▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ օրում կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս. Անժելա Սարգսյան

 

Օրեր առաջ դերասանուհի Անժելա Սարգսյանը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Asekose.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ անակնկալները սկսվել էին դեռ գիշերվանից.

«Երեկոյան աշխատանքի էի, իսկ երբ ավարտեցի, ընկերուհիներս ինձ հրավիրեցին մի վայր, ուր նախապես հավաքվել էին` այդպիսով ինձ անակնկալ անելով: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հաջորդ օրը, երբ 5 ընկերուհիներով միասին նշեցինք ծնունդս»: Անժելայի խոսքով, բնականաբար, ծննդյան տորթը փչելիս երազանք է պահել, որը, հույս ունի, որ կիրականանա 2017 թվականին, սակայն այդ մասին կխոսի միայն դրա իրականացումից հետո:

Ամանորին հաշված օրեր են մնացել, և այս առիթով Անժելա Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսեց, թե ինչպես է պատրաստվում նշել տոները.

«Կարծում եմ, որ ամանորյա գիշերն աշխատելու եմ, թեպետ դեռ բանակցային փուլում եմ: Հանդես կգամ որպես հաղորդավարուհի, սակայն աղջիկս` Եվան, անպայման հետս կլինի: Մինչև հունվարի 6-ը ես և Եվան միասին կլինենք, որովհետև ավելի ուշ ես, միգուցե, արդեն Երևանից բացակայեմ` կրկին աշխատանքի բերումով: Այդ պատճառով կաշխատեմ տոնական օրերին հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դստերս հետ: Սակայն չեմ կարող ասել, թե ուր եմ մեկնելու, որովհետև դա էլ է անակնկալ»:

Ամփոփելով 2016 թվականը` Անժելա Սարգսյանը նշեց հետևյալը.

«Եթե խոսեմ ձեռքբերումներից, ապա աշխատանքային առումով չեմ կարող ասել, որ դրանք շատ էին, բայց լավ գործեր ունեցել եմ: Առհասարակ, բուռն տարի է եղել ինձ համար, շատ բեղմնավոր, շատ եմ աշխատել: Սակայն ավելի շատ կցանկանամ առանձնացնել Եվայիս, քանի որ երջանիկ մայր եմ ես: Ինքնուրույն սովորող է, ամեն ծնողական ժողովին Մուրադի դեմքով  նստում եմ (ծիծաղում է): Ես իսկապես շատ երջանիկ մայր եմ և դրա համար Եվային շատ շնորհակալ եմ: Իսկ աշխատող ծնողի համար ամենամեծ երջանկությունն է, որ երեխան տուն է գալիս` դասերն ամբողջությամբ պատրաստած, իսկ մնացած ժամանակը միասին վայելում ենք: Ինչ վերաբերում  է կորուստներին, ապա այս տարի, փառք Աստծո, դրանք չեն եղել, իսկ դժվարություններ, եթե նույնիսկ եղել են, հարթվել և գնացել են: 2016-ը լավ տարի էր, բեղմնավոր էր, ևս մեկ` թեկուզ փոքր քայլ առաջ գնալու տարի էր, կարևորը հետ չեմ գնացել: Հարազատներս առողջ են, մարդկային կորոստներ չեմ ունեցել, հույս ունեմ, որ 2017-ն էլ այսպիսին կլինի»:

Իսկ այն դիտարկմանը` արդյո՞ք հնարավոր է 2017-ին իրականացնի իր վաղեմի երազանքը և որդի ունենա, Անժելա Սարգսյանը նախ ժպտաց, ապա ասաց հետևյալը.

«Ամեն բան էլ հնարավոր է, որովհետև մեկ օրում կյանքը կարող է այնպես փոխվել, որ ինքդ էլ չհավատաս: Ես հավատում  եմ հրաշքների, իսկ իմ Աստվածը հրաշքներն իրականացնում է: Ինձ համար անհնարին ոչինչ չկա, ես գիտեմ, որ ամեն ինչ կարող է լինել կյանքում, պարզապես հավատալ է պետք»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Հետ նայելով` կարող եմ ասել, որ կյանքի քննությունը պատվով եմ անցել. Անժելա Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին