▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում. Արտաշ Ասատրյան

«Այն մարդիկ, ովքեր չարախոսում են ու վատ են արձագանքում հորս`Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն, պետք է ասեմ, որ նրանք փոքրամասնություն են: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերն ուրախ են այս փաստի առիթով: Վստահ կարող եմ ասել, որ որոշ մարդկանց վատ արձագանքը միայն նախանձի նշան է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արտաշ Ասատրյանը`անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին:

Արտաշի խոսքով` իր հայրն այն մարդն է եղել, ով բազմաթիվ ընտանիքների է ուրախացրել, ամուսնացրել, և չի կարելի նման մարդու մասին վատ կերպ արտահայտվել:

Արտաշը նշեց, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվել է իր հոր անունով բացառապես ժողովրդի պահանջով ու ցանկությամբ.

«Մինչ Էջմիածնի քաղաքապետի որոշումը, ժողովուրդն ինքն այդ փողոցն անվանակոչել էր Արամի անունով: Մինչ այս եթե դուք գործով լինեիք Էջմիածնում, ինչ-որ պատվեր անեիք կամ հասցե հարցնեիք, միանշանակ իմացեք, որ բոլոր մարդիկ հորս անունով կնշեին փողոցը: Իսկ ես շնորհակալ եմ իմ ընկերոջը, մեր քաղաքապետին, ով ժողովրդի ցանկությունը դարձրեց իրականություն»:

Երգիչն անդրադարձավ նաև երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի այն դիտարկմանը, ըստ որի` մեր ժողովրդի մեծ մասի տգիտության արդյունքն է, որ Արամ Ասատրյանի անունով փողոց է անվանակոչվել.

«Չգիտեմ` Ռուբեն Հախվերդյանն ինչու է այսպես արտահայտվել, համենայն դեպս ես իրեն միայն առողջություն եմ ցանկանում: Թող միշտ իր ընտանիքի գլխից անպակաս լինի, իսկ մնացածի մասին ինքն ավելորդ բաներ խոսելու իրավունք չունի»:

Զրույցի վերջում Արտաշը  անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին,  Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին:

«Գուսան հայրս ձեր թվարկածներից որևէ մեկին ոչնչով չի զիջում և որևէ մեկից ոչ մի բանով պակաս չէ: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկ չի հասել»:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին