▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը կավարտվի Հ1-ի թատրոնն ու Եվրատեսիլ կգնա...

Վաղը կավարտվի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որը կլինի ոչ թե ժովովրդական ընտրության արդյունք, այլ ժողովրդական խաբկանքի հետևանք:

Անցած ամիսներին նախագծից դուրս մնացին այնպիսի վառ դեմքեր ու տաղանդավոր կատարողներ, որոնք  միանգամից արժանացել էին հեռուստադիտողների համակրանքին:

Արդյունքում վերջնական ընտրությունը կայացվելու է երկուսի՝ Արծվիկ Հարությունյանի և Մարտա Կիրակոսյանի միջև:

Ըստ ասեկոսեների՝ երկուսի համար էլ ի սկզբանե բարեխոսվել է՝ մեկը՝ նախագահական նստավայրից, մյուսը՝ Երգի պետական թատրոնից, որի ղեկավար Արթուր Գրիգորյանի սանն է եղել Մարտան:   

«Թատրոնի» սցենարն էլ  ինչպես գրվել է, այնպես էլ իրականացվել է՝ նախագծի վերջում մնալու են Արծվիկն ու Մարտան, սակայն ժյուրիի վերջնական քվեարկության արդյունքում  հաղթելու է Մոսկվայից ժամանած մեր հայրենակցուհին, ով էլ Հայաստանը ներկայացնելու է Եվրատեսիլ-2017-ին:

Սակայն գեղեցկուհի Մարտայի համակիրները հեռուստադիտողների շրջանում զգալի շատ են և ինքը՝ երգչուհին էլ կարողացել է  խորամանկորեն շահել համացանցի օգտատերերի սերն ու նրանց SMS  քվեարկությունների արդյունքում միշտ եղել է  առաջատար՝ դժգոհության ալիք բարձրացնելով ժյուրիի հակառակ քվեարկության առիթով, ինչը հատկապես զգացվեց երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ:

Այնպես որ, «Դեպի Եվրատեսիլ»-ի ժյուրին ու Հանրայինի ղեկավարությունը ծանր դրության մեջ են  հայտնվել, քանի որ, ընտրելով Արծվիկին, սակայն դեմ դուրս գալով Մարտայի համար քվեարկած հեռուստադիտողների բանակին՝ իրենց համար ապահովելու են քննադատությունների բուռն  ալիք:

Սակայն սցենարից շեղվողները հնարավոր է ավելի բարդ վիճակում հայտնվեն, այնպես որ, սիրելի հայրենակիցներ, Հ1-ի հերթական թատրոնի տխուր ավարտի վրա նյարդեր արժե՞  արդյոք փչացնել:

Ի դեպ, «հայրենակիցների» մասին. Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը պրոմո տեսահոլովակ է պատրաստել՝ ծնունդով կապանցի Արծվիկ Հարությունյանի երկրպագուների և ոչ միայն նրանց համար՝ բոլորին կոչ անելով քվեարկել իրենց «հայրենակցի» օգտին... Մեր գործընկերները , կարծես, մոռացել են «համաքաղաքացի» բառը...

Հեղինակ՝ Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին