▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Վարդան Սարգսյանը պատրաստվում նկարահանել Տապասիային` առանց նրա պահանջած 48.000 դոլարի

Asekose.am-ը զրուցել է երգիչ Վարդան Սարգսյանի հետ «Տնից հեռու» հաղորդաշարի, «Մերժվածը» սերիալի դերասանուհու` 30 րոպե նկարահանվելու դիմաց 48.000 դոլար պահանջելու, նրան ամեն կերպ նկարահանելու Վարդանի մտադրության և երգչի նոր բիզնեսի մասին:

-Վարդան, տևական ժամանակ է, ինչ Դուք «Տնից հեռու» հաղորդաշարի շրջանակներում ճամփորդում եք և ներկայացնում տարբեր երկրների ինչպես տեսարժան, այնպես էլ չբացահայտված գաղտնինքերը: Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ նկարահանումների ընթացքում հաճախ եք վտանգավոր և տհաճ իրավիճակներում հայտնվում: Ո՞ր դեպքն է առավել շատ տպավորվել Ձեր հիշողության մեջ: Ո՞ր իրավիճակը ստիպեց Ձեզ մտածել, որ դա կարող է Ձեր վեջին նկարահանումը լինել:

-Այո, նման պահեր լինում են յուրաքանչյուր երկրում: Վտանգավոր պահերն անխուսափելի են, չնայած` կարծում եմ, որ ամենավտանգավոր ճանապարհորդությունները առջևում են, որովհետև այն երկրները, որոնք ես պլանավորում եմ նկարահանել, ուղղակի ռեալ չեն շատերի համար, բայց` ոչ ինձ համար: Ամենավտանգավորից բացի կցանկանայի խոսել նաև ամենաբարդ նկարահանումների մասին. խոսքս Հնդկաստանի Վարանասի անունով քաղաքի մասին է , որտեղ ես նկարահնում էի` ինչպես են այրում մահացած մարդկանց: Դա սարսափելի էր և վտանգավոր, քանի որ նման վայրերում թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել, անգամ` բջջային հեռախոսներով: Բայց ես գտա բոլոր միջոցները և թույլտվություն ստացա, բայց այդ պահերը երբեք չեմ մոռանա, երբ առջևդ վառում են մարդկանց դիակները: Դա անբացատրելի է և փոխում է մտածելակերպդ և վերաբերմունքդ կյանքի նկատմամբ:

- Երբեմն այնպիսի տեսարաններ են հանդիպում, որ հեռուստադիտողներին թվում է, թե այդ ամենը բեմադրած է: Ի՞նչ եք կարծում` ինչու՞ է նման տպավորություն ստեղծվում:

Բնականաբար, կան վայրեր, որտեղ մենք նախապես պայմանավորվում ենք նկարահանումներ կատարելու համար, որովհետև եթե առանց զգուշացնելու հայտնվենք  ու սկսենք նկարահանել, մեզ կսպանեն: Ինչ վերաբերում է բեմադրության, նման պահերը քիչ են, ամեն բան կատարվում է ռեալ, ես նույնիսկ հարցերը նախապես չեմ մշակում, որոնք պետք է տամ այս կամ այն մարդուն, ամեն բան տեղում է լինում:

- Ձեր ուղևորությունների ընթացքում հասցնում եք նոր ծանոթություններ հաստատել նաև հայտնի մարդկանց հետ: Արդյո՞ք այդ շփումները հետագայում ինչ-որ ձևով շարունակվում են:

-Անպայման շարունակվում են: Ես ինքն այնպիսի մարդ եմ, որ ինձ հետ ծանոթանալուց հետո մարդկանց մոտ ցանկություն է առաջանում շարունակել շփումը: Դա գալիս է իմ էներգիայից, որը շատ մեծ է: Եվ հետո, ես իմ աշխատանքին մոտենում եմ շատ մեծ ուշադրությամբ, օրինակ` եթե նկարահանման ժամանակ խոստանում եմ հետո ուղարկել նյութը տվյալ մարդուն, անպայման կատարում եմ խոստումս: Շատ հայտնի մարդկանց հետ եմ ծանոթանում, որոնց հետ հետագայում պարտադիր պահում եմ կապը: Յուրաքանչյուրին հրավիրում եմ Հայաստան` տեսնելու նաև մեր հրաշք երկիրը:

-Վարդան, օրերս համացանցում լայն տարածում գտավ Ձեր հրապարակումն այն մասին, որ հնդկական սերիալներից հայտնի դերասանուհի Ռաշամի Դեսան 30 րոպե նկարահանման համար Ձեզանից 48.000 դոլար է պահանջել: Արդյո՞ք նման դեպքեր հաճախակի են լինում: Ձեր կարծիքով` այդ աստղերը իրենց գերագնահատու՞մ են , թե իրենց երկրում նրանք իսկապես ունեն այդ կարգավիճակը:

-Ընդհանրապես նման դեպքեր շատ են լինում: Երբ լսում են հեռուստատեսություն բառը, մարդիկ իրենց համեմատում են օրինակ` Travel Channel-ի կամ այլ համաշխարհային ալիքների աստղերի հետ: Անգամ վայրի ցեղերն են իրենց նման ձև պահում, որոնք կարծես թե գումարի կարիք չունեն, որովհետև անհասկանալի է է որտեղ են նրանք ծախսում այդ գումարները: Իսկ ինչ վերաբերում է այդ դերասանուհուն, որին ես անկեղծ չեմ ճանաչում, կարծում եմ, որ նրա ասած թիվը աննոռմալ էր: Ես չեմ կարծում, որ նա այդ աստիճան կայացած դերասանուհի է: Չէ՞ որ նկարահանվել որևէ սերիալում, չի նշանակում լավ դերասանուհի լինել. այդ ամենը հարկավոր է տարիների ընթացքում վաստակել: Եթե ինձանից այդ գումարը պահանջեր լեգենդար Միթուն Չակրոբորտին` նույն ինքը Ջիմմին, ես կհասկանայի (ժպտում է), բայց սա այդ դեպքը չէ: Հիմա որոշել եմ ամեն գնով նկարահանել նրան, բայց առանց այդ 48.000 դոլարի:

-Իսկ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արդեն ձեռնարկե՞լ եք:

-Իհարկե, ես միշտ աշխատանքային  պրոցեսի  մեջ եմ: Նույնիսկ քնած ժամանակ եմ երազումս նկարահնումներ անում, հաճախ արթնանում եմ և գրումայն, ինչ գիշերը տեսել եմ: Ես իմ աշխատանքի և ճանապարհորդությունների երկրպագու եմ:

-Վարդան, որոշ ժամանակ առաջ հաղորոդումներից մեկի ժամանակ նշել էիք, որ տևական դադարից հետո պատրաստվում եք տեսահոլովակ նկարահանել և ներկայացնել հեռուստադիտողների դատին, սակայն դրանից բավական ժամանակ է անցել, սակայն դեռ տեսահոլովակը չկա: Ի՞նչ է պատճառը` արդյո՞ք զբաղվածությունն է խանգարում, թե այս պահին Ձեզ ավելի հարմար եք զգում «Տնից հեռու» հաղորդաշարի շրջանակներում:

-Երգն արդեն կա, պլաններ` ևս, սակայն ամեն բան հետաձգվեց իմ հերթական մտքի պատճառով: Ես հասկացա, որ մարդիկ շատ են ցանկանում ինձ հետ ճանապարհորդել: Ուստի ես որոշեցի բացել իմ տուրիստական գործակալությունը: Մոտ 20 օրից այն կգործի: Ամեն բան արդեն պատրաստ է, առաջին թիմային ճանապարհորդությունը կազմակերպվում է դեպի Հնդկաստան մարտ ամսին, բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ: Միայն այս պատճառով հետաձգվեցին տեսահոլովակի աշխատանքները:

-Վարդան, այսօր բազմաթիվ տուրիստական գործակալություններ կան, ինչո՞վ է առանձնանալու Ձերը: Ինչ-որ հատուկ քայլեր ձեռնարկու՞մ եք այդ ուղղությամբ: Ձեր կարծիքով` Ձեր հայտնիությունը կարո՞ղ է նպաստել գործի զարգացմանը:

-Նախ` մարդիկ արդեն համոզվել են, որ ինձ հետ կարելի է ճանապարհորդել` վստահ լինելով, որ ինձ պես այս կամ այն երկիրն իրենց ոչ ոք ցույց չի տա: Երկրորդը` մեր կազմակերպված ճամփորդությունների ժամանակ ես նույնպես մեկնում եմ այդ թիմի հետ: Մենք կունենանք նաև ամենամտչելի գները Հայաստանում` դրան գումարած անվճար առաքում ցանկացած վայր և ապառիկ գնումներ: Այս ամենով արդեն տարբերվում եմ:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին