▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կվարվեր Լուիզա Ներսիսյանը, եթե աշխարհում վերջին և միակ կինը լիներ

 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն հանդես է գալիս «Ռեստարտ 2020» սիթքոմում: Asekose.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ սիթքոմում իր մարմնավորած կերպարի, դրա առանձնահատկությունների, ԱՄՆ-ում ներկայացումով հանդես գալու և իր և Սոս Ջանիբեկյանի համագործակցության մասին:

 

 

 

 

 

«Մարմնավորում եմ Նատալիի կերպարը, ով նույնպես փրկվել է աշխարհի վերջից: Նա փորձում է իր կյանքը կառուցել իր նոր աշխարհում, այսինքն՝ փորձում է ինքնահաստատվել նոր ձևով»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ Նատալիի կերպարը շարունակական բնույթ է կրելու:

Խոսելով կերպարի առանձնահատկություններից՝  Լուիզա Ներսիսյանն ասաց.

««Ռեստարտ 2020»-ում ներգրավված կերպարներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր տեսակով, և Նատալին էլ բացառություն չէ: Այստեղ մի քանի տեսակի մարդ հավաքվել է մի տանիքի տակ, ինչի արդյունքում նրանց միջև սկսվում է խաղ գոյատևելու համար: Ինքս իմ կերպարի առջև նպատակ էի դրել՝ արդյոք նա կկարողանա իր տեղն ու դիրքը հաստատել տվյալ ընտանիքում, թե կուլ կգնա»,- նշեց դերասանուհին:

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ արդյո՞ք սիթքոմում նկարահանվելն իրեն հոգեհարազատ է, Լուիզան նշեց, որ իր համար առաջնայինն իր մարմնավորած կերպարի անելիքն է.

«Ինձ համար նշանակություն չունի ես սիթքոմում եմ նկարահանվում, թե, օրինակ, գեղարվեստական ֆիլմում: Ինձ համար կարևորն այն է, որ ես տեղյակ լինեմ կերպարիս հստակ անելիքներին: Կարծում եմ, որ դերասանին ավելի շատ հենց սա պետք է հետաքրքրի, քան այն, թե նա ինչ ձևաչափում է հանդես գալիս: Եթե կերպարը ցենզուրայից դուրս չէ, եթե դրա մեջ էսթետիկ ինչ-որ մի բան կա, ու դու գիտես կոնկրետ քո անելիքը, այլ հարցեր չեն ծագում: Նաև այս ամենի մեջ շատ կարևոր է ժանրը հասկանալ»,- շարունակեց Լուիզա Ներսիսյանը:

Պատկերացնելով, թե ինքն ինչպես կվարվեր, եթե սիթքոմում տեղի ունեցող իրադարձությունները տեղափոխվեին իրական կյանք, դերասանուհին հստակեցրեց.

«Առաջինը որ կանեի, գուցե կօգտվեի կյանքի ընձեռած բարիքներից, իսկ հետո արդեն կփորձեի գտնել ինչ-որ մեկին: Բայց սրանով հանդերձ՝ շատ կտխրեի, երբ միայնակ մնայի, որովհետև ինձ համար մարդկային շփումից առավել ոչինչ չկա: Առհասարակ, այս կյանքում մենք ինչ անում ենք, անում ենք ինչ-որ մեկի համար: Երբ մարդ միայնակ է մնում, իմաստազրկվում է ամեն բան»,- նշեց Լուիզան:

Այն հարցին, թե բացի «Ռեստարտ 2020»-ից  այս պահին ինչով է զբաղված դերասանուհին, Լուիզա Ներսիսյանը պատմեց, որ հեռուստատեսային որևէ այլ նախագծում այս պահին չի նկարահանվում, բայց շարունակում է հանդես գալ թատերական ներկայացումներում.

«Առջևում դեռ նոր նախագծեր չկան, փոխարենը կան նոր ներկայացումներ: Բացի սրանից, մի քանի օր առաջ եմ վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մեկնել էի Սոս Ջանիբեկյանի հետ: Այնտեղ հանդես եկանք ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ»  ներկայացմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ներկայացումը շատ հետաքրքիր էր առաջին հերթին իր ձևաչափով: Ներկայացման մեջ ընգրկված էին չորս դերասաններ, երկուսը՝ Հայաստանից, այսինքն՝ ես և Սոսը, երկուսը՝ ԱՄՆ-ից՝ Վահիկ Փիրհամզեն և Անահիտ Ավանեսյանը: «Նայիր աչքերիս մեջ»-ի իմաստը կայանում է նրանում, որ երկու հոգի, ովքեր բոլորովին այլ իրականությունից են, գալիս և ներխուժում են մի ընտանիք, ինչից հետո սկսվում է խառնաշփոթ, այսինքն՝ ԱՄՆ-ում ձևավորված ընտանիքի մոդելի մեջ ներթափանցում է հայաստանյան շունչ»,- իր խոսքը եզրափակեց Լուիզա Ներսիսյանը՝ ավելացնելով, որ շատ ուրախ է եղել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ իր համագործակցության համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին