▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Անդրեն, Գարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար: Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ` այս ամենի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով:

«Ես կարող եմ խոսել միայն իմ անունից, քանի որ ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը: Ես ցանկացած մասնակցի, անկախ նրանից, թե ինչ ժանրում է նա ելույթ ունենում, վերաբերվում եմ միանշանակ հարգանքով: «X Factor» նախագիծը մարդիկ մի փոքր այլ կերպ են ընկալում. բացի երգի մրցույթից, այն նաև շոու է, եթերի ժամանցային հաղորդում, դրան պետք է թեթև վերաբերվել: Առհասարակ, ոչ մի մասնակցի ժյուրիի անդամներից և ոչ մեկը չի ծաղրում: Միգուցե, ընթացքում լինում են հումորներ, սակայն դա էլ մեր առօրյան է ուրախ դարձնում: Մասնակիցներ կան, ովքեր իրենք իրենց ասածի վրա են սկսում ծիաղել: Եթերից մարդիկ շատ այլ կերպ են ընկալում այդ ամենը, նմանեցնում են ծաղրանքի, որը բացարձակապես չկա: Ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում:  Ես շատ կուզեի, որ նա անցներ, չնայած որ շատ բաներով հետ էր մյուս մասնակիցներից, ովքեր կրթված են, զարգացած, հարցերին նորմալ պատասխանում են և տարրական էմոցիաներ ունեն, կյանք կա նրանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ 21-րդ դարում կարելի է լինել աշխարհից կտրված, մեր ցանկությունն այն է, որ մարդիկ մի փոքր ակտիվ լինեն: Կապ չունի, թե որտեղից ես եկել, կարելի է այնպես անել, որ տարրական հարցերին կարողանաս պատասխանել: Դրանով արդեն «X Factor» չպետք է զբաղվի, դրանով պետք է սկսեն զբաղվել դեռ դպրոցից: Լինում են մասնակիցներ, ովքեր չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն այս նախագծից: Երբեմն գալիս  են մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց լիարժեք ներկայացնել, ու տպավորություն է ստեղծվում, որ որևէ մեկը ծաղրում է նրան: Այստեղ խնդիրն արդեն կապված է ինտելեկտի հետ: Այն ասեկոսեները, որ եթե գյուղից է մասնակիցը, այլ կերպ ենք վերաբերվում, սխալ է, հակառակը` մենք գյուղից եկածներին ավելի ենք սատարում, փորձում ենք անցկացնել: Քանի որ նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից: Չեմ կարծում, որ ոչ-ի մեջ ինչ-որ վատ բան կա, քանի որ, հավատացեք, որ շատ ավելի տաղանդավոր մարդկանց են ոչ ասում»:

Անդրադառնալով այն փաստին, որ մարդկանց կարծիքով`ժյուրիի անդամները դա արել են ` հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով` Էրիկը նշեց.

«Ես որևէ մեկի ռեյթինգի մասին երբեք չեմ մտածում, առաջին հերթին մտածում եմ այն ամենի մասին, ինչ ունեմ ստեղծած: Ես շատ երկար եմ մտածել նախագծին մասնակցելուց առաջ, ինքս իմ մեջ քննարկել` արդյո՞ք արժե մասնակցել, քանի որ գիտեմ, որ մարդիկ բացասական են վերաբերվում դրան: Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր անիմաստ բաներ են խոսում` անկախ նրանից` դու ինչ-որ բան  լավ ես անում, թե վատ»:

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին