նահապետյանը շեշտեց.
«Գիտեք, ինքս իմ տեսակով համարձակ մարդ եմ, գուցե ես այդ ամենին որպես մշակույթ եմ նայում, բայց քանի որ իմ հետագա ստեղծագործական գործունեությունը կապված է նաև Հայաստանի հետ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյոք կարող եմ այդքանից հետո Հայաստանում մնալ և արդյոք մարդիկ կկարողանան ինձ նորմալ ընդունել: Այսինքն՝ ես չեմ ցանկանում, որ մարդիկ ինձ ընդունեն որպես մերկացող պոռնոաստղի կամ, օրինակ, մի մարդու, ով պատրաստ է հանուն փողի մերկանալ»,- ասաց մոդելը՝ հավելելով, որ արտերկրում ապրելու հնարավորության դեպքում չի բացառում իր մասնակցությունը նման ֆոտոշարքերում:
Հետաքրքրվելով, թե իր գործունեությանը ինչպես են վերաբերվում ծնողները, Վարդանն ասաց.
«Սկզբնական շրջանում ծնողներիս կողմից որոշ միջամտություններ եղան, այդ պատճառով որոշեցի ընդունվել համալսարան, որպեսզի իմ հիմնական մասնագիտությունը ունենամ, որով որ կկարողնամ, համենայն դեպս, Հայաստանում ինձ ապահովել (Վարդանն այս պահին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է), բայց այժմ նրանք նորմալ են վերաբերում իմ մոդելային աշխատանքին»:
Իսկ ինչ վերաբերում է շրջապատի կարծիքներին, որոնք որ ոչ միշտ են, որ դրական են լինում, Վարդանը բացահայտեց, որ «Playboy»-ում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո իրեն շրջապատող մարդկանց թիվը էապես նվազել է.
«Անկեղծ ասած՝ «Playboy»-ի առաջարկը ստանալուց հետո իմ շրջապատը կարելի է ասել, որ 70%-ով մաղվեց: Այսինքն՝ կողքիս մնացին միայն ինձ շատ հարազատ մարդիկ, իսկ մյուսներից օտարացա, քանի որ նրանց կողմից այդ ամենը նորմալ չընդունվեց»,- անկեղծացավ Վարդան Նահապետյանը:
Նրա խոսքով՝ շուտով ինքը կնկարահանվի Glance Hollywood ամսագրի համար, որը լույս է տեսնում Միացյալ Նահագներում, ինչպես նաև շատ շուտով իր հարցազրույցը կտպագրվի հեղինակավոր IQ ամսագրում:
Խոսելով իր առջև դրված նպատակների մասին՝ Վարդանը բացահայտեց, որ իր համար առաջնային է կայացած մարդ դառնալը.
«Ինձ համար ամենակարևորն այս կյանքում հետք թողնելն է: Ես ինքս ունեմ կարգախոս, որով որ առաջնորդվում եմ ցանկացած քայլ կատարելուց առաջ՝ «Առաջին հերթին ինքդ քեզ հաղթիր, այդպես դու կհաղթես բոլորին». հենց այսպես էլ ես ապրում եմ»,- նշեց Վարդանը:
Զրույցի վերջում Վարդան Նահապետյանը ավելացրեց, որ այս պահին սեփական ձայնագրման ստուդիայում զբաղված է իր երգերով, որոնցից մեկի հիման վրա շուտով կնկարահանի տեսահոլովակ: Ինչպես նաև մոդելը մտադրություն ունի թողարկել իր ձայնասկավառակը, որը նախատեսված կլինի բացառապես online տարբերակով վաճառվելու համար:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան