▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան լուրջ չէին վերաբերվել. ինչպես 10 տարի անց Քրիստինե Պեպելյանն իրականացրեց անծանոթ աղջկա երազանքը

 

Օրեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց իր նոր՝ «Հավատա» երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորը մոսկվայաբնակ Զառա Նազարյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ զրուցելու տեսահոլովակի ստեղծման, երգի պատմության և այլ մանրամասների մասին:

«Երգի հեղինակը՝ Ժակլին Թադևոսյանը, այս երգը գրել է շատ վաղուց, ավելի կոնկրետ այն ժամանակ, երբ նա ընդամենը 14 տարեկան է եղել: Երգը գրելուց նա հենց ի սկզբանե պատկերացրել է ինձ, պատկերացրել է, որ ես պետք է երգեմ այն: Եվ այդ ժամանակ ինձ իր հետ ծանոթացնելու համար Ժակլինը դիմել է իր քեռուն, ով աշխատում էր «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում, բայց քանի որ նա այդ ժամանակ դեռ փոքր էր, քեռին նրան լուրջ չի վերաբերվել: Եվ հենց այս պատճառով էլ 10 տարի առաջ այդ երգն ինձ ոչ ոք ցույց չտվեց»,- պատմեց Քրիստինե Պեպելյանը:

Ինչպես նշեց երգչուհին՝ երգին «ծանոթանալու» հարցում իրեն օգնել է ընկերուհին՝ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը.

«Որոշ ժամանակ առաջ Սոֆյան ինձ զանգահարեց և ասաց, որ մի շատ լավ աղջիկ է ճանաչում, ով ունի շատ հետաքրքիր մի երգ և ցանկություն ունի, որպեսզի այդ երգը կատարեմ հենց ես: Այդպես, մենք ծանոթացանք, ես լսեցի «Հավատա»-ն», և դրա առաջին իսկ հնչյուններից շատ սիրեցի այն»,- նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ իր համար այդքան էլ նշանակություն չունի, թե նա աշխատում է այս ոլորտում տարիների փորձ ունեցող մադու հետ, թե՝ ոչ.

«Բնականաբար, բոլորիս էլ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ, սակայն կան բացառություններ: Այս աշխարհն առաջ է շարժվում հենց այդ բացառություններով: Ի վերջո՝ բոլորս էլ մի օր սկսել ենք ինչ-որ մի բանից: Ինձ համար հատուկ նպատակ չկա երգել միայն պրոֆեսիոնալների երգերը, թեպետ Ժակլինն ինքն իրենով պրոֆեսիոնալ է, բավական երաժշտական աղջիկ է»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ այս երգը ընկերուհու՝ Սոֆյայի նվերն է իրեն:

Ինչ վերաբերում է տեսահոլովակին, Քրիստինեն պատմեց, որ այն նկարահանվել է Մոսկվայում, և հենց ի սկզբանե որոշված է եղել, որ դրա ռեժիսորը պետք է լինի Զառա Նազարյանը.

«Զառայի հետ առաջին անգամ էինք աշխատում, թեև ելնելով նրանից, որ տեսահոլովակում չկամ, կատակով ասում եմ նրան, որ անգամ չգիտեմ՝ մենք միասին աշխատեցինք, թե՝ ոչ: Տեսահոլովակը սյուժետային առումով շատ հագեցած է, այն ասելիք ունի: Այստեղ կան հարցեր և պատասխաններ, այսինքն՝ տեսահոլովակում ներկայացվում են իրավիճակներ, կյանքի դժվարություններ, որոնք, այնուամենայնիվ, ունենում են իրենց լուծումները»,- նշեց Քրիստինեն՝ անդրադառնալով նաև իր՝ տեսահոլովակում չնկարահանվելու փաստին.

«Չունեինք նպատակ, որպեսզի ինձ արհեստականորեն ներգրավեինք տեսահոլովակում, քանի որ ես եթե ես նկարահանվեի տեսահոլովակում, ստիպված կլինեինք իմ մասնակցությամբ կադրերը փոխարինեինք մեկ այլ կադրերի հետ, իսկ այդ դեպքում սյուժետային գիծը կտուժեր: Եվ վերջապես, ինձ համար ինքնանպատակ չէ, որ ես բոլոր իմ տեսահոլովակներում հայտնվեմ»,- մանրամասնեց Քրսիտինեն, ապա ավելացրեց.

«Եթե նայենք մեկ այլ տեսանկյունից, ապա չեմ կարծում եմ, որ ես չկամ տեսահոլովակում. եթե այնտեղ հնչում է իմ ձայնը, նշանակում է կա նաև իմ դեմքը, չէ որ իմ դեպքը հենց իմ ձայնն է, մարդիկ ինձ իմ ձայնով են ճանաչում: Չեմ կարծում, որ «Հավատա»-ն» որևէ մեկին երկար մտածելու առիթ է տվել, թե ով է երգում երգը, որ չկա տեսահոլովակում: Հույս ունեմ, որ մարդիկ անմիջապես ճանաչել են իմ ձայնը: Այնպես որ, տեսահոլովակում երևալն ինձ համար ինքնանպատակ չէր, և եթե չեմ սխալվում՝ մեր իրականության մեջ նման համարձակ տեսահոլովակ դեռ չէր եղել»,- ժպիտով հավելեց երգչուհին:

Զրույցի ընթացքում վերջինս տեղեկացրեց, որ այս պահին մոնտաժային աշխատանքների փուլում է գտնվում իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է մարտ ամսին Փարիզում: Տեսահոլովակը նկարահանվել է «Կամաց-կամաց» երգի հիման վրա, որը կրկին լիրիկական է. երգի պրեմիերան կկայանա որոշ ժամանակ հետո:

Քրիստինեն անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը, որի ընթացքում նա արժանացել է «Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» մրցանակին: Նրա խոսքով՝ այս փաստն իր համար շատ հաճելի անակնկալ է եղել.

««Տարվա լավագույն լիրիկական երգչուհի»-ն լավագույն լուծումն էր, որ կարող էին ինձ համար մտածել: Սա անակնկալ էր ինձ համար: Ես հատուկ որևէ մեկին չէի հարցնում իմ մրցանակի մասին, որովհետև ինձ հետաքրքիր էր, թե ինչ պետք է լինի, և հետո ասեմ, որ անվանակարգը ոչինչ չէր փոխելու ինձ մոտ, այնպես չէր, որ հատուկ մրցանակի համար էի մեկնում Փարիզ, ցանկացած պարագայում ես ներկա էի գտնվելու տվյալ մրցանակաբաշխությանը: Այսինքն՝ չկար նպատակ, որ ես միայն այս կամ այն անվանակարգի դեպքում պետք է մասնակցեի «Armenian Europe Music Awards Paris 2017»-ին»,- մեզ հետ զրույցում եզրափակեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին