▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե մյուսի շրջապատն ավելի ի զորու էր դա անել... Ինչու ժյուրիից ամենաբարձր միավոր ստացած մասնակիցը դուրս մնաց նախագծից

Արդեն տևական ժամանակ Առաջին ալիքով հեռարձակվող «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը հասցրել է բազմաթիվ քննադատությունների ու քննարկումների կիզակետում հայտնվել: Այս շաբաթ նույնպես բացառություն չեղավ. նախագիծը լքեցին Սյուզաննա Մելքոնյանն ու Իջինը, ինչը հերթական խոսակցությունների առիթ հանդիսացավ: Չնայած արտասահմանյան ժյուրիի բարձր գնահատականներին, այնուամենայնիվ, երգչուհին ստացավ հայ հեռուստադիտողի ձայների նվազագույն քանակը, ինչը շատերի համար կասկածի և զայրույթի պատճառ հանդիսացավ: Asekose.am-ը զրուցել է Սյուզաննայի հետ` միջազգային ժյուրիի և հայ հեռուստադիտողի ձայների զարմանալի տարբերության, մրցակիցների հնարավորությունների և ի սկզբանե որոշված հաղթողի լուրերի մասին:

«Ես շատ տխուր ձևով չեմ հեռացել նախագծից, որովհետև իմ ձեռքբերումները սպավածից ավելի շատ էին: Շնորհակալ եմ միջազգային ժյուրիին, քանի որ սա շատ մեծ գնահատական է ինձ համար, մանավանդ որ ես չունեմ երաժշտական կրթություն: Իսկ ինչ վերաբերում է հեռուստադիտողի քվեարկությանը, պետք է ասեմ, որ միշտ էլ նման խնդիրներ եղել են: Չեմ կարող ասել արդար էր, թե ոչ` անձնական պատճառներից ելնելով: Ես չեմ կարող ասել, որ մարդիկ չեն քվեարկել, միգուցե սոցիալական վիճակի պատճառով չեն կարողացել հասանելի դարձնել իրենց ձայնը, միգուցե մյուսին ավելի հասանելի էին դարձրել քվերակությունը, միգուցե մյուսի շրջապատն ավելի ի զորու էր դա անել, քան օրինակ այն մարդիկ, ովքեր ինձ էին տեսնում: Ասեմ ավելին` այնքան նամակներ եմ ստացել որ ֆիզիկապես չեմ հասցրել պատասխանել բոլորին: Ասում են, որ ցավում են, խորհուրդ են տալիս չթողնել երգը: Ես այս պահին վայելում եմ հանրության սերը»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Սյուզաննան:

Անդրադառնալով այն ասեկոսեներին, որոնց համաձայն` նախագիծը հատուկ բեմադրվել է  ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկի համար, ով  հայ հեռուստադիտողին  հայտնի է  «Голос» նախագծից, մեր զրուցակիցը նշեց.

«Ես եղել եմ այն եզակի մասնակիցներից, ով գնացել ու պարզապես իր ուժերն է փորձել այդ մրցույթում: Ամեն ինչ շատ անկանխատեսելի է: Իսկ ինչ վերաբերում է Արծվիկին, ասեմ, որ մենք շատ լավ ընկերներ ենք, ու նա հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է այդ մրցույթին»:

Սյուզաննան մեզ հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաև նախագծից դուրս մնացած Իջինի և արդեն եզրափակչում հայտնված Մարթայի ու Արծվիկի հնարավորություններին:

«Ես չեմ ցանկանա որևէ մեկին նեղացնել, սակայն ես Արծվիկին եմ տեսնում եվրատեսիլյան բեմում: Մարթան ունի յուրահատուկ ոճ, տեմբր, սակայն իմ կարծիքով` դա այնքան էլ բավարար չէ եվրատեսիլյան բեմում ներկայանալու համար:  Իսկ ինչ վերաբերում է Իջինին, պետք է ասեմ, որ այդքան աշխատասեր մարդ, ինչպիսին Իջինն է, շատ քիչ եմ հանդիպել իմ գործընկերների մեջ: Զուտ որպես կոլեգա կարող եմ ասել, որ ձայնի հետ կապված շատ աշխատելու տեղ ունի, բայց ես նրան հարգում եմ իր աշխատասիրության համար, այդպիսի շոուներ ստանալն էլ է շատ բարդ, իրեն ուղղակի բրավո:Սակայն կարծում եմ, որ այդ տեսակ կերպար ունենալն էլ շատ քիչ է Եվրատեսիլի համար: Ես էլ հզոր ձայնի հետ մեկտեղ պետք է աշխատեի իմ կերպարի վրա: Յուրաքանչյուրս ուներ որոշակի խնդիր, բայց ձայնն ամենակարևորն է, որ երգիչը պետք է ունենա այս տեսակ մրցույթներում: Բոլոր պայմանները` կերպարը,  հագուստը, աքսեսուրաները, դիմահարդարումը լուծվող հարցեր են, բայց ձայնը ամենակարևորն է, որը չես կարող ստանալ, եթե ներսումդ չկա»,- Aseksoe.am-ի հետ զրույցում նշեց Սյուզաննա Մելքոնյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին